Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է աշխատանք գերության մեջ հայտնված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Փոխարենը, ՀՀ կառավարությունում նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված այլ թեմայով քրեական վարույթների քննությանը. ՄԻՊ

Դեկտեմբեր 01,2020 09:30

Երեկ ուշ երեկոյան Մարդու իրավունքների պաշտպանն ավարտել է պատերազմի ընթացքում մեր գերիների՝ զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ ապացույցների հետազոտման ու իրավական ձևակերպումների հերթական փուլը:

Ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու դաժանությունները, անմարդկային վերաբերմունքը մեծ ծավալի են, առկա են պատերազմական հանցագործությունների ակնհայտ հատկանիշներ՝ էթնիկ ատելության շարժառիթներով:

Կատարված են ծանրագույն պատերազմական հանցագործություններ, որոնց վերաբերյալ ապացույցների ամրագրումը, ադրբեջանական իշխանություններին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքերի ամրապնդումը խիստ հրատապ է:

Պետք է ցույց տալ, թե, օրինակ, այդքան ծավալի դեպքերից քանի ադրբեջանցի զինվորականի ինքնություն է պարզվել (մանավանդ նրանցից շատերը տեսանյութերում ու լուսանկարներում բաց դեմքով են) կամ ինչ է արվել նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ, քանի ադրբեջանցի զինվորականի նկատմամբ է հետախուզում հայտարարվել, ադրբեջանական իշխանության մարմիններից կոնկրետ ով ինչ հանցանք է կատարել, նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկված:

ՀՀ կառավարությունն այս կարևոր ուղերձները պետք է հղի ինչպես մեր հանրությանը, որի համար այս հարցերը կարևոր առաջնահերթություն են, այնպես էլ միջազգային հանրությանն ու հենց Ադրբեջանի իշխանություններին:

Ադրբեջանի իշխանության մարմինները պետք է հասկանան, որ չեն մնալու անպատիժ մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումների, պատերազմական հանցանքների, հայատյացության համակարգված քարոզի ու ցեղասպան քաղաքականության համար: Անհրաժեշտ է ցույց տալ, որ այդ նպատակի համար մեր երկրում ձեռնարկվում են բոլոր ջանքերը:

Անպատժելիությունը առաջ է բերելու նոր վայրագություններ ու խոշտանգումներ:
Մենք չպետք է դա թույլ տանք. թանկ են ամեն օրն ու ժամը:

Նշված հարցերում ՀՀ գործադիր իշխանությունն իր մարմիններով ունի սկզբունքային դերակատարություն:
Անհրաժեշտ է համակարգված ու նպատակային աշխատանք գերության մեջ հայտնված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Այս հարցերը պետք է լինեն բոլորիս բացառիկ գերակայությունների թվում, յուրաքանչյուրի մասնագիտական ներուժը պետք է առաջնահերթ ծառայեցվի հենց այդ նպատակներին:

Փոխարենը, ՀՀ կառավարությունում նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված այլ թեմայով քրեական վարույթների քննությանն ու կոնկրետ անձանց նկատմամբ քրեական հետապնդումների, նրանց կալանավորումների կամ կալանավորումներից ազատ արձակելու հարցերին:

Անընդունելի ենք համարում հատկապես մի շարք դատավորների ու Բարձրագույն դատական խորհրդի մի շարք անդամների մասնակցությունն այդ քննարկմանը: Նման ուղղվածությամբ քննարկումները վտանգում են դատական իշխանության անկախությունն ու հեղինակությունը:

Դատարանները կոչված են երաշխավորելու մարդու անձնական ազատության, արդար դատաքննության ու մյուս իրավունքների պաշտպանության անխափան ապահովումը: Այս խնդիրը նրանք կարող են արդյունավետ լուծել միայն արտաքին ու ներքին անկախության երաշխիքների լիարժեք գործողության ու այդ անկախության երևալը (appearance) լիարժեք ապահովելու պայմաններում:

Հ.Գ. ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների ամրագրման, մեր գերիների իրավունքների պաշտպանության հարցերում այս օրերին համատեղ սերտ աշխատում ենք իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանի (Siranush Sahakyan) ու Արտակ Զեյնալյանի (Artak Zeynalyan), Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի (Artak Beglaryan), ինչպես նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի (Yeghishe Kirakosyan) հետ: Այս հարցերով համագործակցում ենք նաև ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ու ՀՀ դատախազության հետ:

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031