Առաջիկա օրերին Եվրասիական միությունում կգործարկվի «Ճանապարհորդում եմ առանց Covid–ի» փորձնական նախագիծը։
Անցակետերում հսկողություն իրականացնող սահմանապահները կկարողանան սարքի միջոցով տեղեկանալ բոլոր ուղեւորների կորոնավիրուսի թեստի վերաբերյալ տվյալներին: Այս մասին տեղեկացանք այսօր Sputnik միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կազմակերպված Մոսկվա–Երեւան–Մինսկ–Նուր-Սուլթան–Բիշքեկ տեսակամուրջի ժամանակ: Փորձնական նախագծին կմասնակցի նաեւ Հայաստանը:
ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը հրապարակեց Թվային նախաձեռնությունների հիմնադրամի կազմակերպած` Եվրասիական տարածքում Covid-19 կորոնավիրուսային վարակի համաճարակի տարածման կանխարգելմանը եւ բացասական հետեւանքների հաղթահարմանը ուղղված թվային լավագույն լուծումների մրցույթի արդյունքները: Պարոն Սարգսյանն ասաց, որ ընդհանուր առմամբ ստացել են 163 հայտ, որից 12-ը Հայաստանից: 58 հայտ Ղազախստանից է, 17-ը՝ Բելառուսից, 27 հայտ էլ՝ Ղրղզստանից, 14-ը՝ Տաջիկստանից, 35 հայտ էլ՝ Ռուսաստանից: 16 մասնակից հայտնվել է եզրափակիչում, չորսը՝ հաղթող են ճանաչվել: Հաղթողների թվում չկա հայկական ընկերություն, սակայն նրանցից մեկը եզրափակիչում է, որը նույնպես ֆինանսավորում կստանա: Հաղթող են ճանաչվել ռուսական, ղազախական, բելառուսական ընկերությունները: Ըստ Տիգրան Սարգսյանի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նրանց համար Covid թեստերի տվյալների միասնական բազա է ստեղծել։
Ուղեւորի թեստի տվյալները լաբորատորիայից կուղարկվեն միասնական բազա, որի տվյալները կկարողանան տեսնել սահմանային հսկողության ծառայողները։ Բայց ուղեւորները պետք է հավելված ներբեռնեն եւ որի միջոցով լաբորատոր արդյունքների QR կոդ կստանան։ Սահմանապահներն այդ կոդով կտեղեկանան արդյունքներին՝ նշյալ հատուկ սարքերի միջոցով:
«Մենք փորձնական նախագծի արդյունքները որոշ ժամանակ անց կներկայացնենք ազգային կառավարություններին, եւ նրանք կորոշեն` այն մշտական հիմունքներով կընդունվի՞ ԵԱՏՄ ամբողջ տարածքում, թե՞ ոչ: Մենք հուսով ենք, որ նախագիծը շուտով կգործարկվի Ղազախստանում եւ Ղրղզստանում»,-ասաց Տիգրան Սարգսյանը:
Կարդացեք նաև
Ասաց նաեւ, որ սահմանապահները միայն կարող են տեսել հետազոտության արդյունքը, բայց արխիվացնել՝ ոչ, քանի որ բժշկական գաղտնիք է համարվում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ