Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մինչև հստակ պատկերացումներ չունենանք հարևանի հետ համագործակցության, դրա մասին պետք չէ բարձրագոչ հայտարարություններ անել: Իսկ Ադրբեջանն ուզո՞ւմ է մեզ հետ առևտուր անել». Աշոտ Մարկոսյան. «Ժամանակ»

Դեկտեմբեր 01,2020 10:27

Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը երկարաժամկետ ծրագրերում մեր հակառակորդի հետ սահմանները բացելու հնարավորություն է տեսնում: «Իհարկե, տնտեսության համար բաց սահմանները շատ լավ են, քանի որ մրցակցության արդյունքում ավելի լավ ապրանքներ են ստեղծվում, այսինքն՝ մեր տնտեսությունը կարող ենք դարձնել աշխարհի մակարդակին հավասար։ Այսինքն՝ եթե մեզ մոտ էժան և որակյալ ապրանքներ են ներմուծվում, ապա մեր տեղական արտադրողը ստիպված է ավելի լավը դառնալ։ Բայց հունվարի 1-ից արգելվելու է թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, այդ որոշումն ընդունվել է պատերազմի ժամանակ, նախորդ նախարարի օրոք, և արդյունքում ազատվելու է 200 մլն դոլարանոց շուկա Հայաստանում։ Ես կոչ եմ անում վերցնել այդ ցուցակը և այնպես անել, որ հունվարի 1-ից մեր խանութներում թուրքականի փոխարեն հայտնվեն հայկական ապրանքները»,- նախօրեին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել էր նախարարը։

Ինչ վերաբերում է երկարաժամկետ ծրագրին, ապա Վահան Քերոբյանն ասել է, որ դա սահմանների բացումն է. «Սահմանների բացումը լայն հնարավորություն է ընձեռելու. մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան և այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում։ Բացվելու են թուրքական նավահանգիստները, և ընձեռվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար, և պետք են գալու մարդիկ, որ կարողանան օգտվել դրանից»,- ասել է Քերոբյանը։

Տնտեսագետ Աշոտ Մարկոսյանն «Ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով էկոնոմիկայի նոր նախարարի դիտարկումներին՝ նշեց. «Ես հեռու եմ այն մտքից, որ մենք հարյուրավոր տարիներ պետք է թշնամիներ ունենանք։ Ես կողմ եմ, որ մենք գնանք առևտուր անենք, օգտվենք այդ պետության տարածքից, որը տնտեսության մեջ կոչվում է բացարձակ առավելություն, օգտվենք համեմատական առավելություններից, բայց դրա համար ժամանակ է պետք։ Հետևաբար ես ինքս ձեռնպահ կմնայի այս պահին խոսել նման ծրագրերի մասին, քանի որ ռիսկերը, անորոշությունները շատ են։ Պետք չէ մոռանալ, որ մենք տարածքային կորուստներ ենք ունեցել, սահմանների հետ կապված հստակություն չկա։ Մինչև մենք հստակ պատկերացումներ չունենանք հարևանի հետ համագործակցության, դրա մասին պետք չէ բարձրագոչ հայտարարություններ անել։ Իսկ Ադրբեջանն ուզո՞ւմ է մեզ հետ առևտուր անել։ Տնտեսությունը չի կարող կառուցվել ենթադրությունների վրա։ Իսկ եթե մենք ուզում ենք նման ծրագրեր կազմել, պետք է իրատեսական լինել և գնահատել ճիշտ ռիսկերը»,- ընդգծեց տնտեսագետը։

Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանն էլ «Ժամանակ»-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել նորանշանակ նախարարի ասածները։ «Նախ թող Հայաստանի սահմանները փակեն, հստակեցնեն սահմանները, տիրություն անեն հայկական սահմաններին, նոր խոսեն ու մտածեն այլ սահմաններ բացելու մասին։ Ես գտնում եմ, որ ժամանակից շուտ է նման բաների մասին խոսելը։ Ինձ համար անընդունելի են այդ մեկնաբանությունները»,- ասաց Մխչյանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031