Արցախում ծառայող զինծառայողների ծնողները նոյեմբերի 30-ին կառավարության շենքի դիմաց էին։
Վարչապետի օգնականը ընդունել է ծնողներից մի քանիսին։ Եվ մինչ հանդիպումը կավարտվեր, մնացած ծնողները սպասում էին կառավարության շենքի դիմաց։
«Խնդրում ենք մեկ ամիս շուտ մեր երեխաները զորացրվեն»,- ասում էին ծնողները, որոնց որդիները պետք է զորացրվեն 2021 թվականի հունվար ամսին։
Ծնողները նաև դիմել են Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակ․ «Մեր բոլոր հարցերը բարձրաձայնել ենք։ Խոստացել են աջակից լինել թե՛ գլոբալ, թե՛ անհատական հարցերով։ Բոլորիդ ասում եմ՝ եթե ինչ-որ մեկը ունի երեխա, որը այս պահին վատառողջ է, թեկուզ ատամի ցավ ունի, մոտեցեք պարոն Թաթոյանի գրասենյակ, անձամբ դիմեք։ Ես շատ բավարարված եմ գրասենյակի մոտեցումից՝ թե՛ մարդկային, թե՛ այս մեր խնդիրների մոտեցման լուծումներից։ Մոտեցեք, կլուծեն»։
Կարդացեք նաև
Ծնողները բարձրաձայնել են նաև հունվար ամսին զորացրվող զինծառայողների, կապի խնդիրները։ Սակայն, ծնողների մի մասը կարծում է, որ դա ընդամենը փափուկ բարձ է։
«Անհատական մոտեցումը չի բացառում մեր այստեղի հավաքը։ Հավաքը պետք է կայանա»,- պատասխանում էին ՄԻՊ-ի հետ հանդիպած ծնողները և խորհուրդ էին տալիս մնացածին՝ և՛ մասնակցել ցույցերին, և՛ դիմել ՄԻՊ գրասենյակ։
Այդ ընթացքում ավարտվեց վարչապետի օգնականի հետ հանդիպումը, որը տվել էր զինծառայողների ծնողների՝ նամակում բարձրացված հարցերի պատասխանը․ «Միանշանակ, ցուցում է տրված, որ մեր երեխաները վերադառնում են միայն արձակուրդով առայժմ։ Սկսվում է ամսի 1-ից, այսինքն՝ վաղվանից։ Դրան զուգահեռ, այսօր խորհրդակցություն է եղել վարչապետի մոտ, պաշտպանության նախարարն էլ է եղել, և եղել է քննարկում, որ սկսեն տեղերով փոխելը, այսինքն՝ Հայաստանում տեղակայված որևէ զորամասի զինվորները գնում են, փոխարինում են կոնկրետ ինչ-որ մեկ այլ զորամասի զինվորներին։ Նրանք էլ վերադառնում են այստեղ որոշ ժամանակ՝ կազդուրվելու, հավաքվելու։ Եվ չի բացառվում, հստակ չի, որովհետև Գլխավոր շտաբը դրա վրա աշխատում է, որ այս արձակուրդներին զուգահեռ դա կատարվի։ Դրա հետ միասին մեր կողմից հարցադրումներ եղան։ Օգնականը խոստացավ դրանք հաղորդել վարչապետին և հնարավորության դեպքում փորձել լուծել դրանք»։
Նրանք հայտնեցին, որ վաղը հանդիպում են ունենալու պաշտպանության նախարարությունում, որտեղ կոնկրետ գրաֆիկ են ներկայացնելու, ինչից հետո պարզ կդառնան ծնողների հետագա քայլերը։
«Մենք այստեղ էլ անելիք չունենք։ Մեզ այստեղ բավարարեցին, կարևոր է, որ մեր ձայնը լսեցին, երեխաների արձակուրդը եղավ, երեխաների գալու հարցն էլ մնում է, որ այնտեղով զբաղվեն, հասկանանք՝ ոնց ենք անում»,- ասացին ծնողները։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ