Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընտանիքը ադրբեջանցիների տեղադրած տեսանյութում տեսել է, որ թշնամին իրենց տունը շտաբի է վերածել

Նոյեմբեր 30,2020 18:04

Քրիստինե Ասատրյանն իր ամուսնու և տղայի հետ 10 տարի առաջ վերաբնակեցման նպատակով Երևանից տեղափոխվել էր Բերձորի Քաշաթաղի շրջան։

Բերձորում ընտանիքը կարողացել էր ապահով կյանք ստեղծել՝ տուն էին ստացել, աշխատանք, ինչպես նաև երկու տղա երեխա լույս աշխարհ բերել:

Սեպտեմբերի 27 -ին Ասատրյանենց ընտանիքն իրենց մեծ տղայի տան պարիսպներն էր նորոգում, երբ սկսվեց պատերազմը։

«Ամուսինս երեխաների հետ այգում աշխատում էր, լսեցինք կրակոցի ձայներ, ես մտածեցի՝ զորավարժություն է, բայց ամուսինս ասաց՝ էս գռադի ձեն է: Հենց էդ պահին հարևանս վազելով եկավ ասեց՝ պատերազմ է, գյուղ են մտնում։ Շապիկով էլ նստեցինք մեքենան ու դուրս եկանք գյուղից։ Ամուսինս մեզ թողեց Լաչինում ու ինքը գնաց ռազմաճակատ»,- հիշում է Քրիստինեն։

Քրիստինեի խոսքով ամուսինը մեկ ամսից ավելի ռազմաճակատում է եղել, բայց ոչ մի ուժ չի եկել նրանց փոխարինելու համար. «Մարդ չկար, որ գար փոխարիներ՝ ինքը իջներ շորերը փոխեր կամ մի քանի ժամ հանգստանար՝ նորից բարձրանար։ Օր ու գիշեր կեղտոտ շորերով պոստում են կանգնել»։

Քրիստինեն մեծ տղային և ամուսնուն ռազմի դաշտում թողնելով՝ երկու երեխաների հետ հոկտեմբերի 3-ին տեղափոխվել է Երևան: Իսկ նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված եռակողմ հրադադարի պայմանագրից հետո՝ ամուսնու և երկու տղաների հետ տեղափոխվել են Դիլիջան։

Քրիստինեն պատմում է, որ պատերազմից առաջ իրենք նոր տուն էին գնել մեծ տղայի համար, որն այժմ ադրբեջանցի զինվորները շտաբի են վերածել։

Քրիստինեն ադրբեջանցիների տեղադրած տեսանյութում տեսել է, թե ինչպես է թշնամին իրենց տունը վերածել շտաբի ու իրենց հավաքած պոպոքը վայելում․«Տղայիս տան կահույքը նոր էինք գնել, անգամ ապառիկը չենք հասցրել մարել։ Այգում պտղատու ծառեր կային, երջանկացել էի, որ այգեգործությամբ ենք զբաղվելու, հավաքեցինք ծառերից պոպոքը ու լցրեցինք սենյակում, որ չորանա, հիմա թուրքերը մեր տանը նստած մեր հավաքած պոպոքն են ուտում»։

Արմինեի ընտանիքը, որը 10 տարի առաջ Հայաստանից Արցախ էր տեղափոխվել, այսօր կրկին ոչ մի ապագա չի տեսնում Հայաստանում։

Վերաբնակեցման նպատակով մեկնած Քրիստինեն իր ամուսնու հետ պատմում են, որ Արցախում էին միայն կարողացել ոտքի կանգնել և տուն կառուցել․ «Մենք մինչև Արցախ տեղափոխվելը Երևանում 13 տարի վարձով էինք ապրում, իսկ Արցախում մեզ օգնեցին ու կարողացանք տուն ունենալ ու ընտանիք կազմել։ Իմ երկու տղաներին ես Արցախում եմ ծննդաբերել, որովհետև տուն եմ ունեցել ու ապահովության զգացողություն եմ ունեցել։ Ես հիմա էլ Հայաստանում մնալու ոչ մի ցանկություն չունեմ, ուզում եմ առաջին իսկ հնարավորության դեպքում գնամ Արցախ ու գնալու եմ։ Միայն սիրտս ցավում է տղայիս տան համար, այնքան ջանք ու աշխատանք էինք թափել։ Երազում էի, թե երբ ենք տեղափոխվելու ու ապրենք այնտեղ, բայց հիմա թուրքը նստած մեր տան մեջ մեր հավաքած բերքն է ուտում։ Չգիտեմ, սիրտս մղկտում է»։

Այժմ ընտանիքը սպասում է Արցախից ապահովության մասին լուրերին, որ երեխաների հետ գնան նորից Բերձոր։

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30