«Նիկոլ դավաճան, Նիկոլ, դավաճան»,- այս կոչերով ՀՀ քաղաքացիները շարունակում են անհնազանդության ակցիան Մաշտոցի պողոտայում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մի խումբ քաղաքացիներ փակել են Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակը, ոստիկանությունը, բիրտ ուժ կիրառելով նրանց բերման են ենթարկում: Ցույցին մասնակցում են տասնյակ քաղաքացիներ: Նրանց թվում են նաև հասարակական-քաղաքական գործիչներ՝ օրինակ՝ Գյուղատնտեսության նախկին նախարար, Շիրակի նախկին մարզպետ, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը:
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց՝ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում: Դիմելով նրանց՝ Ռուբեն Մելիքյանը գոչեց. «Վազգենի արձան պղծողներ, Ադրբեջանի դրոշը կպցրեք ձեր վրա, ոչ թե Հայաստանի դրոշը, Իլհամ Ալիևի ոստիկանությո′ւն: Անհամաչափ ուժ է կիրառվում այն բանից հետո, երբ ՀՀ վարչական դատարանը վերացրեց խաղաղ հավաքների անցկացման արգելքը: Խաղաղ հավաք է այդ թվում նաև փողոց փակելը: Ադրբեջանի Հանրապետության ոստիկանությունը չի թույլատրում արժանապատիվ քաղաքացիներին իրացնել իրենց իրավունքը: Սա Ադրբեջանի Հանրապետության ոստիկանությունն է, ոչ թե Հայաստանի»: Ռուբեն Մելիքյանը հայտարարեց՝ ոստիկանությունը կարող է ժամկետ սահմանել և թույլ տալ, որ քաղաքացիները իրենց անհնազանդությունն արտահայտեն: Եվ միայն այդ ժամկետը չկատարելուց հետո անցնեն գործողությունների: Սակայն ոստիկանությունը ակցիայի հենց սկզբից է բերման ենթարկել քաղաքացիներին: Ռուբեն Մելիքյանը ոստիկաններին հիշեցրեց՝ իրենք ոչ թե պետք է ծառայեն մեկ մարդու, այլև քաղաքացիներին: Նա բանակցում է ոստիկաններին ու հայտարարեց. «Քաղաքացիներն իրավունք ունեն փողոց փակել: Միայն Իլհամ Ալիևի կոշիկները համբուրած Նիկոլը Փաշինյանը չէ, որ կարող է փողոց փակել, արժանապատիվ քաղաքացիները ևս կարող են փողոց փակել»:
Այնուամենայնիվ, քաղաքացիներին մի քանի անգամ հաջողվեց կարճ ժամանակով փակել դեպի Մաշտոցի պողոտա տանող ճանապարհահատվածը:
Կարդացեք նաև
Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Արթուր Խուդինյանը հայտարարեց՝ բացի աղջիկներից բոլորին պետք է բերման ենթարկել:
Ոստիկանները պատճառաբանում են, թե բերման են ենթարկում, քանի որ քաղաքացիները չեն կատարում նրանց օրինական պահանջը: Սակայն քաղաքացիները պնդում են՝ նրանց օրինական պահանջ չի ներկայացվել ոստիկանների կողմից:
Այժմ փորձ է արվում փակել նաև Սայաթ Նովա փողոց տանող ճանապարհահատվածը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ