Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանին,
Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին
Մեծարգո պարոն Նախագահ,
Մեծարգո պարոն Վարչապետ,
Մեծարգո պարոն Նախարար,
Կարդացեք նաև
Դիմում ենք Ձեզ՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության (ՄԹ) հայկական համայնքի անունից։ 2019 թվականի հուլիսին ՄԹ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան՝ երջանկահիշատակ Արման Կիրակոսյանի մահվանից հետո ՄԹ-ում չի նշանակվել ՀՀ դեսպան։ Առանց այն էլ սակավաթիվ աշխատակազմ ունեցող դեսպանատան համար սա լուրջ հարված է ներուժի և ՄԹ-ում ներկայացուցչական կշռի իմաստով: Սա բնականաբար անդրադառնում է ՄԹ-ում ՀՀ շահերի պաշտպանության, ինչպես նաև ՄԹ-ում հայկական համայնքի և ՀՀ քաղաքացիների շահերի ներկայացման արդյունավետության վրա։
Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սույն թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած հանցավոր պատերազմի առաջին իսկ օրվանից հայկական համայնքը փորձել է ինքնակազմակերպվել և ուժերի ներածի չափով թե՛ ֆինանսական և թե՛ քաղաքական աջակցություն ցուցաբերել Մայր Հայրենիքին։ Այդ աշխատանքները սակայն, մեր խորին համոզմամբ, շատ ավելի արդյունավետ կլինեին, եթե համապատասխան ներուժով զինված և դիվանագիտական բարձր մակարդակով ներկայացված դեսպանատունը նախ ակտիվորեն աշխատեր ՄԹ-ան քաղաքական շրջանակների և հասարակության հետ, և երկրորդ՝ խաղար համակարգող դեր համայնքի ջանքերը մոբիլիզացնելու և ուղղորդելու գործում։
Այժմ, երբ Արցախի գոյամարտը մտնում է լարված դիվանագիտական, իրավական և քաղաքական փուլ, լիարժեք աշխատող, դիվանագիտական լավագույն կադրերով զինված դեսպանատան առկայությունը ՄԹ-ում դառնում է օրհասական խնդիր, որն ունի շուտափույթ լուծման կարիք։ Սա էլ ավելի է կարևորվում, հաշվի առնելով Ադրբեջանի լավագույնս ներկայացված լինելը և շատ ակտիվ աշխատանքը ՄԹ-ում՝ ի պաշտպանություն Արցախի հարցում իրենց շահերի։ Մենք պարտավոր ենք ունենալ համապատասխան կարողություններ թշնամու այդ ջանքերը հակադարձելու համար։
Մենք չենք կարծում, որ դիվանագիտության մեջ կարող ենք մեզ թույլ տալ քաղաքական ֆատալիզմ և ձեռք քաշել պայքարի առավել ծանր ու դժվար ճակատներից։ Հակառակը, ամենաբարդ ճակատը պետք է ամենալավը զինված և պաշտպանված լինի։ ՄԹ-ի շահերը և քաղաքական հետաքրքրությունները չեն սկսվում և ավարտվում նավթա-գազային արդյունաբերությունում նրա ունեցած շահերով։ ՄԹ-ն շատ ավելի բարդ քաղաքական կառույց է և մենք վստահ ենք, որ ճիշտ, գրագետ և պրոֆեսիոնալ աշխատանքի դեպքում Հայաստանի շահերը կարող են համարժեքորեն ներկայացված և պաշտպանված լինել ՄԹ-ում, այդ թվում նաև այստեղի համայնքի ավելի համակարգված և նպատակային աշխատանքի շնորհիվ։
Այսպիսով՝ խնդրում ենք Ձեզ շուտափույթ զբաղվել ՄԹ-ում Հայաստանի դեսպանի նշանակման գործով, ընտրել հայկական դիվանագիտական կորպուսի ամենափորձառու, ամենակարող և ամենաներկայացուցչական անդամներից մեկին՝ հաշվի առնելով ՄԹ-ում մեր շահերը ներկայացնելու հետ կապված թե՛ դժվարությունները և թե՛ կարևորությունը։
Մնում ենք Ձեր տրամադրության տակ՝ Ձեր ցանկացած հարցադրման պատասխանելու կամ Ձեզ այս գործում հնարավորինս աջակից լինելու պատրաստակամությամբ։
Հարգանքներով՝
Միացյալ Թագավորության հայ համայնքի ներկայացուցիչներ
( Համայնքի 80 անդամի ստորագրություն)