Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բոլոր կողմերը փորձում են դատական իշխանությունը քաշել իրենց կողմը. Ռուբեն Վարդազարյան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 01,2020 10:12

Երեկ Նիկոլ Փաշինյանն իր մոտ էր հրավիրել իրավապահներին․ ՀՀ գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախագահ, ՀՔԾ պետ, Բարձրագույն դատական խորհրդի 4 անդամներ, վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադեւոսյան, վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդեւյան, Երեւանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյան։ Հանդիպումն ընկալվեց որպես Փաշինյանի կողմից դատական իշխանության նկատմամբ հերթական ճնշում գործադրելու փորձ, մանավանդ փորձ էր արվել քննարկել առանձին քրեական գործեր, սակայն որոշ դատավորներ դիմադրել էին՝ ասելով, որ սա միջամտություն է իրենց գործունեությանը, իրենք չեն կարող նման քննարկման մասնակցել։

Հանդիպումից հետո տեղեկացանք, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին հրավեր չի ուղարկվել, իսկ որոշ անդամներ հրաժարվել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: Նրանք նշել են, թե վարչապետի հետ նման եղանակով հանդիպումը, որին մասնակցում են նաեւ ՀՀ գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի նախագահը, ՀՔԾ պետը, հակասում է ԲԴԽ-ի սահմանադրական կարգավիճակին եւ հակաօրինական է։ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը երեկ մեր հարցին, թե ինչու չի մասնակցել այդ հանդիպմանը, հրավե՞ր չի եղել, թե՞ հրավիրել են՝ չի ցանկացել գնալ, ասաց․ «Առանց մեկնաբանության»։

– Դուք հայտարարություն տարածեցիք՝ ուղղված դատավորներին։ Զգացվում էր, որ մտահոգություններ ունեք։

– Դուք իմ հայտարարության տեքստը նայե՞լ եք, էդ, որ ասում եք «վնգստացող դատավորների» վերաբերյալ։ Ես ընդամենը ասել եմ, որ էսօր էն օրն ա, որ մենք պետք ա պատասխանենք՝ մենք վնգստացող դատական իշխանությո՞ւն ենք, վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ ոչ։ Մնացածը ընդամենը կոչ է եղել բոլոր դատավորներին եւ դաշտում բոլոր խաղացողներին, որ չմիջամտեն դատական իշխանության գործառույթներին, արդարադատական պրոցեսին՝ ո՛չ քաղաքական իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ ՀԿ-ները, ո՛չ քաղաքացիական հասարակությունը, ասել եմ, որ եթե միջամտություն տեսնեմ, խստագույնս կարձագանքեմ։

– Բայց ի՞նչը Ձեզ ստիպեց նման հայտարարություն տարածել։ Միջամտության միտումնե՞ր էիք նկատել։

– Իհարկե։ Ես սոցիալական հարթակներում, մամուլում տեսնում եմ, որ բոլոր կողմերը փորձում են դատական իշխանությունը քաշել իրենց կողմը։ Ե՛վ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը, ե՛ւ քաղհասարակությունը, ե՛ւ հասարակական կառույցները՝ տարբեր տեսակի։ Բոլորը փորձում են դատական իշխանությանը ներգրավել քաղաքականության մեջ։ Ես ընդամենը դատավորներին կոչ արեցի, որ ոչ մի պարագայում չքաղաքականանալ։

– Դատավորների, ԲԴԽ անդամների կողմից արձագանքներ եղե՞լ են Ձեր հայտարարությանը։

– Համենայնդեպս, դատական իշխանությունում ես բացասական արձագանք չեմ տեսել։ Ինձ, համենայնդեպս, հայտնի չէ։ Եթե նույնիսկ կան մարդիկ, որ բացասական վերաբերմունք ունեն, դա չեն բարձրաձայնել ինձ մոտ։

– ԲԴԽ անդամներից ովքե՞ր են մասնակցել։

– Մասնակցել է 4 անդամ՝ Անի Մխիթարյանը, Սերգեյ Չիչոյանը, Վիգեն Քոչարյանը, Լիպարիտ Մելիքջանյանը։

– Դուք ինչպե՞ս եք գնահատում նրանց մասնակցությունը։

– Չեմ մեկնաբանում։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031