Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պարտություն» ու «ՀՊԱՐՏություն» բառերն անհամատեղելի են

Դեկտեմբեր 01,2020 09:00

Ինչպե՞ս է Փաշինյանն ուզում ցույց տալ իր լեգիտիմությունը, հանրությանը տեղեկացնելով, թե Պուտինի հետ օրը քանի անգամ է հեռախոսազրույց ունենո՞ւմ

Հայաստանի ու Արցախի շուրջ այսօր երեւացող եւ կուլիսային գործընթացներն այնպիսի կարեւորության ու նշանակության են, որ թվում էր, թե գործող իշխանությունը պետք է հասարակությանը պարզաբանումներ տար, թե ինչ արհավիրքի առջեւ է կանգնեցրել այսօր մեր պետությանն ու հասարակությանը եւ հաշվետվություն տար, թե ինչպես է տեսնում իր իսկ ստեղծած խնդիրների լուծումը:

Հրադադարի, Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման, ՀՀ-ում ռազմական դրության պայմաններում թշնամու 80 հոգանոց զորք է հայտնվում է ՀՀ տարածքում, խոսքը Սոթքի աղմկահարույց միջադեպի մասին է: Համացանցում մի քանի շաբաթ է տեղեկություններ են շրջանառվում, որ ինչպես Սիրիայի տարածքում, այնպես էլ Ադրբեջանին հանձնած տարածքներում Էրդողանը վարձկաններին ու նրանց ընտանիքներին տեղակայելու քաղաքականություն է վարելու, Սիրիայում այդ «մարդասիրական» գործընթացի կազմակերպչական աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են՝ ըստ օտարերկրյա լրագրողների տեղեկությունների:

Գումարած այս ամենին՝ ՀՀ տարածքային ամբողջականության հաշվին Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապի ապահովման հեռանկարն է ՀՀ տարածքով՝ Սյունիքի մարզով Ադրբեջանից Նախիջեւան ճանապարհի կառուցումը: Ինչպե՞ս է գործելու այս ճանապարհը, ո՞վ է ապահովելու ՀՀ սահմանների անվտանգությունը: Հավանաբար, մեր միակ հույսը այստեղ Ռուսաստանն է, որը Էրդողանի «ախորժակը» պետք է զսպի: Սա հարցի դեռ մի մասն է: Հաջորդ ավելի սարսափելի հեռանկարը. եթե Ադրբեջանին հանձնած տարածքները Էրդողանի «տնօրինության» տակ են, ապա Ադրբեջանից Նախիջեւան ճանապարհը կարող է դառնալ վարձկան ահաբեկիչների տեղափոխման ճանապարհ: Ինչ-որ մեկը գործող իշխանության մեջ՝ ընդհանրապես մտածո՞ւմ է այս թեմայի մասին, թե՞ Թուրքիայի նավահանգիստներից եւ Ադրբեջանի շուկաների օգտվելու «գրավիչ» հեռանկարների մասին են միայն դեռ գլխի ընկել՝ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում:

Հիմա գանք հայաստանյան ներքաղաքական կյանքին: Եթե ընդդիմադիր ուժերի հրավիրած հանրահավաքները բազմահազարանոց չեն՝ դրանից չի բխում, որ Փաշինյանը շարունակում է վայելել Հայաստանի հասարակության գերակշիռ հատվածի վստահությունը: Դա գիտի նաեւ Փաշինյանը, հակառակ դեպքում, նա հեշտությամբ կչեղարկեր ռազմական դրության ռեժիմը, իսկ կառավարության շենքի մուտքը հացադուլավորների, նրանց այցելողների, կամ փոքր խմբերով ցուցարարների առջեւ մի քանի շարք շղթայով ոստիկանությունը չէր փակի:

Կոլեկտիվ անպատասխանատվություն է բոլոր ոլորտներում: Մեր պետությունը կարծես ազատ անկման մեջ լինի: ՀՀ տարածքային ամբողջականությունն էլ պարզվում է, պաշտպանողներ չկան, թեեւ դա Սահմանադրության դրույթ է: Ռազմական դրության պայմաններում ՀՀ տարածքում թշնամու 80 հոգանոց զորք է հայտնվում, չափուձեւ են անում, եւ դեռ մեզանում «խորաթափանց» մարդիկ կան, որոնք նեղվում են, որ արցախցիները ռուս խաղաղապահներին շնորհակալություն են հայտնում՝ ոչնչացումից իրենց փրկելու համար: Զարմանալի չէ, որ «խորաթափանցները» իշխանության աջակիցներն են, հետեւաբար նաեւ նոյեմբերի 10-ի հայտարարությամբ Հայաստանն ու Արցախը այս վիճակին հասցնելու պատասխանատուներն են, եւ եթե կա որեւէ մեկը, որից որոշել են Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության ու արժանապատվության պաշտպանություն պահանջել, ապա նրանք փոքր-ինչ ուշացել են, նոյեմբերի 9-ին եթե հնարավորություն ունենային՝ այդ ամոթալի պարտության հայտարարությունը չէին ստորագրի ու այսօր ստիպված չէին լինի պաշտպանել այդ նվաստացուցիչ փաստաթուղթը: Իհարկե, հիմա հետին թվով կարելի է արդարանալ, թե բոլորն էլ տեղյակ էին, թե ինչ են առաջարկում Հայաստանին, ՀՀ ԱԳ նորանշանակ նախարարն էլ դիվանագիտական ձախողում չի տեսնում, պարզվում է՝ պատերազմում ենք միայն պարտվել: Իսկ որ պատերազմն արդեն իսկ դիվանագիտական փակուղու ամենացայտուն ապացույց է՝ այդ մասին, հավանաբար, նորանշանակ ԱԳ նախարարը չի էլ կռահում:

Նոյեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով: Պարզվեց, կրկին ընդդիմադիրներն են մեղավոր՝ «արտաքին ուժերի» հետ, որոնք ըստ նրա՝ մեր ազգային հպարտությունն ու արժանապատվությունն են խոցում: Բնականաբար, վերջում սպառնաց, որ դա թույլ չի տալու՝ «ոչ թե նրա համար, որ իշխանությունից կառչած ենք, այլ որովհետեւ դա չի ուզում ժողովուրդը»:

Արդեն անակնկալ չէ, որ Փաշինյանը, երբ զգում է, որ հասարակական դժգոհությունը գագաթնակետին է հասնում որեւէ հարցով՝ անմիջապես գտնում է, թե ում ուղղությամբ պետք է մեղադրանքի սլաքներն ուղղի, նա անմիջապես «նախկինների վերադարձի» ահասարսուռ թեման է հրապարակ նետում: Հետաքրքիր է, որ Փաշինյանն իրեն քննադատող ընդդիմադիրներին պատասխանելու որեւէ առիթ կամ ակնարկ բաց չի թողնում, սակայն Ալիեւի՝ իրեն ուղղված անձնական վիրավորանքներն այդպես էլ անպատասխան թողեց:

Ինչպե՞ս է Փաշինյանն ուզում ցույց տալ իր լեգիտիմությունը, հանրությանը տեղեկացնելով, թե Պուտինի հետ օրը քանի անգամ է հեռախոսազրույց ունենո՞ւմ… Եվ բացի այդ, ո՞ր «արտաքին ուժերի» մասին էր ակնարկում Փաշինյանը, որոնք ըստ նրա՝ մեր ազգային հպարտությունն ու արժանապատվությունն են խոցում…

Պարզ է, որ իշխանական թիմի համար ոգեւորության գերագույն աստիճան էր այն փաստը, որ եռակողմ հայտարարությունը ստորագրելուց օրեր անց Պուտինը հայտարարեց, թե Փաշինյանը «դավաճան չէ, ամեն ինչ ասել է այնպես, ինչպես կար»: Բայց ինչ էր ակնկալում գործող իշխանությունը, որ Պուտինը դատապարտե՞ր Փաշինյանի ստորագրությունը, համարելով այն հայության շահերին հակասո՞ղ: Իսկ դա իր գո՞րծն է: Պարզ չի, որ Պուտինը դավաճան չէր համարի նաեւ Ալիեւին, եթե նա պատերազմի արդյունքում պարտվեր, Ադրբեջանի կեսը կորցներ ու նույնաբովանդակ հայտարարություն ստորագրեր՝ ադրբեջանական եւս մի քանի տարածքներ էլ հայկական կողմին նվիրաբերեր:

Հետո, եթե գործող իշխանությունն այդքան կարեւորում է Ռուսաստանից հնչող կարծիքները՝ կարող է ականջալուր լինել նաեւ Կրեմլի քարոզչության գլխավոր «դասականներին» ու նրանց հեղինակած յութուբի եւ տելեգրամի ալիքներով հեռարձակվող բանավեճերի թեզերին: Բացի պատերազմում հայկական կողմի կրած պարտության պատճառների վերաբերյալ քիչ թե շատ հավասարակշռված վերլուծություններից՝ Փաշինյանի հասցեին հնչում են այնպիսի ամոթալի գնահատականներ, որոնք նույնիսկ Ադրբեջանի ցինիկ նախագահը դեռ իրեն թույլ չի տվել: Այնպես որ, Կրեմլի քարոզչությունն, այս առումով, բավական բազմաշերտ է. այն, ինչ չի ասում Պուտինը, ասում են Կրեմլի պաշտոնական քարոզչությունն ապահովող մեդիագիգանտները:

Նոյեմբերի 29-ին ֆեյսբուքյան գրառման մեջ Փաշինյանը երկրի ամենահրատապ խնդիրներից մեկի՝ գերիների, անհետ կորածների խնդիրների լուծման ճանապարհին կրկին գտավ «բացատրություն», փաստորեն, արձանագրելով, որ ավելի կարեւոր է իր իշխանության երկարաձգումը: Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ նա Ալիեւին է անուղղակիորեն մատնանշում հիմա էլ մեր երկրում, ռազմական դրության պայմաններում, իր նկատմամբ դժգոհության ալիք, հնարավոր «բախումներ» հրահրելու աբսուրդ պատճառաբանությամբ: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ է արել գործող իշխանությունը, որպեսզի գերիների, անհետ կորածների խնդիրը չձգձգվի: Այստեղ էլ Փաշինյանը «լուծում» ունի՝ «պայքարենք ավելի ուժեղ, բայց ոչ թե իրար դեմ, այլ միասին»: Այսինքն՝ «իմ հրաժարականի պահանջը մի ներկայացրեք, խնդիրը երբ կլուծվի՝ կլուծվի…»: Ինչ է սա, եթե ոչ սովորական շանտաժ՝ ներքաղաքական կայունության դիմաց գերիների, անհետ կորածների հարցով զբաղվելու պարտավորության կատարման ստանձնում: Այսինքն՝ բանը հասել է նրան, որ Փաշինյանն արդեն գերիների, անհետ կորածների հարազատների՞ն գործարք է առաջարկում՝ «լռեք, որ զբաղվե՞մ…»:

Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ բերած նրա արդարացումներին, ապա այստեղ քննարկելու բան էլ չկա, որովհետեւ՝ Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու հարցը ներկայացվել է նաեւ ՀՀ բոլոր նախկին նախագահներին՝ ղարաբաղյան առաջին պատերազմի օրերից սկսած, սակայն բոլորը գտել են ձեւեր հայկական կողմի բանակցային դիրքերն ավելի նպաստավոր պայմաններում պահելու համար, դա փաստ է, իսկ Փաշինյանը ձախողել է, հայկական կողմի դիրքերը թուլացրել ու պարտության փաստաթուղթ ստորագրել: Եվ վերջապես, եթե ըստ Փաշինյանի՝ «2018թ. դրությամբ Ղարաբաղի հարցը փակուղում էր», այդ դեպքում ո՞րն էր նրա «կետը»: Հիշեցնենք, Փաշինյանը 2019թ. ապրիլի 9-ին լրագրողների հետ զրույցում ասել էր. «Ոչ, ես այդ կետից չեմ սկսել, ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից, սա կարեւոր նրբություն է»։

Ստեղծված անելանելի իրավիճակում ո՞րն է ելքը հարցի պատասխանն, իհարկե, ամենաբարդն է այսօրվա մթնոլորտում, որովհետեւ հասարակության մոտ խորը հիասթափություն է քաղաքական ուժերի, ՀՀ նախկին ղեկավարների նկատմամբ՝ առավելեւս: Հանրահավաք հրավիրող ուժերը, ակնհայտ է, որ չունեն հասարակական վստահություն: Հետեւաբար՝ ինչ անել այն դեպքում, երբ Փաշինյանը որոշել է իր իշխանությունը պահել ամեն գնով: Միակ ելքը հասարակական ճնշմամբ հասկացնել տալ Փաշինյանին, որ իր հրաժարականը սգավոր, նվաստացած հասարակությանը հնարավորություն է տալու իր նկատմամբ ցասումը փոքր-ինչ մեղմել: Անշուշտ՝ սահմանադրական ճանապարհով: Կարելի է մտածել հասարակության համար քիչ թե շատ վստահելի գործիչների մասնակցությամբ ինչ-որ կոմիտեի ձեւավորման ուղղությամբ, տարբեր ոլորտների ներկայացուցիչների լայն համախմբմամբ, ժամանակավոր կառավարության ձեւավորմամբ, որն էլ կզբաղվի Հայաստանի եւ Արցախի առաջնահերթ հարցերի լուծմամբ եւ արտահերթ ընտրությունների կազմակերպմամբ:

Փաշինյանն արդեն մի քանի անգամ մխիթարում է մեր հասարակությանն ասելով, թե ինքն է «ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատուն» եւ «կրում է այդ պատասխանատվությունը»: Դա խոսքով չի լինում, դա պատասխանատվություն է թե՛ արածի, թե՛ չարածի համար, իսկ բանական մարդը չի կարող հասարակությանը հույսից զրկել, խորտակել պետությունը ու տանել կործանման մի նոր փուլի: Հայաստանի քաղաքական էլիտան դիվանագիտական դաշտում պարտություն է կրել, ռազմաքաղաքական էլիտան ձախողվել է ռազմաճակատում, իսկ դա ենթադրում է պատասխանատվության ստանձնում՝ հանուն Հայաստանի ու Արցախի վերածննդի, հանուն՝ «հպարտ» քաղաքացիներին հույսի մի փոքր նշույլ պարգեւելու: Ի վերջո պետք է հասկանալ՝ «պարտություն» ու «ՀՊԱՐՏություն» բառերն անհամատեղելի են:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031