Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ունենք այս որակը

Դեկտեմբեր 01,2020 10:00

Երբ ինձ հարցնում են, թե ում եմ տեսնում մեր երկրի հաջորդ վարչապետ, իմ պատասխանը հստակ է՝ Հայաստանը խորհրդարանական երկիր է, վարչապետին ընտրում է խորհրդարանը: Հետեւաբար, թող այդ խնդրի շուրջ մտածեն պատգամավորները: Երբ կլինեն արտահերթ կամ հերթական ընտրություններ, ես, հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների նման, իմ դիրքորոշումը կարտահայտեմ քվեարկությամբ՝ գերապատվություն տալով այս կամ այն քաղաքական ուժին: Ինձ առարկում են՝ «ուրեմն, դուք երկրի ճակատագիրը վստահում եք այս որակի խորհրդարանի՞ն»: Ես էլ պատասխանում եմ՝ «դա ե՛ս չեմ անում, դա 2018 թվականի դեկտեմբերի 9-ին արել է 884 864 քաղաքացի՝ ընտրողների 70,42 տոկոսը, որոնք ձայն են տվել «Իմ քայլը» դաշինքին»: Այդ մարդիկ են պատասխանատու ներկայիս խորհրդարանի եւ, հետեւաբար, վարչապետի որակի համար: Ազգային ժողովը վարչապետ ընտրելու եւ կառավարություն ձեւավորելու միակ սահմանադրական մարմինն է՝ այլ եղանակով ձեւավորվող կառավարությունները՝ կոչվեն դրանք «Ազգային փրկության» կամ որեւէ այլ կերպ, անօրինական են լինելու:

Բայց ես առաջարկում եմ մտածել, թե ինչու մենք ունենք ա ՛յս՝ տխուր որակի վարչապետ, կառավարություն եւ Ազգային ժողով: Այդ հարցին պատասխանելու համար եկեք հիշենք, թե ինչպես էր Հայաստանում իշխանություն ձեւավորվում 90-ականների կեսերից: Տարբերակները երկուսն են. կա՛մ գործող իշխանությունը ցինիկ, անբարո եւ անօրինական ձեւով վերարտադրվում է, կա’մ էլ օրինական ճանապարհով իշխանության է գալիս պետական կառավարման, ներքին եւ արտաքին քաղաքականության մասին պատկերացում չունեցող պոպուլիստը, որը երկիրն ու ժողովուրդը տանում է աղետալի ողբերգության: Երկու դեպքում էլ խորհրդարանական մեծամասնությունն, ըստ էության, նշանակվում է առաջին դեմքի կողմից, եւ պատգամավորների մեծ մասը պատահական, օրենսդրական աշխատանքին բացարձակապես անընդունակ մարդիկ են, որոնք ոտից գլուխ կախվածության մեջ են այդ դեմքից:

Երկու տարբերակներն էլ ակնհայտորեն վատն են, եւ դրանք լուրջ կասկածներ են առաջացնում՝ արդյո՞ք Հայաստանում կիրառելի է այն, ինչը մենք սովոր ենք անվանել «ժողովրդավարություն», «ընտրություններ», «խորհրդարան»՝ իրենց դասական իմաստով: Ինչպես հայտնի է, այդ հարցն առաջանում է ոչ միայն Հայաստանում, այլեւս բազմաթիվ այլ երկրներում՝ նույնիսկ Միացյալ Նահանգներում: Բնականաբար, ցանկալի է, որ դրա մասին խոսեն քաղաքագետները: Բայց ես ունեմ մի վարկած, որն, իհարկե, ստուգման կարիք ունի: Ես կարծում եմ, որ 884 864 մոլորված քաղաքացիները (որոնցից շատերը, նույնիսկ այս ազգային ողբերգության պարագայում շարունակում են պնդել իրենց մոլորությունը) ոչնչով չեն զիջում Ֆրանսիայի կամ Գերմանիայի շարքային քաղաքացիներին՝ կյանքի մասին պատկերացումները, մտահորիզոնը, ինչպես նաեւ ֆոբիաներն ու նախապաշարումները մոտավորապես նույնն են:

Ես ենթադրում եմ, որ Հայաստանում, ի տարբերություն զարգացած երկրների, չի ձեւավորվել այն վերնախավը (նաեւ ռազմական, որը մեր պարագայում շատ կարեւոր է), որը կուղղորդի մեր հասարակությունը: Քիչ թե շատ գրագետ մարդու ցանկացած միտք՝ կարեւոր չէ, ճիշտ թե սխալ, ենթարկվում է ֆեյսբուքահայության, կամ, եթե ուզում եք՝ պողոսահայության զանգվածային հարձակման: Մտքի հեղինակը վարկաբեկվում է, ժամանակակից լեզվով ասած՝ «բուլինգի» է ենթարկվում:

Այսպիսով, ժողովրդավարությունը, իր բոլոր թերություններով, այլընտրանք չունի, իշխանությունը պետք է ձեւավորվի արդար ընտրություններով: Բայց ժողովրդավարությունն այն դեպքում իմաստ ունի, եթե հասարակությունն ունի ազդեցիկ վերնախավ: Քանի այն չկա, մեզ սպասում են վերոհիշյալ երկու, հավասարապես վտանգավոր, տարբերակները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Armen says:

    Ժամանակ է պետք քառորդ դարի ընթացքում բռնաբարված հասարակությունը բուժելու համար: Փաստը, որ նշված ժամանակահատվածում մեր իշխանական էլիտա համարվող ՞իսսանները՞ (պատգամավոր,նախարար, դեսպան – նեմեց, լիսկա, չորնի, բուլկի, թոխմախ,փեսա………) փախան հայրենիքից, քիչ բան չի ասում: Եվ հիմա գերժամանակակից միկրոսկոպ է պետք հնարել անկաշառ, բացառիկ հայրենասերներին գտնելու համար:

  2. Վախթանգ Սիրադեղյան says:

    Քոչվոր ցեղերի ստեղծած պետությունը՝ լինի դա կլանային միություն թե կայսրություն, չի կարող նման լինել նստակյաց ժողովուրդների ստեղծած պետություններին: նույն տրամաբանությունը գործում է մեր դեպքում՝ քաղաքական մշակույթի բացակայության պայմաններում ժողովրդավարությանը հետևելը հանգեցնում է ներկայացված շեղումներին, իսկ քաղաքական մշակույթը արմատավորվում է ոչ թե մեկ կամ երկու սերնդի, այլ առնվազն մեկ կամ երկու հարյուրամյակի ընթացքում:

  3. Լավատես says:

    Չի կարելի մեղադրել ինքնաթիռի ուղեւորներին, որոնք ամենաժողովրդավարական, ամենաառաջադեմ, ամենամիջազգային ամենաժամանակակից նորմերին համապատասխան ընտրել են ինքնաթիռի անձնակազմին, իսկ վերջինս էլ ընտրել է իր հրամանատարին, չի էլ կարելի մեղադրել նույն այդ անձնակազմին ու իր հրամանատարին, եթե ինքնաթիռ վարել չսովորեցին թռիչքի ընթացքում: Ժողովրդավարության իմաստը վստահության մեջ է, եթե ես վստահում եմ օդաչուին իմ ճակատագիրը, իմ ընտանիքի ճակատագիրը, իմ ազգի ճակատագիրը, իմ մարդկության ճակատագիրը, ինձ այլեւս պետք չի ժողովրդավարական ճանապարհով օդաչու ընտրեմ, ժողովրդավարական ընտրությունը՝ դա ամենավերջին միջոցն է, երբ ուրիշ ոչ մի այլ միջոց չկա: Դրա համար ոչ թե կուրորեն պետք է պաշտպանել ժողովրդավարությունը որպես չգիտես ինչ արժեք, այլ եթե կան առավել վստահելի միջոցներ՝ մասնագիտական կառույցները, որոնք միջազգային մակարդակի մասնագետներ են պատրաստում , քան ժողովրդավարական ընտրությունն է, ապա անպայման պետք է նախապատվությունը տալ մասնագետ օդաչուին եւ ոչ թե ուղեւորների կողմից գաղտնի թե թափանցիկ ընտրված ժողովրդավարական ընտրյալին:

  4. henri says:

    Տեղ մը հասած ենք որ ինքնաբերաբար մեզ անկարողութեան դատապարտած է ։ Անուս անձերու և ակադեմիայի ՛՛ փրոֆէսոր-Տոքթորներու քուէները նոյն արժէքը ունին ընտրութիւններուն։
    Թէև ՛՛ժողովրդավարութեան պաշտպանները կրնան վիրաւորուիլ ,սակայն անարդար է որ անոնց քուէները նոյն արժէքը ունենան – Մասամբ մը այս անհաւասարութիւնը կրնայ լուծուիլ /ըսածս /utopie/ կը թուի եթէ կարգ մը դասակարգերու տրուի /օրէնքով/ երկու կամ երեք/քուէի իրաւունք …

  5. Իրատես says:

    Որակի ապահովման առումով սկսեք ձեր լրատվամիջոցից, պարոն Աբրահամյան։ Վերացրեք արևմտյան լրատվամիջոցների լուրերը ռուսերենից անգրագետ թարգմանությամբ (երբ հատուկ անունների փ-ն պ է դառնում և այլն) ներկայացնելու ծիծաղելի երևույթը։ Թատրոնի ռեժիսորից հարցազրույց վերցնող և Մեյերհոլդի մասին գաղափար չունեցող լրագրողին զրկեք հոնորարից խոտանի համար։ Դրա համար ոչ ժողովրդավարություն է պետք, ոչ էլ հմուտ և արհեստավարժ կառավարություն։ Գիտեմ, որ ձեր բարձունքից սա մանրուք է երևում և չեք ծանրաբեռնի ձեր միտքը աննշան բաներով։ Բոլորը ազգի փրկությամբ են զբաղված, դրա համար էլ փողոցները ավլող չկա։

  6. Gagik says:

    Ձեր ասած երկրները սկզբում հզորացել են, հետո են դեմոկրատիա կառուցել։ Ուրիշ երկրներ գրավելով կոտորելով, թալանելով հզորացել են։ Եթե էն ժամանակ Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարները Մերկելի պես բարի տատի լինեին կամ Մակրոնի պես ժպտերես բարի ջահելներ լինեին չէին հզորանա։
    Իրենց նախնիները հզոր երկիր են ժառանգներին թողել, նենց երկիր որ եթե անգամ 1պարկ կարտոֆիլ դնեն կանցլերի տեղում, երկրի ընթացքը դրանից չի փոխվի։

    Իսկ զարգացող, առավել եվս փաստացի պատերազմական վիճակում գտնվող երկրում դեմոկրատիան չարիք է։
    Բայց եթե Վազգեն Մանուկյանին համարում եք պոպուլիստ ու երկրի պրոբլեմներից անտեղյակ մարդ էտ լուրջ չի։ Մարդ որ եղելա վարչապետ ՊՆ պատերազմի ամենադժվար պահին։

    Իսկ նիկոլը ու իր թիմը հիմնականում լրագրողներ են ու տարբեր ՀԿ-ների աշխատողներ։ Մարդիկ որ գաղափար անգամ չունեին երկրի գլխավոր Արցախի հարցի մասին։ Իրենց համար երկրի գլխավոր խնդիրը ԼԳՏԲ համայնքի իրավունքներ, գենդերային հավասարություն, կոռուպցիա։ Ընդ որում կոռուպցիայի մասին էլ ուռճացրած բամբասանքի մակարդակի զրույցներով, թե բա Քոչարյանը 4միլիարդ թալանելա։ 2տարի 4միլիարդը փնտրում էին տենց չգտան ու անգամ դրանից 2զրո պակաս 40միլիոն էլ չեն գտնի, քանի որ չկա տենց բան։ Իրանց իսկ հորինած միֆերնա, որին իրանք էլ են հավատացել էնքան են ուրիշներին խաբել։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031