Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի (լուսանկարում) սպանությունից երեք տարի անց սպանության համար մեղադրվող նրա կինը գրավի դիմաց դատարանի որոշմամբ ազատ է արձակվել: Մեղադրվող կնոջ՝ Ռուզաննա Մկրտչյանի պաշտպան Նաիրա Պետրոսյանը դատարանի որոշման մասին հրաժարվեց խոսել, նա չցանկացավ խոսել նաեւ դատաքննության ընթացքի վերաբերյալ:
Իսկ Մանուկ Սիմոնյանի որդին՝ Նորիկ Սիմոնյանը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մոր առողջական խնդիրներն ավելի են լրջացել։ Նա դժվարանում է քայլել այս պահին, իսկ ազատ արձակվելուց հետո միայն հասցրել են միասին գնալ հոր գերեզմանին:
Ինչ վերաբերում է հորեղբոր ասածներին, որը դատարանի որոշումը որակել էր խայտառակություն ու հայտնել, որ պատրաստվում է այն բողոքարկել, Նորիկ Սիմոնյանն ասաց. «Ես վաղուց չեմ հետևում նրա ասածներին, քանի որ ես նրան չեմ համարում ադեկվատ մարդ, նրա մասնակցությամբ բոլոր դատական նիստերը անցել են շատ լարված… մեր նախկին դատավոր Խալաթյանին և դատախազ Ենոքյանին վիրավորելուց, եթե այդ մարդը հաճույք էր ստանում, ինձ թվում է նույն կերպ շարունակելու է»:
Հիշեցնենք, որ Մանուկ Սիմոնյանի կինը՝ Ռուզաննա Մկրտչյանը, մեղադրվում է ամուսնուն սպանելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ի սկզբանե ընտրվել էր կալանավորումը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ