Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան. «Ես կարծում եմ, որ մենք նույնիսկ կարող ենք ունենալ առաջադրված միասնական վարչապետի մի քանի թեկնածու»

Նոյեմբեր 30,2020 15:54

«Առավոտի» հարցերին պատասխանում է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը:

-Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո բողոքի ցույցեր սկսվեցին, որտեղ պահանջվում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Դուք՝ ձեր քաղաքական ուժով ևս այնտեղ եք։ Զուգահեռ տեսակետ կա, որ այդ 17 ուժերը նույնն է, թե նախկիններն են և ուզում են իշխանության գալ։

-Այդ ցույցերում առաջին հերթին Հայաստանի հազարավոր քաղաքացիներն են, ովքեր իրենց անհամաձայնությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը պատերազմի 45 օրերին ընթացքում իրենց լկտիաբար խաբելու, հաղթական պատերազմի թեզերով սնելու, կեղծ իրականություն հրամցնելու, իսկ վերջում բոլոր այդ մարդկանց ազգային արժանապատվությունն ու պատիվը ոտնահարելու և հայրենիքի մի մասը կորցնելու համար։ Այսօր առկա գործընթացը նախաձեռնել են 17 քաղաքական ուժեր, որոնց թվում են ինչպես իմ ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունն, այնպես էլ խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ ուժը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, արտախորհրդարանական բազմաթիվ այլ ուժեր։ Բոլորիս պահանջը մեկն է ու շատ հստակ՝ Նիկոլ Փաշինյանի ինքնակամ, անցնցում հեռացումը։

Իսկ ինչո՞ւ հրաժարական՝ պատճառն ավելի քան պարզ է. Նիկոլ Փաշինյանը երկրի կառավարումը տապալած վարչապետ է և պատերազմ պարտված, այսպես կոչված, գերագույն հրամանատար։ Ես ուզում եմ այս երկու փաստերը հստակ արձանագրենք բոլորս, քանի որ դրանք այլևս անդառնալի իրողություններ են։

Պարզաբանեմ. խնդրեմ, վերցրեք ոլորտային կառավարման մոտեցմամբ դիտարկեք Նիկոլ Փաշինյանի կառավարման 2.5 տարին՝ տեղում դոփող տնտեսություն, համավարակի ճիրաններում ճկած առողջապահական համակարգ, կիսատ-պռատ, չտրամաբանված, արհեստական օրակարգով պարտադրված քաղաքական և իրավական անհասկանալի կիսաբարեփոխումներ, բռնաճնշումների ենթարկվող քաղաքական ու հասարակական կյանք, ատելության և թշնամանքի խրախուսում, ճամբարների բաժանված հասարակություն, այս ամենին գումարած պատերազմի հետևանքները՝ մի ամբողջ երիտասարդ սերունդ արդեն չկա, հազարավոր այդ նահատակվածների կողքին կան սարսափելի առողջական խնդիրներ ունեցող հազարավոր վիրավորներ, իրենց տներն ու ապրուստը կորցրած, կորցնելու վտանգի առաջ կանգնած հազարավոր ընտանիքներ՝ այդ ամենի առաջ ծնկած սոցիալական ապահովության համակարգ, միլիոնավոր դոլարներ արժեցող սպառազինությունն այլևս չկա, զինված ուժերն ու բանակն, ընդհանուր առմամբ, լրջագույն վերակազմավորման ու մոդեռնիզացիայի առաջ են կանգնած, իսկ մյուս կողմից՝ ունենք կորսված հայրենիքի մաս ու փխրուն անվտանգություն ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության մասով։

Ուզում եմ հիշեցնել, որ այն ամենն ինչ թվարկեցի, այդ ամենի մասին ես և իմ ղեկավարած քաղաքական ուժը, ինչպես նաև ընդդիմադիր մյուս ուժերը նոր չէ, որ խոսում ենք։ «Հայրենիք», «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունները դեռ պատերազմի սկսվելուց առաջ էին այս մասին բարձրաձայնում, մենք դեռ պատերազմից առաջ էինք նույն Ազատության հրապարակում հանրահավաք հրավիրել՝ կրկին ունենալով մեկ օրակարգ՝ Նիկոլ Փաշինյան ապիկար վարչապետի ու կառավարության հեռացում։

Այս պահին կա մեկ իրականություն՝ մեր պետականությունը լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած, դրանք ոչ թե ստատիկ սպառնալիքներ են, այլ օր օրի իրենց բնույթը փոխող և նոր վտանգավորություն ձեռք բերող կոնկրետ խնդիրներ են, որոնց լուծում տալու որևէ ռեսուրս չունի Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրած պոպուլիստ, ստախոս և անհեռանկար անձնավորությունը։ Սրանում ոչ ոք այլևս կասկած չունի։ Եվ դա է պատճառը, որ այդ նույն ստախոսն այսօր փորձում է վարկաբեկել հրապարակում հայրենիքի փրկության համար ոտքի ելած մարդկանց ու քաղաքական ուժերին՝ դաշտ նետելով կեղծ թեզեր ու պիտակավորումներ առ այն, որ մենք ուզում ենք չեղարկել եռակողմ համաձայնագիրը, որ մենք մի նոր պատերազմ ենք ուզում, որ մենք «աթոռակռիվ» ենք անում կամ ինչպես դուք ասացիք՝ նախկին ենք։

Վստահեցնում եմ, որ սրանք լկտի ստեր են՝ մենք բազմիցս ենք նշել, որ եռակողմ հայտարարությունը չեղարկելու ռեսուրս այսօր չկա, որ մեր նպատակն է առողջ, հայրենիքի համար իրապես մտահոգված, բանիմաց ու հասարակության վստահությունը վայելող ուժերով ձևավորել այնպիսի իրավիճակ, որը մեզ թույլ կտա առանց հապաղելու ուղղել պետության մեջքն ու բոլոր ռեսուրսները ներդնել այդ եռակողմ հայտարարության հիման վրա հետագայում ստորագրվող մեծ փաստաթղթում հնարավորինս հայանպաստ լուծումների գալու համար։

Նույն լկտի սուտն է նաև նախկինների վերադարձի ու դրանով հանրությանը տեռոր անելը։ Այս հարցով մտահոգվողներին առաջարկում եմ շատ ուշադիր ուսումնասիրել Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատը, որից հետո գրեթե վստահ եմ, որ ցանկացած բանիմաց մարդ ավելի շատ վախենալու նախկին կտեսնի, քան ի դեմս այն մարդկանց, որոնց այդպես պիտակավորվում են։ Ի վերջո, ջուր ծեծոցու ժամանակ այլևս չկա, այդ նախկինների թեզն իրեն սպառած քարոզչական փուչիկ է, ուրիշ ոչ մի բան։

-Պարոն Վանեցյան, ենթադրենք Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս ու հեռանում, այդ դեպքում ո՞վ է հրապարակում հավաքված քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուն և ի՞նչ օրակարգ պետք է որդեգրվի, քանի որ մարդկանց հսկայական զանգվածի, ովքեր արդեն խորապես հիասթափված են Նիկոլ Փաշինյանից, հենց այս հարցն է հուզում։

-Թե՛ ես և թե՛ հրապարակում հավաքված քաղաքական ուժերը տարբեր առիթներով և բազմիցս նշել ենք, որ այս պահին Հայաստանում տեղի ունեցող գործընթացների առանցքը որևէ դեպքում չպետք է նեղացնել ու այն հանգեցնել զուտ գործող վարչապետի անձը մեկ այլ անձով փոխելուն, այսինքն՝ որևէ դեպքում չեմ ուզենա, որ շեշտադրումները գնան միայն այդ ուղղությամբ։ Խնդիրն ավելի մասշտաբային է, խորքային ու բազմաշերտ։ Այսօր մենք պետականության փրկության մարտահրավերին ենք դիմակայում։ Քիչ առաջ ես բանաձևեցի այդ խնդիրներն ընդհանուր առմամբ, ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ մեր առջև ծառացած խնդիրներն այնքան ընդգրկուն ու օրհասական են, որ մեզ պետք են համակարգային, համակողմանի, հրատապ լուծումներ։ Սա ենթադրում է ավելի շուտ կոլեգիալ պատասխանատվություն և բոլոր այն մարդկանց ներուժի համախմբում, ովքեր իրապես հասկանում են պետության և պետականության գաղափարն ու իրենց մտավոր կարողություններով, քաղաքական ու մասնագիտական կապիտալով կարողանալու են ստանձնել կոնկրետ ոլորտային պատասխանատվություն և երկիրը դուրս բերել այն փոսից, որը մեզ համար փորեցին պոպուլիստներն ու խաբեբաները։

Դեռևս այս տարվա հունիսի 3-ին Վանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության համախոհների հետ հանդիպման ժամանակ, լավ հասկանալով, թե ներկա իշխանությունները դեպի ուր են տանում Հայաստանն ու Արցախը, առաջարկեցի որպես ստեղծված իրավիճակից ելք ձևավորել Ազգային համաձայնության կառավարություն, որը կրելու է ժամանակավոր բնույթ, մինչ երկրի մեջքը հնարավորինս ուղղվելուց հետո արդեն կայուն ու նորմալ պայմաններում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այդ ժամանակ մեր այս առաջարկը, չեմ ուզում ասել, անտեսվեց, բայց չդարձավ այն գերակայությունը, որպիսին իրապես կոչված էր լինելու։ Ավելին, իշխանությունները սկսեցին իմ դեմ մի նոր արշավ՝ իրավապահ համակարգի ներգրավմամբ։

Հիմա, երբ արդեն չարաբաստիկ պատերազմը առանց բացառության բոլորին ի ցույց դրեց Նիկոլ Փաշինյանի իշխանության էությունը, շատ շատերի համար ընկալելի դարձավ, թե ինչի մասին էի խոսում։ Օրերս, երբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն էր քաղաքական տարբեր ուժերի հետ իրավիճակից ելք գտնելու համար սկսել խորհրդակցությունների շարք, ես այդ խորհրդակցությունների շրջանակում կրկին նախագահին առաջարկեցի այն, ինչի մասին, որ բարձրաձայնել էի դեռ ամիսներ առաջ։ Նախագահի կողմից ևս կա ըմբռնում, որ դա ստեղծված իրավիճակի միակ ելքն է։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ թե հանրության շրջանում և թե քաղաքական ուժերի շրջանում այս մասով կա լայն համախոհություն։ Հետևաբար, վարչապետի ենթադրյալ թեկնածուի մասին խոսելիս, պետք է ելնել այս նկարագրածս վիճակից, ինչը նշանակում է, որ վարչապետի թեկնածուն լինելու է հնարավոր բոլոր այս շրջանակների կողմից ընդունված մարդ: Ասեմ ավելին, իրերի դրությունն այնպիսին է, որ դուրս լինելով զուտ ներկուսակցական շահերի պրիզմայով քաղաքական պայքարից, ես կարծում եմ, որ մենք նույնիսկ կարող ենք ունենալ առաջադրված միասնական վարչապետի մի քանի թեկնածու, հետևաբար և հնարավորություն՝ ընտրելու այն լավագույնին, ով ունակ է ազգային համախմբմամբ ուղղել մեր երկրի կռացած մեջքն ու կայուն հիմքեր դնել սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար Հավատացեք, մեր երկրի ճակատագրով մտահոգ ու բանիմաց մարդկանց կադրային բազան բավական ներկայացուցչական է, այդ միայն Նիկոլ Փաշինյանն է, ով իր անձի պաշտամունքից կուրացած չի տեսնում ուրիշ որևէ բան։

Ինչ վերաբերվում է օրակարգին, ավելի մանրամասն այդ մասին մենք կխոսենք, երբ արդեն կմոտենանք այդ փուլին, չնայած ձեր նախորդ հարցի շրջանակներում արդեն նշեցի, թե որոնք են մեր երկրի օրակարգային հարցերը։ Ինչու եմ ասում մեր երկրի, քանի որ սա մեկ կամ մի քանի քաղաքական ուժի խնդիր չէ։ Կուզենամ միայն հավելել, որ այդ օրակարգը ենթադրելու է ոչ միայն հրատապ ներպետական հարցերի շրջանակ ու դրանց լուծումներ, այլ նաև արտաքին քաղաքականության մի շարք օրակարգային հարցեր և առաջին հերթին մեր դաշնակից ու բարեկամ երկրների հետ հարաբերություններին նոր որակի ու դինամիկայի հաղորդում, այս ընթացքում թույլ տրված բազմաթիվ ցավոտ սխալների շտկում և այդ հարաբերությունների տեղափոխում դեպի նոր հորիզոն։

-Արդյոք ձեր վերջին միտքը վերաբերվո՞ւմ է ՌԴ-ի հետ Հայաստանի հարաբերություններին։

-Ի թիվս այլ խնդիրների՝ այո՛, առաջին հերթին մենք պետք է մի նոր թարմություն ու ոգի հաղորդենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր բարեկամական, ռազմավարական ու դաշնակցային հարաբերություններին։ Մենք այս պատերազմի ընթացքում ևս տեսանք, որ չնայած Հայաստանի ներկա իշխանությունների կողմից հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ թույլ տրված բազմաթիվ սխալներին, Ռուսաստանը մեծ անհանգստությամբ կիսում էր հայ ժողովրդի ապրումները և կատարում դաշնակցային իր բոլոր պարտավորությունները։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ ի թիվս այլ միջազգային գործընկերների հետ Հայաստանի ունեցած հարաբերություններին, Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները որքան էլ խորն են, բարեկամական ու դաշնակցային, նույնիսկ այդ հարաբերություններում Նիկոլ Փաշինյանին ու իր կառավարությանը հաջողվել էր լարվածություն, անհասկացվածություն ու նյարդայնություն հաղորդել։

Մենք տեսանք՝ իշխանական շրջանակներից շատերը նախկինում ընդգծված հակառուսական դիրքորոշումներ ունեին, իսկ արդեն հեղափոխությունից հետո նրանք Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության արդյունքում հայտնվեցին իշխանական կարևոր պաշտոններում։ Հետևաբար այսօր մենք խնդիր ունենք նոր լիցք հաղորդելով հայ-ռուսական հարաբերություններին՝ միաժամանակ մեր ռուս գործընկերներին վստահեցնել այդ հարաբերությունների բնույթի անսասանության ու դրանում մեր համոզվածության մեջ։ Առկա է գործիքների ու հնարավորությունների լայն շրջանակ, որը մեզ թույլ է տալիս անել այն ամենն, ինչի մասին ես նշեցի։

Իսկ ինչ վերաբերվում է նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության համատեքստում հայ-ռուսական հարաբերություններին, ապա կուզենամ հստակ նշել, որ մեզ համար աներկբա է այն մեծ ներդրումը, որ միջնորդական առաքելության շրջանակներում ունեցել է ՌԴ նախագահը պատերազմի դադարեցման գործում, ինչպես նաև պատերազմի ամբողջ ընթացքում: Այլ հարց է, որ պատերազմի ելքը փոխելու և հայանպաստ դիրքերում այն ավարտելու պարտականությունն ու պատասխանատվությունը մերն է եղել, նկատի ունեմ հայկական կողմինը, ինչը փաստացի տապալվել է Նիկոլ Փաշինյանի մեղքով։ Չեմ ուզում շատ խորանալ այս հարցում, դեռ դրան ամենայն մանրամասնությամբ անդրադառնալու հնարավորություն ունենալու ենք։

Այս պահին միայն կուզենամ շեշտել, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո՝ մենք տեսնում ենք բանակցային այն ռեսուրսը, որը փորձելու է հայտարարության հիման վրա կազմվելիք վերջնական տարբերակում հայանպաստ շտկումներ իրականացնել։ Միաժամանակ ուզում եմ շեշտել, որ ցանկացած գիտակից մարդու համար պարզ է, որ բանակցային այդ ռեսուրսի իրացնողն այլևս Նիկոլ Փաշինյանը չէ, թեկուզև զուտ այն պարզ պատճառով, որ նա, ըստ էության, տապալել է բանակցային ձևաչափով խնդիրը լուծելու հնարավորությունը, ինչն հանգեցրեց պատերազմի ու փաստացի հիմա նա այդ պատերազմը պարտված այսպես կոչված գերագույն հրամանատարն է։ Բավական է միայն հետևել Ադրբեջանի նախագահի՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին արվող հայտարարություններին, որպեսզի պատկերացնում կազմենք, թե այսօրվա վիճակում գտնվող Նիկոլ Փաշինյանը ապագա բանակցություններում ինչպիսի մեկնարկային կետում կարող է լինել։ Ցավում եմ, բայց այստեղ որևէ տարիմաստություն չկա, ամեն բան պարզ է։

-Բանակցություններից խոսեցիք, պարոն Վանեցյան, նախօրեին վարչապետը գրառում էր արել, որում ներկայացնում էր, թե պատերազմական բուն գործողությունների փուլում դրանք դադարեցնելու համար իրեն ինչ առաջարկություններ են արվել, ինչու է մերժել, ինչպես նաև, կարծես, գերիների ծնողներին, ովքեր բողոքի ցույցեր են անում, ակնարկում էր, որ այդ ցույցերը խանգարում են նրանց վերադարձի գործընթացին։ Այս առնչությամբ ի՞նչ կասեք։

-Արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ այն, ինչ հիմա անում է Նիկոլ Փաշինյանը թե ուղերձներ հղելու և թե գրառումներ անելու տեսքով, մի նպատակ ունի. կատարվածի մեղավորներ կարգել բոլորին և իրեն բնորոշ խորամանկությամբ շրջանցել իրեն ու իր ապիկար շրջապատին։ Սա ուշացած խաղ է Փաշինյանի կողմից, նրա վստահության գնացքն արդեն գնացել է, մարդիկ թացը չորից շատ լավ տարբերում են։

Երկրորդ՝ նա այդ ուղերձներում ու գրառումներում նորից ստեր է տարածում. գրել էր, որ փախստականների՝ Շուշի վերադարձի հետ կապված նրբություններ են եղել, որոնք ինքը բացատրել է Ռուսաստանի նախագահին, իբրև վերջինս այդ մասին տեղյակ չի եղել, և հենց այդ նրբություններից ելնելով էլ ինքը հրաժարվել է հոկտեմբերի երկրորդ կեսին պատերազմը դադարեցնելու վերաբերյալ իրեն արված առաջարկից։ Սա նրա հերթական մանիպուլյացիան է, քանի որ բոլորս հիշում ենք այս հարցի մասին ՌԴ նախագահի մեկնաբանությունը, որ իր համար տարօրինակ է եղել Նիկոլ Փաշինյանի բացատրություններն ու բնականաբար դրանց հիմքով հրաժարվելը։

Հետո, մենք տեսանք, թե ԱԺ ամբիոնից ուղիղ եթերով նա Շուշիի մասին ինչ ստեր էր խոսում օրեր առաջ, որ նույնիսկ ԱԳՆ-ն ստիպված չխայտառակվելու համար րոպեներ անց հերքեց նրան, ինչին հաջորդեց Փաշինյանի րոպեական հիստերիան ու ոտքի վրա Զոհրաբ Մնացականյանին աշխատանքի ազատելը։ Պարզ է, չէ՞, ինչ ողբերգության հետ գործ ունենք։

Ինչ վերաբերում է գերիների խնդրին, ապա նրանց ծնողներին բողոքի ցույցերից հեռու պահելու փոխարեն՝ Փաշինյանը լավ կանի ազնվորեն խոստովանի, որ ինքն այդ հարցը լուծել չի կարողանում, քանի որ իրեն այլևս որպես բանակցողի բանակցությունների սեղանի մոտ ոչ ոք չի հարգում։

-Ի վերջո, ինչ տեղի ունեցավ 2018 թվականին Հայաստանում և կա՞ արդյոք կապ այդ ամենի ու 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի միջև։

-2018 թվականին ու դրանից հետո մարդիկ Հայաստանում արդարություն, սոցիալ-տնտեսական, սոցիալ-կենցաղային պայմանների բարելավվում, լավ ու անվտանգ ապագայի հույսեր ու ակնկալիքներ էին փնտրում։ Հանրային լայն շրջանակների մոտ առկա էր դժգոհության և անվստահության մեծ ալիք և մարդիկ իրական փոփոխությունների փնտրտուքի մեջ էին։ Անձամբ ինձ համար այս ամենն է եղել այդ շրջանում ԱԱԾ ղեկավարի պաշտոնը ստանձնելու շարժառիթն ու նպատակը։ Ես փորձել եմ իմ հասանելիք պատասխանատվությունը ստանձնել ու ինչ-որ բան փոխել, վատ ու արատավոր երևույթների դեմ իմ լիազորությունների շրջանակներում պայքարել, արդարացնել փողոց դուրս եկած մարդկանց սպասումներն ու նրանց տրված խոստումների գոնե որոշակի մասը։ Հիմա արդեն հետհայաց նայելով մենք պետք է տեսնեինք, որ իրականում Նիկոլ Փաշինյանի խոստացված փոփոխությունների հեղափոխությունը կոչված էր իշխանության գալուց հետո փոխել իր տրամաբանությունն ու վերջնարդյունքում չարիք դառնալ այս ժողովրդի ու պետության գլխին։

Խնդիրների ի հայտ գալուց հետո ես հասկացա, որ արդեն ճամփաբաժանին եմ, փորձեցի կանգնեցնել այդ վտանգավոր ընթացքը և հասկանալով, որ իշխանության պատերի ներսում անզոր եմ դա միայնակ անել, հրաժարական ներկայացրեցի և հրապարակային հայտարարեցի. «Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ»։ Ցավում եմ, բայց օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով իմ այդ բավականին մտահոգիչ հայտարարությունն ու կոչը ևս ի զորու չեղավ կասեցնել Նիկոլ Փաշինյանի իշխանատենչ ու կործանարար կառավարումը։

Հանրային տրամադրությունների վրա իշխանության եկած այդ մարդն ու իր թիմը մսխեցին 2018 թվականին առկա ողջ ներուժը, տուրք տալով պոպուլիզմին, նեղ անձնական, չեմ վարանի ասել՝ նույնիսկ նենգ քաղաքական շահերին, հետևողականորեն, ստով, կեղծիքով, ժողովրդին, միջազգային գործընկերներին մանիպուլացնելով, հասարակությանը միֆերով սնելով, երկրում հանրային, քաղաքական այլընտրանքը վերացնելով, բռնաճնշումներով ընդդիմադիրների ու ազգային, պետական շահերի դիրքերից հանդես եկողների դեմ պայքարով՝ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն, ոլորտ առ ոլորտ բթացրեց պետականության զգոնությունը, թմբիրի մեջ նետեց իրեն հավատացած ժողովրդին, ապալեգիտիմացրեց բանակի թիկունքը պահող շատ շատերին, կեղտոտ վերբալ հարձակումների և սուտ քրեական գործերի միջոցով մեկուսացրեց նրանց, տապալեց ղարաբաղյան հարցով բանակցությունները, Հայաստանն ու Արցախը տարավ մի այնպիսի փակուղի, որից ելքը դարձավ այս չարաբաստիկ պատերազմն ու մեր խայտառակ պարտությունը։

Նոյեմբերի 19-ին ՀՀ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն իր ասուլիսում մանրամասնորեն ներկայացրել է, թե ինչպես է Փաշինյանը կազմաքանդել ու թուլացրել հայոց բանակը, ուստի փաստերն իրար կողք դնելու և պարզ դատողություններ անելու ունակ ցանկացած մեկը կարող է տեսնել թե ինչ կապ կա 2018 թվականին Փաշինյանի իշխանության գալու և 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի ու Արցախի դեմ սանձազերծված պատերազմի միջև։

-Դուք ասացիք, որ կլինի առաջադրված վարչապետի միասնական թեկնածու։ Կա հնարավորություն, որ այդ թեկնածուն հենց դուք լինեք։

-Իմ կարծիքով՝ ժամանակավոր կառավարությունը պետք է լինի կոնսենսուսային և կազմված լինի պրոֆեսիոնալներից։ Հատկապես վարչապետի պաշտոնում անձամբ ես տեսնում եմ բոլորի կողմից ընդունելի և փորձառու գործչի։ Ես այդպիսի գործիչների տեսնում եմ, բայց անուններ տալ չեմ ուզում, քանի որ այսօր օրակարգում միակ խնդիրը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30