Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Մանուկյան. «Այս վարչապետը իր կառավարությունով անկարող է գործնական քայլ ձեռնարկել որեւէ ոլորտում»

Նոյեմբեր 30,2020 23:20

Լուրեր են շրջանառվում, թե իշխանությունները գերի ընկած եւ անհետ կորած զինվորների ծնողների եւ կառավարության շենքի առջեւ հացադուլ անողների ու հանրահավաքներ կազմակերպողների միջեւ սեպ խրելու փորձեր է անում:

Aravot.am-ը այսօր Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականի պահանջով արդեն ութերորդ օրը հացադուլի մեջ գտնվող Գեղամ Մանուկյանից հետաքրքրվեց, թե իրո՞ք իրենք խանգարում են կառավարությանը՝ աշխատել:

«Քավ լիցի: Ոչ մի նպատակ չկա: Հակառակը, Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի պարտավոր է այդ ծնողների կողքը կանգնել: Երկու օր առաջ երեկոյան այստեղ ահավոր վիճակ էր: Գերի ընկած մեր հերոսներից մեկի հայրը եկել, ասում էր, որ ուզում է մեր հետ հացադուլի նստել: Փորձում էինք համոզել, որ նման բան չանի: Ամբողջ գիշեր մնաց այստեղ: Հաջորդ օրը արյան ճնշումը սարսափելի բարձրացավ ու շտապ բուժօգնություն եկավ:

Աստված մի արասցե՝ որեւէ մեկը փորձի շահարկել դժվարության, դժբախտության մեջ հայտնված ծնողներին, նրանց վիշտը: Նրանց պետք է օգնել, պետք է ձեռք մեկնել որպես քաղաքացի: Այս չգործող վարչապետի գլխավորության պայմաններում պետք է օր առաջ նրանց սփոփելու համար ետ բերել իրենց նահատակված զավակներին, գերության մեջ հայտնված որդիներին: Այս կառավարությունը իր վարչապետով դա անել ուղղակի անկարող է: Նրանք անմեղսունակ են գործնական քայլեր ձեռնարկելու որեւէ ոլորտում: Կա մի մեծ հանցանք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանցանքը, որը Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ  արձանագրությունը ստորագրելիս որպես  երկրի ղեկավար ոչ մի վայրկյան չի մտածել իր զավակ զինվորների մասին: Եվ որեւէ կետ չի արձանագրել գերիների վերադարձի, զոհվածների աճյունները տեղափոխելու մասին, այն, ինչ-որ նախորդ երեք համաձայնություններում արձանագրված էր: Ուղղակի չի էլ մտածել, ինչը խոսում է երկրի վարչապետի աթոռին նստած մարդու բարոյական, կառավարչական, մարդկային բոլոր հատկանիշների մասին»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30