Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանից՝ ուղիղ դատարան

Նոյեմբեր 30,2020 17:00

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ վաղը՝ դեկտեմբերի 1-ին դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ կշարունակվի 26-ամյա Սերյոժա Ներսիսյանի դատաքննությունը։ Վերջինս սեպտեմբերյան պատերազմի թեժ օրերին առաջնագծում էր, ու հիմա էլ ընդգրկված է Հայաստանի սահմանամերձ մարզերի ինքնապաշտպանական ջոկատներում։

«Գիտեք, հետաքրքիրն որն է, իմ կարգավիճակում գտնվողները միշտ ասում են՝ չեն թույլատրում մեկնենք սահման, թե չէ կգնանք ու թուրք կխփեք։ Բայց մարդու սրտում պիտի տեղ լինի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սերյոժա Ներսիսյանը։

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, Սերյոժա Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա մաքսանենգությամբ, մաքսային հսկողությունը թաքցնելու եղանակով Իրանի Իսլամական Հանրապետությունից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց է ձեռք բերել։

Սերյոժայի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը (խափանման միջոցը փոխվել էր մինչեւ սեպտեմբերյան պատերազմըԱԴ)։ Նրա պաշտպանները դատարան միջնորդություն էին ներկայացրել, որ թույլատրվի իրենց վստահորդին մեկնելու առաջնագիծ։ Սերյոժան միաժամանակ կցագրվել էր զինկոմիսարիատում եւ հերթական խմբի հետ, ըստ պահանջի՝ մեկնեց Հադրութ։ Ստացան զենքերն ու՝ առաջնագիծ։

Մարտակերտ է ծառայել, սերժանտ էր ու դիրքի ավագ, ծանոթ էր տեղանքին։ «Անձրեւներ, ցեխ, լեռնային գոտիներ, առանց հաց ուտելու, օր էր պատահում՝ սոված, ավտոյով մի տեղից մի տեղ էիր փոխադրվում՝ մտածում էիր, հեսա՝ անօդաչուի թիրախ կդառնաս»,–պատմում է Սերյոժան՝ ավելացնելով, որ թեկուզ այդ պայմաններում՝ չի տրտնջացել։ Հոկտեմբերի 12-ին հրամանատարությունից թույլտվություն է ստացել՝ մեկ օրով Երեւան վերադառնալու։ Հոկտեմբերի 13-ին հերթական դատական նիստն էր նշանակված։

«Մերոնք եկան Ստեփանակերտից ինձ հասցրին Երեւան, բայց դատական նիստը հետաձգվեց, չկայացավ։ Մի օր ավել չմնացի տանը, նույն օրը հետ գնացի Արցախ»,–ասաց Սերյոժան։Վերջինիս կարծիքով, ինքը օրենք ու կարգ չի խախտել, հիմա էլ մարզերից մեկից վերադարձել է, որ վաղվա նիստին մասնակցի։

«Երբ հայրենիքդ վտանգի մեջ է, մտածում ես՝ քո հնարավորության սահմաններում մի բան անել։ Հա, ասենք, շատերի նման փողոցներում թափառեմ, մեր բակի զրուցարանում նստեմ, անցնող-դարձողների հետ շփվեմ, սոցցանցերում քննարկումներին մասնակցեմ՝ ի՞նչ կփոխվի իմ կյանքում»,–մտքերն է կիսում Սերյոժա Ներսիսյանը։ Նա իր նման կարգավիճակ ունեցող անձանց խորհուրդ է տալիս հետեւել իր օրինակին։

«Մի ասեք՝ չեն թողնում, պիտի Երեւանից դուրս չգանք։ Դուրս եկեք, բայց էլի պետք եղած դեպքում ներկայացեք նիստերին»,–ասում է Սերյոժա Ներսիսյանը։ Արցախյան վերջին պատերազմին մասնակցելով կամ մարզերի ինքնապաշտպանական ջոկատներում ընդգրկվելով՝ մեր զրուցակիցը անգամ չի մտածում, որ դատարանը վճիռ կայացնելիս մեղմ կվերաբերվի։

«Հայրենիքիդ պաշտպանելը կապ չունի ոչ մի պրոցեսի հետ։ Սխալվել եմ, եթե դատարանը գտնի, որ մեղավոր եմ, պատրաստ եմ պատիժս կրելու»,–ասաց Սերյոժա Ներսիսյանը՝ կատակով հիշեցնելով բոլորին հայտնի ծանուցումը․«ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով» ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30