Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաքին մարտահրավերներն ու հայ ժողովրդի գոյությունը կասկածի տակ դնող վտանգները չեզոքացված չեն. Արցախի ոստիկանապետի ուղերձը

Նոյեմբեր 30,2020 10:40

ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանի շնորհավորական ուղերձը ոստիկանության օրվա առթիվ

Արցախի Հանրապետության ոստիկանության հարգելի իմ ծառայակից ընկերներ և վետերաններ. Սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի արդյունքում մենք այսօր ունենք լրջագույն կորուստներ եւ բազմապիսի խնդիրներ ու դժվարություններ: Այդ համատեքստում հասկանալի է, որ այս տարի չենք կարող նախորդ տարիների նման ընդգծել օրվա խորհուրդն ու նշանակությունը: Մեր ժողովրդի առջև այժմ ծառացել են շատ ու շատ խնդիրներ, որոնք արագ եւ հրատապ կարգով լուծման կարիք ունեն: Այժմ էլ թե՛ Արցախում, թե՛ մայր Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը պահպանվում է: Արտաքին մարտահրավերներն ու հայ ժողովրդի գոյությունը կասկածի տակ դնող վտանգները չեզոքացված չեն:

Հարգելի գործընկերներ, այս ճգնաժամային ու հետպատերազմական շրջանում բոլորիս պարտքն է լծվել հայրենաշինության, ուժերի վերականգնման ու ծաղկման, տնտեսության եւ ռազմուժի հզորացման, համազգային միասնությունը վերագտնելու գործին: Մենք պարտավոր ենք լավագույնս կատարել մեր գործառույթն ու պարտականությունները: Այդ կլինի մեր հարգանքի տուրքը զոհված մեր եղբայրներին, ընկերներին ու հարազատներին, մեր պարտքը տալու մի յուրօրինակ ու համարժեք ձև:

Մենք մեծ վիշտ ենք ապրում, խոնարհվում ենք պատերազմի օրերին հերոսի մահով ընկած մեր 11 գործընկերների առաջ, աղոթում ենք 3 տասնյակից ավել վիրավոր գործընկերների շուտափույթ ապաքինման ու առողջացման համար, հույսով, որ օր առաջ կվերադառնան մեր շարքերը: Բայց, ինչպես Մովսես Գորգիսյանը կասեր. «Սուգը հավերժ է, եթե պայքար չկա»:

Մենք հանուն մեր ընկերների ու մեր երեխաների ապագայի այսօրվանից պետք է բռնենք պայքարի ճանապարհը, սխալներից դաս քաղելու եւ ապագան նորովի կերտելու ուղին: Մեր սրտերում վառ պահելով մարտերում ընկած քաջորդիների հիշատակը, այսօր մեր ողջ ուժը դնենք հայրենիքը փրկելու եւ շենացնելու նվիրական գործին:

Համոզված եմ, որ մեր համազգային իղձերի իրականացման գործում իր նշանակալի ավանդն ու դերն է ունենալու նաեւ ոստիկանը:

Եւս մեկ անգամ շնորհավորում եմ այս օրվա կապակցությամբ: Ձեզ մաղթում եմ ոգու կորով, անկոտրում կամք, վճռականություն եւ ամենայն բարիք:

Ամենակալ Տերը պահապան մեզ եւ հայ ժողովրդին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30