Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պատերազմից գուցե հնարավոր է խուսափել, բայց պակաս կարևոր չէ վստահ լինել, որ տնտեսապես կարող եք ձեզ թույլ տալ պատերազմել». Ջոն Հարքեր

Նոյեմբեր 30,2020 14:35

Ամուլսարի Ծրագրի Անկախ խորհրդատվական խմբի նախկին նախագահ Դոկտոր Ջոն Հարքերը օրեր առաջ Mirror Spectator-ում  «Հայաստանը նախկինում և հիմաԱմուլսարի խնդրի վերաիմաստավորման ժամանակը» վերտառությամբ ծավալուն հոդված է հրապարակել` անդրադառնալով Հայաստանի` որպես բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող պետության մարտահրավերներին և նախանշելով ճգնաժամից դուրս գալու ուղիները: Ըստ Հարքերի` «Պատերազմի վտանգը մշտապես առկա է։ Պատերազմից գուցե հնարավոր է խուսափել, բայց պակաս կարևոր չէ վստահ լինել, որ տնտեսապես կարող եք ձեզ թույլ տալ պատերազմել»։

Դոկտոր Ջոն Հարքերը  եղել է Կանադայի Քեյփ Բրեթոն համալսարանի նախագահն ու փոխկանցլերը, աշխատել է Աշխատանքի միջազգային կազմակերպությունում և եղել է նախագահ Նելսոն Մանդելայի խորհրդականը Հարավային Աֆրիկայում Ազգային զարգացման գործակալության ստեղծման ժամանակ:

Ներկայացնում ենք հոդվածի հայերեն թարգմանությունը` ամբողջությամբ:

«Հայաստանը նախկինում և հիմա. Ամուլսարի խնդրի վերաիմաստավորման ժամանակը»

Ես հիմա գրում եմ այս տողերը Կանադայի Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող իմ հարմարավետ ու անվտանգ տանից՝  և մտածում եմ հեռավոր Հայաստանի մասին, որը ցամաքով շրջափակված ու դեպի ծով ազատ ելքից զրկված մի երկիր է, որը ժամանակին եղել է Խորհրդային միության կազմում՝ մշտապես մնալով հինավուրց երկիր, և որը հիմա վերածվել է պատերազմից մեծապես տուժած պետության։ Պատերազմ, որն ընթանում է իր հարևան Ադրբեջանի հետ։

Այս երկու հարավկովկասյան երկրների միջև պատերազմի ենթադրյալ պատճառը  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս ներկայացրել է այսպես՝ «Հայաստանն ու հայկական ռազմական ուժերը պետք է հեռանան մեր տարածքից»։ Վիճելի այս տարածքը Լեռնային Ղարաբաղը կամ Արցախն է, որը կռվախնձոր էր դարձել Ադրբեջանի և Հայաստանի միջև շատ վաղուց։

Եվ այս ընթացքում՝ համենայն դեպս վերջին տարիներին, Ադրբեջանը «ղեկավարող» Ալիևների ընտանիքը տարբեր միջոցներով փորձում էր շեղել երկրի ազգաբնակչությանը տիրող ստատուս քվոն՝ Ալիևների սանձարձակ կառավարումը, փոփոխելու փորձերից։ Միգուցե Լեռնային Ղարաբաղի հարցի ակտիվացման պատճա՞ռն է եղել ոչ միայն «տարածքային ամբողջականության» վերականգնման պարտավորությունը, այլ նաև երկրի հնարավոր ժողովրդավարացման վախը։

Տարածքային ամբողջականությունը հանդիսանում է «միջազգային համակարգի» հիմնարար սկզբունքներից մեկը, որը չի կարելի անտեսել, բայց և չի կարելի անտեսել մեկ այլ հիմնարար սկզբունք, այն է՝ «ինքնորոշման» իրավունքը, որը հանդիսանում է միջազգայնորեն ընդունված իրավունքներից օգտվելու մարդկանց անքակտելի իրավունք։

Այսպիսով, կան երկու՝ որոշ առումով,  մրցակցող սկզբունք, և քանի որ այդ սկզբունքները կարող են երբեմն հակասել միմյանց, ուստի անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը՝ հարցի ճիշտ լուծումը գտնելու համար։ Հարավային Կովկասում ներկայումս տիրող իրավիճակը հենց այդ դեպքերից է։

Ես կխոսեմ Հայաստանի մասին, քանի որ վերջին տարիների ընթացքում ինձ բախտ է վիճակվել որոշ չափով ներգրաված լինել այս երկրի որոշ գործընթացներում, ինչի արդյունքում կարողացել եմ որոշակի պատկերացում կազմել հայերի մասին։ Եվ իմ այս դիտարկումները հիմնականում հասցեագրված են հենց իրենց՝ Հայաստանի բնակիչներին։

Հայաստանի մասին իմ առաջին պատկերացումները սկիզբ են առել 2017 թվականին, երբ հրավեր ստացա նախագահել Անկախ խորհրդատվական խմբում, որի նպատակն էր միջազգային հանքարդյունաբերական Լիդիան ընկերության կողմից Հայաստանում իրականացվող Ամուլսարի ոսկու հանքի շահագործման  հարցերով ապահովել մանրակրկիտ վերահսկողություն և տրամադրել հանրային խորհրդատվություն։

Առաջին անգամ Հայաստան այցելելու համար ես ստիպված էի փոխել ինքնաթիռս Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում։ Ժամանելով Կանադայից գիշերային չվերթով՝ ես մտա «Էյր Կանադա» ընկերության սպասասրահ, որտեղի աշխատակիցն ինձ հարցրեց, թե ուր եմ ուղևորվում։ Ասացի՝ Երևան, ինչից հետո նրա դեմքին հայտնվեց լայն ժպիտ, որը գրեթե համարժեք էր նրա լոնդոնյան արտասանությանը, երբ նա հայտարարեց՝ «Ես հայ եմ»։

Նա երբևէ չէր եղել Հայաստանում, բայց Հայաստանը ՆՐԱ, ինչպես նաև ամբողջ աշխարհով սփռված միլիոնավոր մարդկանց համար հայրենիք էր։ Հպարտ Հայեր ապրում են ամենուր՝ փոքր գյուղերում, որոնցից է իմ այցելածներից մեկը` Գնդեվազը, և կամ Լոնդոնում, Բոստոնում կամ  այլ ․․․․  մեծ քաղաքներում։

Մեր խմբի աշխատանքները հիմնականում ներառում էին հնարավոր ազդեցությունների շրջանակ, որը հիմա ներկայացվում է որպես ԲՍԿ, այն է՝ բնապահպանական, սոցիալական և կառավարման ազդեցություններ։ Մեր զեկույցը ներկայացվեց Երևանում 2018թ․ մայիսին։ Ընդհանուր առմամբ Անկախ խորհրդատվական խումբը բարձր գնահատեց Լիդիանի աշխատանքը, որն ուղղված էր հանքարդյունաբերության հնարավոր ազդեցությունների նվազեցմանը կամ բացառմանը, ինչպես նաև Հայաստանի ընդհանուր զարգացմանն ուղղված պարտավորությունների կատարմանը։

Սակայն, դրանից շատ ժամանակ չանցած կառավարությունը, տեղի տվեց Ծրագրի տարածքը «շրջափակման» մեջ պահող բողոքարարների պահանջներին ու չնայած այդ շրջափակումը հայտարարվեց ապօրինի, այդուհանդերձ՝ չվերացվեց։ Սրա հետևանքով հանքի շինարարությունը դադարեցվեց և հանքի շահագործմամբ պայմանավորված տնտեսական օգուտները տեղի չունեցան։

Մեր խմբի շրջանակներում մենք երբևէ չենք թերագնահատել հնարավոր հետևանքների ամբողջական ուսումնասիրման, ինչպես նաև այդ հետևանքների վերացմանն ուղղված ընկերության կողմից համապատասխան միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը։  Այս իմաստով, մենք, օրինակ, հորդորել ենք ընկերությանը համագործակցել կառավարության և բնապահպանների հետ՝ ձևավորելու համար «մասնակցային մշտադիտարկման» ժամանակակից համակարգ, որը թույլ կտա մանրամասն ուսումնասիրել և հետևել ջրային մարմինների վրա, հնարավոր ազդեցություններին։ Մենք չափազանց լուրջ էինք վերաբերում բնապահպանական հնարավոր ազդեցությունների հավանականությանը։

Ինչը նշանակում է, որ մենք երբևէ չենք անտեսել կամ փորձել նսեմացնել քննադատական մոտեցման կարևորությունը և փորձել ենք ապահովել հանքարդյունաբերական ընկերության կողմից բոլոր այդ դիտարկումների նկատառումը և ըստ անհրաժեշտության համապատասխան փոփոխությունների կատարումը։

Շարունակվող շրջափակման պայմաններում ընկերությունը մինիմալի հասցրեց գործունեությունը, պահպանելով միայն նվազագույն միջոցները, որոնք հնարավորություն էին տալիս խուսափել ենթակառուցվածքների և օբյեկտների քայքայումից։ Արդյունքում խորհրդատվական խումբը լուծարվեց, իսկ նրա անդամները շարունակեցին զբաղվել ամեն մեկն իր գործով։

Ընկերությունը փորձում էր շարունակել բանակցությունները կառավարության հետ և ենթադրում եմ, որ որոշ խոսակցություն շարունակվում է մինչ օրս։ Եվ եթե իմ ենթադրությունը ճիշտ է, հուսով եմ, որ երկու կողմերն էլ լավ գիտակցում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հարաբերությունները պետք է որ խթանեն Ծրագրի մասով որոշման կայացմանը։

Սա չի նշանակում, որ անհրաժեշտ է մի կողմ դնել բնապահպանական կամ այլ հարցերն ու մտահոգությունները։ Իմ կարծիքով դրանք նույնիսկ կարող են դրական դերակատարում ունենալ Ամուլսարի հնարավորինս արագ վերագործարկման հարցում։ Իսկ վերագործարկմանը զուգահեռ Հայաստանի համար առաջ է գալիս մի կարևորագույն գործոն, այն է՝ ֆինանսական օգուտը, որը հիմա անչափ կարևոր է ադրբեջանական ագրեսիան զսպելու առումով։ Ադրբեջանը հանդիսանում է նավթարտադրող։ Հայաստանը նավթ չունի։ Բայց Ամուլսարը կարող է երկրի բյուջեի համար ապահովել զգալի ու այդքան անհրաժեշտ եկամուտներ։ Կարծում եմ, այս պահին Հայաստանի համար եկամուտի միակ նոր, իրատեսական աղբյուրը Ամուլսարն է։

Ի դեպ, «եկամուտի» մասին։ Ես հիշում եմ մեր խմբի անդամների հանդիպումը Լիդիանի տնօրենների խորհրդի հետ 2018 թ․ հունվարին, երբ տնօրեններից մեկը զարմացրեց իր կոլեգաներին՝ առաջարկելով մտածել, թե ընկերությունը որքան եկամուտ է կիսելու Հայաստանի հետ այն դեպքում, եթե ոսկու գինը մեկ ունցիայի կտրվածքով հասնի 1700 ԱՄՆ դոլարին։

Դրանից մի փոքր ուշ ի հայտ եկան առաջին նշաններն առ այն, որ Ամուլսարը մոտակա հեռանկարում կարող է և չշահագործվել՝ ոսկու արժեքից անկախ։ Իսկ ոսկու գինը իսկապես հատեց 1700 ԱՄՆ դոլարի սահմանը, ինչը Լիդիանի որոշ տնօրեններին դեռ երկու տարի առաջ անհնարին էր թվում։

Հայերի և ադրբեջանցիների միջև պատերազմի համատեքստում, ինձ մոտ հարց է ծագում, արդյո՞ք հայկական կողմի մոտ կա այն գիտակցումը, որ պատերազմելը որքան վտանգավոր, նույնքան թանկարժեք բան է։

Եվ խոսքը գնում է այնպիսի մի ազգի մասին, որն ապրում է և մշտապես ապրել է վտանգավոր հարևանությամբ։ Եվ այդ անկայուն հարևանությունը՝ Ադրբեջանից բացի, ներառում է նաև այլ տարածաշրջանային ուժեր, որոնք հնարավոր է, որ դիտարկում են ոչ միայն իրենց արտաքին ու ներքին սահմանները վերագծելու, այլ նաև իրենց շահերի շրջանակը փոփոխելու հնարավորությունը։

Պետք է ասեմ, որ երբ առաջին անգամ Ծրագիրը «խափանվեց» ինձ մոտ կարծիք ձևավորվեց, որ հայերը չեն հասկանում իրենց շահը, հրաժարվում են լավ աշխատատեղերից և Ծրագրից, որը որևէ կերպ չի կարող վտանգել շրջակա համայնքները՝ հաշվի առնելով փաստացի գործող և բարձր տեխնոլոգիաներով նախագծված ջրի կառավարման համակարգի առկայությունը։ Ամուլսարը երկրի ներուժը հզորացնելու հնարավորություն ուներ, ինչը թույլ կտար բավարարել ամբողջ երկրի կարիքները։

Կարիքներ ասելով նկատի ունեմ օրինակ երիտասարդների կրթությունը, վերապատրաստման և նոր հմտությունների ձևավորման հնարավորությունները, որոնք կօգնեն զարգացնել և ինտեգրել Հայաստանը թվայնացված համաշխարհային տնտեսության մեջ։

Իսկ անհրաժեշտ պետական ներուժն անկասկած ենթադրում է նաեւ պաշտպանության ներուժը։

Պատերազմի սպառնալիքի հավանականությանը զուգահեռ, ես հույս ունեի, որ Հայաստանի կառավարությունը կգործի ավելի վճռականորեն և կանի այն, ինչ անհրաժեշտ է Ամուլսարի Ծրագիրը գործարկելու համար, ինչը կստեղծեր Հայաստանի և հայերի համար այդքան անհրաժեշտ եկամուտներ։ Առանց ռեսուրսների դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է բավարարել ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի կարիքները։

Այդուհանդերձ, Ամուլսար տանող ճանապարհները շարունակում էին փակ մնալ, և այս ամենը տեղի էր ունենում «պատերազմական դրության» ժամանակ, երբ Արցախը գտնվում էր ահաբեկչության կիզակետում։  Շրջափակման դեպքերը, իհարկե, չսահմանափակվեցին Ամուլսարով։ Վարչապետ Փաշինյանը, պարզաբանելով «հաշտության համաձայնագիր» կնքելու հանգամանքներն ու պատճառները, ասաց, որ եղել են դեպքեր, երբ զորագունդը մարտական դիրքեր փոխադրելու ժամանակ տեղի բնակչությունը շրջափակում էր զինվորական բազայի մուտքերը և թույլ չէր տալիս մեքենաներին դուրս գալ տարածքից։ Նա խոսում էր «նման տասնյակ դեպքերի մասին»…

Մինչդեռ արցախցի ընտանիքները, այդ թվում՝ երեխաները, շարունակում էին ենթարկվել հարձակումների։

Պետք է ասեմ, որ միաժամանակ ընկճող և ոգևորող էր տեսնել Համահայկական հիմնադրամին կատարվող նվիրատվությունների քանակը, որոնք անհրաժեշտ էին այդ թվում՝ երեխաների կարիքները հոգալու համար։ Նվիրատվությունները գալիս էին ողջ աշխարհից, սակայն պետությունը պարտավոր է ինքնուրույն լուծել նման հարցերը, իսկ Ամուլսարի Ծրագրից եկող եկամուտները կարող էին անչափ օգտակար լինել տվյալ պարագայում։

Այն դեռևս արդիական է, ԵԹԵ արտադրությունը մեկնարկի՝ հատկապես հաշվի առնելով արտակարգ իրավիճակի պայմանները, որում հայտնվել է Հայաստանը։ Եվ այստեղ անհրաժեշտ է հիշել, որ պատերազմի հետևանքների հետ մեկտեղ, Հայաստանը պայքարում է նաև COVID-19 համավարակի դեմ։ Հոկտեմբերի կեսերին Հայաստանում գրանցվեց օրվա կտրվածքով հիվանդացության ամենաբարձր ցուցանիշը։ Դրանից ոչ վաղուց, ես հնարավորություն ունեցա մասնակցելու COVID-19-ին նվիրված վեբինարին, որտեղ քննարկվում էր, թե ինչպես կարելի է գոյատևել, հաղթահարել և ապրել համավարակի պայմաններում և դրանից հետո։ Վեբինարը կազմակերպվել էր մոսկվաբնակ հայի և նրա գործընկեր՝ Բոստոնում ապրող մեկ այլ հայի կողմից։ Սա հայկական իրողության դասական պատկեր է։

Այստեղ ես պետք է նշեմ Հայաստանում իմ ներգրավվածության մեկ այլ հարթակի մասին։

Ամուլսարի խորհրդատվական խմբում աշխատելու ընթացքում, իմ կանադացի հայ ընկերներից մեկը իմ ուշադրությունը հրավիրեց մի նախաձեռնության վրա, որը նրա կարծիքով անչափ խոստումնալից էր երկրի համար։ Խոսքը Ռուբեն Վարդանյանի, որը վերոնշյալ վեբինարի կազմակերպիչներից մեկն էր, և Նունե Ալեքյանի նախաձեռնության մասին էր։ Նրանք երկուսն էլ ազգությամբ հայ են, մեկը բնակվում է Մոսկվայում, մյուսը՝ Լոնդոնում։ Նրանք նախաձեռնել էին խոշոր հեղինակային հոդվածների շարք Հայաստանի ապագայի կամ ապագաների մասին՝ անվանելով այն «Ճամփաբաժան»։ Հայաստանն իսկապես գտնվում է ճամփաբաժանի վրա՝ եզրույթի բոլոր իմաստներով։

Ես համաձայնեցի օգնել և ինձ համար անչափ հաճելի էր դիտարկել նրանց աշխատանքն ու առաջարկել սեփական գաղափարներ, որոնք, իհարկե, բխում էին ոչ թե Հայաստանի մասին իմ սահմանափակ գիտելիքներից, այլ կոնֆլիկտների և խաղաղության ձևավորման գործընթացներում իմ ունեցած երկարատև փորձից, որը երկու դեպքում էլ ներառում էր սփյուռքի մասնակցություն։ Ինչպես նաև բազմաթիվ իրավիճակներում հանքարդյունաբերական ընկերությունների դերակատարում։

Երկար տարիների ընթացքում ես ականատես եմ եղել այդ ոլորտի թե’ դրական, թե’ բացասական կողմին, հետևաբար ես զգում էի, որ կարող եմ տարբերակել դրանք։

Հայաստանի պարագայում ևս ես մնում եմ այն համոզման, որ Ամուլսարի Ծրագիրը դրական երևույթ էր և կմնար այդպիսին՝ խիստ վերահսկման պարագայում, որը կիրականացվեր այն տեղացիների կողմից, ովքեր ավելի շատ էն շահագրգռած իրական դրական փոփոխություններում, քան պարզապես շահույթ ստանալու մեջ։

Մեր ժամանակներում այս ամենն անվանում են «Պատասխանատու հանքարդյունաբերություն», և Համաշխարհային տնտեսական ֆորումի շնորհիվ այն օրեցօր ավելի շատ է դիտարկվում որպես «մասնակցային/բաժնետիրական կապիտալիզմի առաջամարտիկ», որտեղ պաշտպանվում, քննարկվում և հնարավորության դեպքում հավասարակշռվում ու բավարարվում են գործարանի աշխատողների, գյուղական ավագանու, ներդրումային ֆոնդերի կառավարիչների և նման այլ շահագրգիռ կողմերի շահերը։

Երկու տարի առաջ թվում էր, թե Ամուլսարի Ծրագիրը կդառնա նման Պատասխանատու հանքարդյունաբերության «առաջատար» և կապահովի Հայաստանի համար այդքան անհրաժեշտ եկամուտներ։

Եվ սա հնարավոր էր իրականացնել` չվտանգելով տեղացիներին ու այս ծովազուրկ երկրի կենսաբազմազանությունը․ մի երկրի, որի ժողովուրդը սփռված է և ապրում է Կալիֆորնիայի Գլենդելից մինչև Մոսկվա, Լոնդոնից մինչև Թեհրան։

Եվ այն ուժը, որը կստեղծվի արդյունքում, կստիպի այլոց հարգել այս մարդկանց իրավունքները։

Իմ վերջին դիտարկումը վերաբերում է այս իրավունքներին, որոնցից են՝ կրոնի ազատությունը, որը խաղաղ տարածաշրջաններում ապրող մարդիկ ընդունում են որպես սովորական մի բան։ Հարավային Կովկասում երկու հակամարտող պետություններում բնակվում են մարդիկ, ովքեր դավանում են երկու տարբեր կրոններ՝ Հայաստանում դա քրիստոնեությունն է, իսկ Ադրբեջանում՝ մահմեդականությունը։

Իմ կյանքի վաղ փուլում ես փոքր մասնակցություն եմ ունեցել Սուդանում ընթացող քաղաքացիական պատերազմում։ Որոշ ժամանակ ինձ պահում էին որպես պատանդ, ու իմ գերևարողը կամ «տանտերը» ասում էր, որ կգնդակահարի ինձ հենց տեղում։ «Ես չեմ կարծում, որ դու լավ քրիստոնյա ես», – ասում էր նա, ավելացնելով՝ «Կարծում եմ, որ դու մահմեդական ես, և ես քեզ պետք է սպանեմ»:

Ես պատասխանեցի, որ անշուշտ ես շատ լավ քրիստոնյա չեմ, ավելի շուտ՝ հաջողված  քրիստոնյա չեմ, բայց ես միանշանակ մահմեդական չեմ։ Սակայն ես ասացի հնարավորինս հաստատակամ, որ եթե ես լինեի մահմեդական, ապա դա քեզ իրավունք չէր տա ինձ սպանելու։ Մենք չենք կարող սպանել միմյանց զուտ տարբեր հավատք ունենալու պատճառով։

Կարծում եմ, որ դա նրա վրա ազդեց, քանի որ մի փոքր անց իմ ծանր փորձությունն ավարտվեց, և ինձ ազատ արձակեցին։

Հնարավոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս փորձությունը երբեք էլ չավարտվի, սակայն ինչ որոշում էլ կայացվի, Հայաստանին անհրաժեշտ են եկամտի աղբյուրներ, որպեսզի կարողանա բավարարել սեփական պետության ու իր ժողովրդի կարիքները: Հետևաբար Ամուլսարի վերագործարկումը` լիարժեք վերահսկողության և մշտադիտարկման պայմանով, հենց այն է, ինչ անհրաժեշտ է այսօր:

Պատերազմի վտանգը մշտապես առկա է: Պատերազմից գուցե հնարավոր է խուսափել, բայց պակաս կարևոր չէ վստահ լինել, որ տնտեսապես կարող եք ձեզ թույլ տալ պատերազմել:

Ջոն Հարքեր, իրավաբանական գիտությունների դոկտոր
Լիդիան Արմենիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30