Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում՝ ժողովրդից վերջին հույսը խլելու փորձ է». Արցախցի իրավապաշտպան

Նոյեմբեր 30,2020 10:00

Ըստ «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանի՝ «Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, կարելի է համեմատել մարդկության պատմության ամենատխուր էջերի հետ»

– Պարոն Օհանջանյան, ի՞նչ իրավիճակ է տիրում Արցախում: Պատերազմի օրերին իրենց բնակավայրերը լքած բնակիչները վերադառնում են Արցախ: Նրանք կարողանո՞ւմ են վերադառնալ իրենց բնականոն կյանքին: Բավական տեղեկություններ հրապարակվեցին, որ արցախցիների համար տարրական պայմաններ չեն ապահովվում, մարդիկ պատերազմական հարվածներից, մեծ կորուստներից հետո անտարբերության են մատնված տեղական իշխանությունների կողմից:

– Պատերազմից հետո իրավիճակն Արցախում աղետալի է: Ճգնաժամային պայմաններում աշխատելու իշխանությունների տոտալ ոչ կոմպետենտությունը հանգեցրել է ներկայիս իրավիճակին: Պարտվելով պատերազմում եւ, մեծ հաշվով, կորցնելով Հայրենիքը՝ մեր ժողովուրդը ստիպված է տանել անկարող ղեկավարների եւ, առաջին հերթին, անկարող նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից ճակատագրի հերթական հարվածը, որը ոչ միայն դավաճանեց մեր Հայրենիքի շահերը եւ շարունակեց բավարարել Նիկոլ Փաշինյանի դավաճանական վարքագիծը ինքնիշխան Արցախի նկատմամբ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմական ագրեսիայի ժամանակ, այլեւ իր հանցավոր անտարբերությամբ եւ երկիրը կառավարելու անկարողությամբ իրենց հարազատներին եւ տները կորցրած անմեղ մարդկանց հասցնում է հերթական ցավոտ հարվածը: Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, կարելի է համեմատել մարդկության պատմության ամենատխուր էջերի հետ: Եվ ամենաահավորն այն է, որ երկրի ղեկավարն այն աստիճանի բարոյապես քայքայված մարդ է, որ հրաժարական չի տալիս եւ չի փոխանցում իշխանությունն այն մարդկանց, ովքեր կարող են մեր ժողովրդին խավարից տանել դեպի լույսը: Մարդիկ կորցրել են հարազատներին, տները, ունեցվածքը…եւ այն, ինչ հիմա տեղի է ունենում, ժողովրդից վերջին հույսը խլելու փորձ է: Դա մարդկության նկատմամբ հանցագործություն է…Եվ այդ հանցագործությունն արդեն կատարում են ոչ թե ագրեսորները, այլ մեր անկարող, ոչ կոմպետենտ իշխանությունը:

– Ռուս խաղաղապահներն Արցախում են, ռազմական գործողություններն ավարտված են, նրանք իրենց առաքելությունն ինչպե՞ս են իրականացնում: Արցախցիները բավական գրկաբաց ընդունեցին ռուս խաղաղապահներին, ակնհայտ է, որ բազմաթիվ խնդիրներ հենց նրանք են լուծում այս օրերին Արցախում՝ անվտանգությունից՝ մինչեւ կենցաղային հարցեր, այլ ոչ թե՝ Արցախի ու Հայաստանի իշխանությունները:

– Ես այդ հարցի շուրջ ունեմ իմ կարծիքը: Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ինքնիշխան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմական ագրեսիայի սկզբից պնդում էի եւ հիմա էլ շարունակում եմ վստահորեն պնդել, որ այդ ագրեսիան նախօրոք համաձայնեցվել եւ ստացել է ռուսական իշխանությունների՝ Ռուսաստանի նախագահ Պուտինի աջակցությունը: Ռազմական գործողությունների ամբողջ թատրոնը, Հայաստանի եւ Արցախի ղեկավարությունների, Հայաստանի ռազմական հրամանատարության դավաճանական վարքագիծը բացահայտ խոսում է նրա մասին, որ անկախ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում մասնակցում էր նաեւ Ռուսաստանը: Եվ Արցախում այսպես կոչված ՌԴ խաղաղապահների միջամտությունը ոչ այլ ինչ է, քան ինքնիշխան Արցախի օկուպացիան՝ շրջանցելով միջազգային իրավունքը: Ավելին, երեք նախագահների ինչ-որ հայտարարության համաձայն իրականացվում է տարածքային բաժանում եւ երկու ինքնիշխան պետությունների սահմանների քարտեզագրում: Կարծում եմ Ռուսաստանը շատ թանկ է վճարելու մեր ժողովրդի նկատմամբ իրականացրած հանցագործության համար եւ շատ շուտով մենք ականատես ենք լինելու, թե ինչպես է միջազգային հանրությունը Ռուսաստանի նկատմամբ կիրառում ամենակոշտ սանկցիաները:

Ինչ վերաբերվում է «խաղաղապահների» հանդեպ բնակչության վերաբերմունքին, ապա նրանք, ովքեր գտնվում են Արցախում, հույս ունեն, որ Ռուսաստանը նրանց կպաշտպանի տոտալ ոչնչացումից, ավելին, շատերը հույս ունեն, որ Ռուսաստանը կհովանավորի Լեռնային Ղարաբաղը եւ մոտ ապագայում Արցախի քաղաքացիներին կտրամադրի Ռուսաստանի Դաշնության անձնագրեր: Իրականում, հումանիտար օգնությանը զուգահեռ, մեր տարածաշրջանում մեծանում է Ռուսաստանի ռազմական ներկայությունը եւ այդ ներկայությունը, առաջին հերթին, ղեկավարվում է ադրբեջանական հանրապետության տարածքային ամբողջականության կոնցեպցիայով եւ օրենսդրությամբ: Ռուսաստանի խաղաղապահները Ադրբեջանի ոստիկանության եւ զինված ուժերի հետ համատեղ իրականացնում են իրենց ծառայությունը, ճանապարհների պարեկություն եւ անվտանգության ապահովում: Բավական է անցնել Լաչինի եւ Քարվաճառի, Շուշիի եւ Աղդամի, Մարտունու եւ Հադրութի ճանապարհներով եւ բոլոր հարցերը կապված այն բանի հետ, որ ռուսները եկել են մեզ փրկելու, կգտնեն իրենց բացասական պատասխանը: Պուտինը ոչ մի նոր բան չի հայտնագործել: Նա ավելի ագրեսիվ ձեւով կրկնեց այն ամենը, ինչ ցանկացել էր եւ փորձեց անել Գորբաչովը ղարաբաղյան շարժման ընթացքում: Բայց այն ժամանակ Ռուսաստանի (ԽՍՀՄ) անմարդկային ծրագրերի ճանապարհին կանգնել էր միասնական հայ ժողովուրդը՝ ոգեւորված Ազատության եւ Միասնության գաղափարով…

– Պարոն Օհանջանյան, ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի կարգավիճակի հետագա սահմանման գործընթացը: Ալիեւը հստակ հայտարարում է, որ պատերազմով լուծել է Ղարաբաղի խնդիրը, որը թույլ է տալիս ենթադրել, որ նա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ բանակցությունների գնալու մտադրություն չունի: Արդո՞ք ժամանակը չէ, որ պաշտոնական Երեւանը ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների հետ պայմանավորվածություններ ձեռք բերի եւ ճանաչի Լեռնային Ղարաբաղը:

– Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ դա անփոփոխ փաստ է: Իհարկե, բանակցությունների ժամանակ ուժեղ դիրք ունենում է այն կողմը, որը հաղթել է պատերազմում եւ խաղաղությունը պարտադրել է իր սցենարով: Այդպես էր մեզ հետ 1994 թվականից հետո… Հաշվի առնելով այն փաստը, որ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը՝ Ռուսաստանը, հանդիսանում է ինքնիշխան Արցախի նկատմամբ իրականացրած միջազգային ագրեսիայի մասնակից, իսկ հետո խաղաղապահ զորքերի տեսքով իրականացրեց բաց ռազմական միջամտություն Արցախում, նվազեցնում է միջազգային կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հնարավորությունը վերջնականորեն լուծելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Ռուսաստանին ձեռնտու է ներկայիս վիճակը, որը ձեռնտու է նաեւ Ադրբեջանին եւ Թուրքիային: Մենք պետք է հաշվի առնենք այն փաստը, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի շահերն այս փուլում գրեթե համընկնում են, բացառությամբ Ադրբեջանի մաքսիմալիստական պահանջներին, որոնք բավարարելով, Ռուսաստանը ստիպված կլինի հեռանալ Հարավային Կովկասից եւ ոչ միայն: Այդ իսկ պատճառով էլ Ռուսաստանը օգտվելու է բանակցային գործընթացի գործիքակազմով, որպեսզի հնարավորություն ունենա երկար մնալ Արցախում: Սակայն, միջազգային հանրությունը շատ բացասական է ընդունել Արցախում Ռուսաստանի ռամական միջամտությունը, չնայած նախագահների եռակողմ հայտարարությանը: Դա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է եւ միջազգային հանրությունը չի լռելու եւ փորձելու է իրավիճակը փոխել այնպես, որպեսզի նվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում: Ֆրանսիայի խորհրդարանի որոշումը Լեռնային Ղարաբաղի մասով՝ պատասխան է Ռուսաստանի վարքագծին: Շուտով մենք ականատես ենք լինելու Արցախի հիմնախնդրի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքի ցուցադրմանը, որն էլ արմատապես փոխելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների օրակարգը եւ չի բացառվում, որ փոխվելու է Արցախում խաղաղապահ զորքերի կազմը:

– Խնդրում եմ գնահատենք Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւը, որը թեեւ խորհրդատվական բնույթի է, բայց ակնհայտ է, որ բարոյական մեծ նշանակության որոշում էր: Ի՞նչ ազդեցություն այն կունենա Արցախի միջազգային ճանաչման ճանապարհին:

– Ես նախորդ պատասխանում թեթեւակի անդրադարձա այդ հարցին: Լեռնային Ղարաբաղի մասով Ֆրանսիայի խորհրդարանի որոշումը Արցախի անկախության ճանաչման գաղափարի մեծ բարոյական հաղթանակ է: Փաստորեն, Ֆրանսիայի խորհրդարանի միաձայն որոշումն ավելին է, քան ուղղակի ճանաչումը: Դա ֆրանսիական հասարակության, ֆրանսիական խորհրդարանականների վերաբերմունքի ցուցադրումն է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների նկատմամբ, որոնցից օգտվել էր մեր ժողովուրդը 1991 թվականին հռչակելով իր անկախությունը եւ ենթարկվելով ինչպես եւ հիմա Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի: Շատերը հիմա փորձում են նվազեցնել Խորհրդարանի այդ որոշումը, թե իբր այն Ֆրանսիայի կառավարության համար ունի միայն խորհրդատվական բնույթ: Այո, այդ որոշումն ունի խորհրդատվական բնույթ, բայց նայեք քվեարկածների թվին: Դա գրեթե համեմատելի է Արցախի ճանաչման վերաբերյալ հանրաքվեի հետ: Ֆրանսիայի ոչ մի կառավարություն դրանից հետո չի կարող արհամարհել այդ ռեկոմենդացիան: Ֆրանսիական կառավարության կողմից Արցախի ճանաչումը ժամանակի հարց է: Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, հատկապես իր անկախությունը հռչակած պետության նկատմամբ իրականացվում է ռազմական ագրեսիա՝ ցեղասպանության մտադրությամբ: Այդ պատճառով էլ միջազգային հանրությունը պարտավոր է սկսել Արցախի միջազգային ճանաչման գործընթացը: Եվ մենք շատ շուտով կտեսնենք, թե ինչպես են արեւմտյան շատ պետություններ եւ աշխարհի տարբեր երկրներ սկսելու ճանաչել Արցախի անկախությունը եւ դա, անկասկած, փոխելու է ներկայիս ողբալի ստատուս-քվոն: Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները վերջապես պետք է կողմնորոշվեն Արցախի ճանաչման հարցում:

– Նիդերլանդների ԱԳ նախարարի կողմից խորհրդարանին ուղարկվեց հաշվետվություն, որում ԼՂ-ի խնդրի առնչությամբ կառավարությունը շեշտել է ֆոսֆորային, կասետային զինամթերքի, օտարերկրյա զինյալների, ինչպես նաեւ՝ մարդու իրավունքների հնարավոր խախտումների եւ ռազմական հանցագործությունների կատարման փաստերի առիթով ճշմարտացի որոշումներ կայացնելու հարցը: Նշվել է նաեւ, որ անհրաժեշտ կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ պատժամիջոցներ պատասխանատուների նկատմամբ, ներառյալ` Ադրբեջանի նախագահի հանդեպ: Օրերս նաեւ Եվրախորհրդարանն ընդունեց բանաձեւ՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ: Եվրախորհրդարանի մամուլի հաղորդագրությունում ասվում էր. «պատգամավորները կոչ են արել ԵՄ խորհրդին պահպանել միասնականությունը Թուրքիայի միակողմանի եւ անօրինական գործողությունների նկատմամբ եւ կոշտ պատժամիջոցներ սահմանել»: Ի՞նչ գործընթացներ եք կանխատեսում եվրոպական երկրների կողմից, ի՞նչ անելիք ունի այս հարցում պաշտոնական Երեւանը, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը:

– Արցախի միջազգային ճանաչման տրամաբանությունը ենթադրում է նաեւ ինքնիշխան Արցախի նկատմամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիայի ժամանակ իրագործած ռազմական հանցագործության բացահայտման փաստերը: Սա վերաբերվում է նաեւ խաղաղ բնակչությանը, որոնք հանցավոր պետությունների կողմից ենթարկվել են համակարգված ոչնչացման: Վարձկան ահաբեկիչների, ֆոսֆորային ռումբերի, հատուկ ոչնչացման զենքի եւ կասետային ռումբերի օգտագործումը կրում է ցեղասպանական գործողությունների բնույթ: Այս բոլոր փաստերը փաստաթղթավորված են: Բացի այդ, աշխարհի տարբեր երկրներից հարյուրավոր լրագրողներ ֆիքսել են ադրբեջանաթուրքական վայրագությունները Արցախի նկատմամբ: Ակնհայտ է, որ մարդկությունը՝ ի դեմս առաջընթաց կառավարությունների, պատժամիջոցներ է կիրառելու Ադրբեջանի, Թուրքիայի նկատմամբ Արցախում սանձազերծած պատերազմի, մարդու եւ մարդկության դեմ իրականացրած հանցանքների համար: Ավելին, միջազգային հանրությունը անպայման այդ պետություններից պահանջելու է Լեռնային Ղարաբաղին վճարել ֆինանսական փոխհատուցում՝ ռազմական գործողությունների ժամանակ եւ դրանից հետո իրականացրած հանցագործությունների համար:

Ինչ վերաբերվում է Հայաստանի եւ Արցախի ԱԳՆ աշխատանքին, կարծում եմ, որ այդ գերատեսչությունները շատ թույլ են աշխատել պատերազմի ժամանակ եւ ոչ լրիվ են օգտագործել տարբեր պետություններում եւ միջազգային կազմակերպություններում դիվանագիտական առաքելությունը: Այս համատեքստում անհրաժեշտ է ուժեղացնել դիվանագիտական գերատեսչությունների եւ իրավապաշտպան կազմակերպությունների աշխատանքը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Լուսանկարում՝ Միխայիլ Գորբաչովն ու Կարեն Օհանջանյանը, լուսանկարը՝ վերջինիս ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30