Aravot.am-ը «Ֆեմինի» նախագծի շրջանակում զրուցել է Հայաստանի ազգային պատկերասրահի փոխտնօրեն, մշակութաբան Նաիրա Եղիազարյանի հետ: Խնդրել ենք առանձնացնել այն վառ հայուհիներին, որոնք իրենց յուրօրինակ գույնն են ունեցել արվեստի ներկապնակում:
«Ոչ միայն հայ, այլ նաև համաշխարհային արվեստի պատմությունը ցույց է տալիս, որ սա տղամարդկանց պատմություն է։ Տղամարդկանց, որոնք նայում են կնոջը, ուսումնասիրում նրա մարմինը միլիմետր առ միլիմետր, հիանում ու ոգեշնչվում են նրանից։ Իհարկե, սրա մեջ հաճելի ու կանացի ինքնասիրությունը շոյող բան կա, բայց ստեղծագործող կնոջ համար սա լուրջ ու անլուծելի խնդիր է, որը հավակնում է հավերժական դառնալ։ Ի դեպ, սա խնդիր է ոչ միայն նկարչուհիների համար։ Բրիտանացի գրող Վիրջինիա Վուլֆը նախորդ դարի սկզբներին գրած իր «Նրա սենյակը» էսսեում մտահոգված ընդվզում է, թե ինչու գրականության մեջ կանայք այսքան քիչ են։
Դեռևս Վերածննդի շրջանից կանայք նկարչությամբ զբաղվելու պակաս հնարավորություններ են ունեցել։ Նույնիսկ նկարչի ընտանիքում ծնված աղջիկը դրա ժամանակն ու պայմանները չի ունեցել։ Վաղ ամուսնությունը, ընտանիքի հոգսը, երեխաների խնամքը ու նաև հասարակության վերաբերմունքը թույլ չեն տվել կնոջը ստեղծագործելու ու ներկայանալու։
Շնորհալի կամ տաղանդավոր կանայք լավագույն դեպքում դարձել են մուսա նկարիչների համար։ Համարձակները, որոնք փորձել են քանդել իրենց առջև եղած պատը, ճեղքել ու վերացնել բոլոր խոչընդոտները, այնուամենայնիվ վերջում մնացել են տղամարդ-նկարիչների ստվերում։
Կարդացեք նաև
Օրինակ, Վերածննդի խոշոր նկարիչներից մեկի` Տինտորետոյի դուստրը իր ապրած կարճ կյանքի ընթացքում անընդմեջ օգնել է հորը արվեստանոցում ու այնքան է կերպարվեստում հմտացել, որ այսօր արվեստաբանները շատ հաճախ չեն կարողանում տարբերել հոր ու աղջկա գործերը։ Բայց ինչպես շատ-շատերը` այդ ու դրան հաջորդող շրջաններում, Տինտորետոյի դուստրն էլ ամուսնացել է ու 30 տարեկանում մահացել ծննդաբերության ժամանակ։ Սրանով ավարտվել է նրա նկարչական կարիերան։
Կնոջ, տանտիրուհու, մոր, դստեր դերն ու առաքելությունը միգուցե խանգարել ու խոչընդոտել է կանանց արվեստում մեծ հաջողությունների ու ճանաչման հասնել»,- նշեց տիկին Եղիազարյանը։
Ինչ վերաբերվում է հայուհիներին, մեր Հայաստանի ազգային պատկերասրահի փոխտնօրենը նշում է. «Հայ արվեստում կանայք, իհարկե, եղել են ու կան, սակայն վստահ չեմ կարող ասել, թե լայն հանրությանը հայտնի են ու նույնքան ճանաչված, որքան տղամարդ -նկարիչները։
Այսօր արվեստից հեռու մարդուն, եթե հարցնես ինչ կին նկարիչ գիտես, մի անուն է տալու` Ֆրիդա։ Այս նկարչուհու համաշխարհային ճանաչումը ես վստահաբար կարող եմ ասել՝ ապահովել են նրա մասին նկարահանած ութ ֆիլմերը, որոնցից ամենահայտնին Սալմա Հայեկի դերակատարմամբ էկրանավորումն էր 2002-ին:
Չլիներ, հատկապես, վերջին ֆիլմը, Ֆրիդան արդյո՞ք այսքան ճանաչված կլիներ: Կարծում եմ՝ ոչ:
Եթե համաշխարհային մշակույթում արվեստագետների անձնական կյանքն իրենց աղմկոտ մանրամասներով օգնում է նրանց հանրահայտ դառնալ, ապա հայ իրականության մեջ արվեստի մարդիկ լավ թաքցնում են իրենց մարդկային պատմությունները, սիրային գաղտնիքներն ու նամակները… Փոքր ազգի բարդույթ է երևի։
Համաշխարհային արվեստում եղած այս խնդիրը բնականաբար առկա է նաև հայ կերպարվեստում։ Մենք ունեցել ու ունենք տաղանդավոր նկարչուհիներ։ Սակայն, նրանցից քչերն են ճանաչված, գնահատված, արժևորված…
Ես հիմա այսպես հանպատրաստից կթվարկեմ այն անունները, որոնք ոչ միայն գեղագիտորեն են գրավել իմ ուշադրությունը, այլ նաև որպես կին են հետաքրքիր։
Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերը։ Ես, իհարկե, ավելի հավանում եմ Մարիամի արվեստը։ Այ, եթե մենք էլ մեքսիկացիների պես ցնծացնեինք Ասլամազյանին, նա կդառնար մեր Ֆրիդա Կալոն: Դժվարություններով ու արկածներով լի իր կյանքով և, նույնիսկ, արտաքինով նրանք շատ նման են, իսկ արվեստի առումով, Մարիամ Ասլամազյանն, ինձ համար, անխոս, ավելի տաղանդավոր է, քան Ֆրիդան:
Հաջորդը` քանդակագործ Նվարդ Զարյանն է, որի ցուցահանդեսը անցած տարի բացվեց Հայաստանի ազգային պատկերասրահում։ Նվարդը մեր մեծանուն գրողի` Կոստան Զարյանի դուստրն է, որը Իտալիայում փայլուն կրթություն է ստացել, սովորելով Scuola di Brera ակադեմիայում, Հռոմի և Վենետիկի Գեղարվեստի ակադեմիաներում։ Նա իտալացի մի խումբ նշանավոր արվեստագետների՝ Ռենատո Գուտուզոյի, Չիմարայի և այլոց հետ մասնակցել է Հռոմի Նոր կայարանի գեղարվեստական ձևավորմանը և Իտալիայի կառավարության հայտարարած մեծ մրցույթում շահել առաջին մրցանակը՝ կայարանի խճանկարի համար։ Հետաքրքիր մի փաստ էլ` Նվարդ Զարյանին Իրանի կառավարությունը պատվիրել է ստեղծել Իրանի վերջին շահի դիմանկարը՝ նախատեսված շահի դամբարանի համար։ Նվարդը մասնակցել է նաև Իտալիայի Դիմադրության շարժմանը։ Մի խոսքով ևս մի հետաքրքիր ու տաղանդավոր կին հայ արվեստում, որին կարելի է ասել գրեթե չեն ճանաչում»։
Նաիրա Եղիազարյանհը այս շարքում նշել է նաեւ իր խոսքով՝ երեք ոչ միայն տաղանդավոր, այլ նաև ուժեղ ու կամային կանանց՝ Արփենիկ Նալբանդյան, Լավինյա Բաժբեուկ-Մելիքյան և Արմինե Կալենց.«Ինչու եմ ասում ուժեղ ու կամային, քանի որ երեքն էլ ապրելով ու ստեղծագործելով հայտնի ու շատ տաղանդավոր տղամարդկանց ընտանիքներում, կարողացել են կայանալ ու իրենց հետքը թողել հայ կերպարվեստում։
Արփենիկ Նալբանդյանը հայտնի ու կենդանության օրոք մեծ փառքի արժանացած նկարիչ Դմիտրի Նալբանդյանի քույրն էր և Էդվարդ Իսաբեկյանի կինը։ Ինձ թվում է Արփենիկից մեծ խիզախություն է պահանջվել այս միջավայրում ստեղծագործելու, կայանալու ու իրեն շրջապատած խոշոր անհատականությունների ստվերում չմնալու համար։ Նույնը Լավինյա Բաժբեուկ Մելիքյանն է։
Հայրը` հայտնի նկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ Մելիքյանն է, որն ի դեպ աղջկան անվանակոչել է Տիցիանի դստեր պատվին։ Շատ բարդ է ստեղծագործել ու լավագույնս դրսևորվել տաղանդավոր հորից հետո։ Լավինիան դա կարողացել է հաղթահարել։ Ասեմ, որ Բաժբեուկների գերդաստանից ամենաշատը ինձ գրավում է Լավինիայի արվեստը։
Եվ վերջինը Արմինե Կալենցը` Հարություն Կալենցի կինը, որն իր հեղինակած գրքերում ոչ այնքան ուղիղ, շատ հաճախ ենթատեքստերում չի թաքցնում, թե որքան հաճախ է Հարությունի ուժեղ գոյությունը ու տաղանդը ստվերել իր արվեստը։ Սակայն, այնուամենայնիվ, նա կարողացել է դուրս գալ ու իր վառ, հյութեղ, տաք գույներով հաստատվել մեծանուն Կալենցի կողքին։ Թվարկածս բոլոր անունները ոչ միայն տաղանդավոր, այլ նաև ուժեղ կանայք են, որոնց կյանքն ու ստեղծագործությունը ոչ այլ ինչ է, քան պայքար։ Պայքար արվեստում իրենց տեղն ու դերն ունենալու համար»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ gallery.am-ից