Ադրբեջանական կողմում գտնվող հայ ռազմագերիների, զոհվածների մարմինների եւ քաղաքացիական անձանց վերադարձի պահանջով նամակն այսօր հայ մտավորականության ներկայացուցիչները հանձնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Ֆրանսիայի հայաստանյան դեսպանությանը:
Երթի մասնակիցներին մոտեցավ եւ նամակը վերցրեց դեսպանատան ներկայացուցիչը: «Նա խոստացավ, որ հենց այսօր մեր նամակը կհանձնի Ֆրանսիայի դեսպանին: Ասացինք, որ պատասխան ենք ակնկալում՝ նամակին ընթացք տալու առնչությամբ»,-հայտարարեց ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը: Նա լրագրողներին տեղեկացրեց, որ այսօր երեկոյան ակնկալում են, որ ՌԴ դեսպանատնից արդեն իսկ պատասխան կլինի ավելի վաղ հանձնված իրենց նամակին, իսկ վաղը 13:00-ին հավաքվելու են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան առաջ:
«Այս գործընթացի ավարտից հետո կներկայացնենք, թե էլ ինչ կարող ենք անել: Նման նամակներ հանձնվել են սփյուռքի մեր համայնքների կողմից՝ իրենց երկրների դեսպանատներին: Բոլորին խնդրում եմ մեր էջերից վերցնել նամակների օրինակները, տարածել, ուղարկել միջազգային կազմակերպություններին: Մեծ աղմուկն արդյունքի կհանգեցնի»,-հավելեց Հրանտ Թոխատյանը:
Նա նաեւ նշեց, որ այս աշխատանքում կառավարության հետ կոնտակտ չկա. «Եթե ասեմ, որ կառավարությունը չի զբաղվում այս հարցով, սուտ կլինեմ, որովհետեւ չգիտեմ: Կարող եմ միայն ենթադրել, որ չի զբաղվում, դրա համար էլ որեւէ գերի դեռ չի վերադարձել: Չկա նման տեղեկատվություն»:
Կարդացեք նաև
Ապա որդուց որեւէ տեղեկություն չունեցող մի տարեց բարձրաձայնեց, որ դիմել է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակին, ՊՆ-ին, բայց ոչ մի արդյունք: Տղամարդը նշեց, որ իր հայրենի գյուղն Ադրբեջանին հանձնելու ժամանակ անգամ պատշաճ ժամանակ չեն տվել, որ իրերը հավաքի՝ հագի շորերով է դուրս եկել. «Մինչեւ այդ թուղթը ստորագրելը պետք է գերիներին հետ բերեին, նոր տարածք հանձնեին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ