«Իմ տպավորությամբ բերման ենթարկվածերը 30 քաղաքացիներ կլինեն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիների անհնազանդության գործողություններին մասնակցող փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Նիկո′լ դավաճան, Նիկո′լ, դավաճան» կոչերով քաղաքացիները նախ փորձեցին փակել Մաշտոցի պողոտան, ոստիկանները նրանց նկատմամբ անհամաչափ ուժ կիրառեցին, բերման ենթարկեցին: Նրանց, այնուամենայնիվ, հաջողվեց մի քանի անգամ փակել պողոտան, դեպի Մաշտոցի պողոտա տանող ճանապարհահատվածը: Հետո երթով շարժվեցին դեպի Աբովյան փողոց և այնտեղ ավարտեցին անհնազանդության գործողությունները: Ոստիկանները բիրտ ուժ էին կիրառում քաղաքացիների նկատմամբ, անգամ մի քանի հոգով փորձում էին բերման ենթարկել մի քաղաքացու, նա շնչահեղձ էր լինում, մեկ այլ դեպքում բիրտ ուժ կիրառելով՝ հեռացնում էին ոտքից վիրավոր մի երիտասարդի:
Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Արթուր Խուդինյանը հայտարարեց՝ բացի աղջիկներից բոլորին պետք է բերման ենթարկել:
Երվանդ Վարոսյանը վստահեցրեց. «Ոստիկանությունն իրականացնում է ակնհայտ ապօրինի գործողություններ: Ակցիան ակնհայտորեն խաղաղ էր՝ առանց զենքի, և այս միջոցները, ինչ կենտրոնացրել են և կիրառում են ակցիայի մասնակիցների նկատմամբ, իրավաչափ, համաչափ չեն: Մենք ցավոք, նույնն ասում էինք 2018-ին և ստիպված ենք ասել նաև այսօր: Ցավալիորեն, այս ճանապարհով եկած իշխանությունը, որն արդարացնում էր և′ փողոց փակելը, և′ խաղաղ հավաքները, ինչի հետ ես համաձայն եմ, այսօր գալով իշխանության նրանք կատարում են հակառակը. կիրառում են բիրտ ուժ՝ որևէ կերպ համաչափ չհամարվող»:
Կարդացեք նաև
Երվանդ Վարոսյանը փաստեց՝ հավաքների արգելք միանշանակ չկա, բայց հրաման տվողին դա չի հետաքրքրում. նա վախեցած է: Երվանդ Վարոսյանն այս առիթով փոխանցեց. «Ինձ համար դեժավյու է: 2018-ի ապրիլին, երբ ինձնից հարցազրույց էին վերցնում, ես այս նույնը հիմնավորում էի, թե ինչու քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ ակցիայի, ինչու իրենց ակցիան պիտի խանգարի մյուս քաղաքացիներին, և դա բնական է: Ուղղակի այստեղ երկակի ստանդարտներն են զարմացնում, որ նույն իշխանությունը 2,5 տարի հետո դեգրադացվել է այն աստիճան, որ ինքն իր որդեգրած սկզբունքներին գնում է հակառակ»:
Երվանդ Վարոսյանի դիտարկմամբ՝ իրենց գործողություններով ոստիկանները շատ ավելի շատ փողոց փակեցին, քան քաղաքացիները:
Ըստ նրա՝ այս ամենին իրավական մեկնաբանություն տալ հնարավոր չէ. միակ պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այդպես է ուզում, և դա վախերի դրսևորում է:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ