Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ հարցում Ռուսաստանի դերակատարությունը երախտիքի և անվստահության խառը զգացմունքներ է առաջացնում. WSJ

Նոյեմբեր 30,2020 20:55

Ռուսաստանի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագիրը դադարեցրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև մի քանի շաբաթ շարունակվող ռազմական գործողությունները և ապահովեց աշխարհաքաղաքական հաղթանակ Մոսկվայի համար: Այնուամենայնիվ, հայերի համար այն չապահովեց շոշափելի անվտանգություն, քանի որ այդ տարածաշրջանում ռուս զինվորականների ներկայությունը երախտիքի և անվստահության խառը զգացողություններ է առաջացնում, ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal պարբերականում գրում են վերլուծաբաններ Ռաջա Աբդուլռահիմը և Էնն Սիմոնսը:

Ռուսաստանի նախագահը երկար ժամանակ փորձում էր լավ հարաբերություններ պահպանել և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, ինչը մասամբ բացատրվում է էներգետիկ միջանցքում վերջիններիս զբաղեցրած դիրքով, և ինչի վրա Արևմուտքը աչք էր փակում: Մոսկվան նաև փորձում էր չեզոքություն պահել Լեռնային Ղարաբաղի երկարամյա լարվածության հարցում: Սակայն նոյեմբերի 10-ին ստորագրված համաձայնագիրն ամրապնդում է Կրեմլի կարգավիճակը որպես տարածաշրջանում գերակա ուժ, ինչպես նաև Մոսկվայի ազդեցությունը երկու երկրների վրա, որոնք այժմ ավելի կապված են Մոսկվայի հետ, կարծում են հոդվածագիրները:

Չնայած Մոսկվան արդեն ուներ ռազմաբազա Հայաստանում, բայց մինչ այժմ Ադրբեջանում ռուսական ուժեր չեն եղել: Վերլուծաբանները կարծում են, որ Ռուսաստանն իր խաղաղապահ առաքելությունը կարող է վերածել երկու երկրներում մշտական ռազմական տեղակայման և կփորձի ինտեգրել նախկին խորհրդային այդ հանրապետությունների զինված ուժերը Ռուսաստանին ենթակա հրամանատարական կառույցներին, ինչպիսին է ՀԱՊԿ-ը, որին Հայաստանն արդեն անդամակցում է:

«Ռուսաստանի այս միջամտությունը թույլ տվեց նրան իր ուղեծրում պահել Հայաստանը և չկորցնել Ադրբեջանը»,- թերթին ասել է Մոսկվայի Կարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Գաբուևը:

Թուրքիան գրեթե անմիջապես հայտարարեց, որ աջակցում է Ադրբեջանին, որի հետ այդ երկիրը կապված է կրոնական, լեզվական և մշակութային կապերով: Թուրքիայի միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը սպառնում էր գժտել Անկարային և Մոսկվային, քանի որ այն իրենից ներկայացնում էր Ռուսաստանին ուղղված մարտահրավեր տարածաշրջանում, որը Մոսկվան երկար ժամանակ համարում էր իր ազդեցության գոտի: Ըստ վերլուծաբանների՝ Ադրբեջանում ռուս խաղաղապահների ներկայությունը այդ երկրի կառավարությանը կապում է Մոսկվայի հետ:

Հայաստանի գյուղերում, սրբավայրերում և կառավարական հաստատություններում ռուս խաղաղապահների տեղակայման մասին լուրն ընդունվեց թեթևության և անվստահության խառը զգացմունքներով: Չնայած հայերի մի մասն ասում էին, որ միջազգային հանրությունն իրենց դավաճանել է և հիմա իրենք կարող են վստահել միայն Ռուսաստանին, մյուսները, հատկապես տարեցները, որոնք հիշում են խորհրդային ժամանակաշրջանը, զգուշությամբ են վերաբերում ռուս զինվորների տեղակայման մասին լուրին:

«Ինձ համար սա ողբերգություն է»,- թերթի հետ զրույցում ասել է հայ գրականության դասախոս, 61-ամյա Սիլվա Խաչատրյանը՝ խոսելով Դադիվանք այցելությունից հետո իր ունեցած տպավորությունների մասին:

50-ամյա բուժքույր Արաքսի Գրիգորյանն էլ թերթի հետ զրույցում ասել է, թե չի վստահում ռուսներին, քանի որ նրանք ստիպեցին Հայաստանին հանձնել հողերը:

Մյուս կողմից 28-ամյա Անի Խաչատուրյանը վերադարձել է Դադիվանքից ոչ հեռու գտնվող հայրենի գյուղ միայն ռուս խաղաղապահների ներկայության պատճառով: «Ես վստահում եմ ռուս խաղաղապահներին»,- ասել է նա:

Տեղի պաշտոնյաներն էլ ասում են, որ Մոսկվան օգնել է կանխել առավել մեծ արյունահեղությունը: «Ռուսաստանը եկավ և կանգնեցրեց պատերազմը: Նա փրկեց հարյուրավոր կյանքեր»,- ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

Սակայն դժգոհությունները, որ Հայաստանը կորցրել է Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքների մեծ մասը, խլացնում են Ռուսաստանի հասցեին գովաբանությունները: Այդ դժգոհությունը զգալիորեն խարխլել է Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի դիրքերը, որին մեծ թվով հայեր համարում են դավաճան: Արդյունքում ավելի քան տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ հեռացվել են պաշտոնից, ինչը, ըստ վերլուծաբանների, զգալիորեն թուլացրել է Հայաստանի կառավարության դիրքերը:

«Երևանում հիանալի հասկանում են, որ ոչ մի բան չի խանգարի Ադրբեջանին շարունակել հարձակումը՝ փորձելով էլ ավելի առաջ գնալ, եթե Մոսկվան շփման գիծը պահպանելու հարցում բավականաչափ վճռականություն չցուցաբերի»,- ասել է Գուբիևը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30