Արդեն հինգերորդ օրը կառավարության առջեւ հացադուլ անող «Հայրենիք» կուսակցության անդամ Տիգրան Սուքիասյանի մոտ նույնպես գլխապտույտներ են սկսվել: Բայց վճռական է: «Թեեւ հացադուլի կանոնները թույլ տալիս են գնալ տուն՝ հետեւելու անձնական հիգիենայի կանոններին, սակայն գերադասում եմ մնալ այստեղ: Շորերս տնից բերում են ու փոխում եմ մեքենայի մեջ: Սովորել եմ նոր կենցաղին: Եթե ունես գաղափար ու հետեւողական ես, ընդունում ես քո իսկ ընտրած ճանապարհը, հարմարվում պայմաններին»,- Aravot.am-ին ասաց նա:
Տիգրանի վրա ֆիզիկական ու հոգեբանական դժվարությունները այնքան չեն ազդում, որքան որոշ մարդկանց պահվածքն ու վերաբերմունքը: «Դրանք սադրիչներն են, որոնց պակասը չունենք: Ինչ ասես չեն խոսում: Օրինակ, իբրեւ թե շորի տակ ուտելիք ենք պահում ու թաքուն սնվում ենք: Այդ անպատասխանատու ու դիտավորությամբ հայտարարություններն ինձ շատ են վիրավորում: Կամ գալիս ասում են, իբրեւ հացադուլավորները, այսինքն՝ մենք, եւ միտինգ անողները Նիկոլ Փաշինյանին շեղում ենք: Եվ եթե մենք չլինենք, նա գերիների հարցը արագ կլուծի: Այդպիսիներին աշխատում ենք արհամարհել, հետները չշփվել: Պատահում է նաեւ, որ ստիպված ենք լինում ոստիկաններին դիմել, որպեսզի դրանց հեռու տանեն»,-ասաց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ