Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մարդն արդեն սկսել է «Իմ մեղքը» մեմուարների շարքի հրապարակումը, զավեշտ է, անհարմար է». Նաիրա Զոհրաբյան

Նոյեմբեր 30,2020 14:24

«Ես պաշտոնական նամակով դիմել եմ ԵԽԽՎ նախագահին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԽ խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովին, միջազգային գրեթե բոլոր կառույցներին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով գերիների վերադարձի շուրջ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ իր ձեռնարկած քայլերի մասին՝ ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ պատերազմի օրերից գրեթե ամենօրյա կապի մեջ է ՌԴ պետդումայի փոխնախագահի հետ, մեր ռազմագերիների գլխատումների եւ անմարդկային վերաբերմունքի մասին տեղեկություններն ուղարկել է միջազգային կառույցներին. «Մամուլում տեղեկություն հայտնվեց, որ առաջիկա ռազմական շքերթի ժամանակ գերագույն տականք Ալիեւը պատրաստվում է հանել նաեւ մեր ռազմագերիներին ու ռազմական տեխնիկան, որը գրավել է հայկական ուժերի կողմից: Դա ռազմական հանցագործություն է: Միջազգային կառույցների պատասխանատուները վստահություն են հայտնել, որ կանեն առավելագույնը, որ շքերթի ժամանակ չլինեն մեր ռազմագերիները եւ նվաստացման ծիսակարգը չանցնեն»:

Նա ասաց, որ հողերի հանձնման համաձայնագրի նախնական տարբերակում ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին տող կար, վերջնական տարբերակում այն չկա:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Հայաստանում այլեւս իշխանություն չկա, կա մի անձնավորություն, որը միայն իր ֆեյսբուքյան էջում «մեմուարներ» է գրում ու մտածել, թե նա կարող է զբաղվել ռազմագերիների հացով, նոնսենս է. «Հարգելի ծնողներ, ինչքան շատ այդ մարդը մնա իր պաշտոնում, այնքան ձեր որդիների վերադարձը լինելու է մշուշոտ, որովհետեւ ռազմագերիների վերադարձի համար պետք է խոսել Ալիեւի հետ, դուք ո՞նց եք պատկերացնում, Նիկոլ Փաշինյանը հիմա ի վիճակի՞ է խոսել Ալիեւի հետ եւ Ալիեւը նրան կարո՞ղ է լուրջ ընդունել»:

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ փակագծերը չի բացում, բայց որպես անհատ պատգամավոր, ՌԴ-ի՝ ազդեցություն ունեցող հայերի հետ կապի մեջ է ու փորձում է նրանց միջոցով ռազմագերիների հարցը կարգավորել:

Հարցին, թե որքանո՞վ են Փաշինյանի՝ վերջին երկու օրերի ֆեյսբուքյան բացատրություններն ընդունելի՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Այդ մարդն արդեն սկսել է «Իմ մեղքը» մեմուարների շարքի հրապարակումը, զավեշտ է, անհարմար է: Հիշում եք պատերազմի առաջին օրերից իր հայտարարությունները ԱԺ-ում՝ «ինչ էլ լինի՝ մենք պարտված չենք», մի շատ վտանգավոր հայտարարություն արեց, որը հետո ես վերծանեցի իր ելույթը՝ «Ադրբեջանին հաղթանակը հեշտ չի տրվելու»: Դրանից հետո նա մեղքը գցեց բոլորի վրա՝ մայրերի վրա, որ չեն թողնում իրենց որդիները, ամուսինները գնան, հետո սկսեց դավաճանների փնտրտուք, որ հրամանատարների մեջ եղել են դավաճաններ, հետո՝ նախկիններին: Հիմա տեսնում ենք, որ մեղադրում է բոլոր նախկին նախագահներին: Բոլորը մեղավոր են, բացի իրենից: Բայց եթե կա մեկ մարդ, որ մեղավոր է, այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է»:

Նաիրա Զոհրաբյանը պատմեց, թե ինչ է տեսել Սոթքում. «Ես ինքս, երբ գնացի Սոթք, ադրբեջանցի զինվորը ինձանից կանգնած էր 1.5 մետր հեռավորության վրա, այսինքն, ինքը Ադրբեջանի սահմանը բերեց եւ մտցրեց Հայաստան»:

Մեր դիտարկմանը՝ իր ասելուց իմանում ենք, որ դուք մինչեւ նոյեմբերի 9-ը շատ լավ իմացել եք՝ ինչ է կատարվում՝ Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Ինքը ստում է, ինչպես ստել է միշտ, ինչպես ստել է, երբ լրագրող էր, ինչպես ստել է, երբ պատգամավոր էր, ստել է այս վերջին 2 տարի 7 ամիսներին, երբ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը»:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ նույնիսկ այն զանգվածը, որը կուռք էր սարքել Փաշինյանին, հիմա հասկացել է, որ «մենք գործ ունենք պաթոլոգիկ ստախոսի հետ», մարդու հետ, ով վախենալով «դիսլայքերից», գնում է 5000 զինվորների արյունը թափելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30