Ադրբեջանական կողմում գտնվող հայ ռազմագերիների, զոհվածների մարմինների եւ քաղաքացիական անձանց վերադարձի պահանջով հայ մտավորականությունն այսօր Երեւանի կենտրոնից երթով շարժվում է դեպի Ֆրանսիայի դեսպանատուն:
«Ամեն օր ավելի ենք համոզվում, որ գործող իշխանությունն ի վիճակի չէ դա անելու: Այս երթով փորձում եմ իմ ձայնը հասցնել մարդկանց»,-լրագրողների հետ զրույցում ասաց երթի մասնակից, լրագրող, հեռուստամեկնաբան Արտակ Հերիքյանը: Նա շեշտեց՝ իշխանությունը ստորագրել է մի եռակողմ հայտարարության տակ, որում տարածքները կիլոմետր առ կիլոմետր վերադարձնելը շատ հստակ է, բայց մեր խիստ կարեւոր՝ գերիների, անհետ կորածների, դիերի վերադարձի հարցն անորոշ է. «Դա որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Ամեն օր համոզվում ենք, որ այս իշխանության գործողությունները տրամաբանության մեջ հասկանալ փորձելը անիմաստ զբաղմունք է»:
Նկատառմանն ի պատասխան, որ ըստ մտավորականության՝ այս երթն ապաքաղաքական է, Հերիքյանը նշեց. «Չգիտեմ՝ որքանո՞վ է քաղաքական կամ ապաքաղաքական, բայց հանրահավաքի դուրս գալն, իմ կարծիքով, քաղաքական ժեստ է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ