Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարկավոր է արագ առերեսվել իրականությանը, չէ՞ որ սա հաստատ վերջին պատերազմը չէ»

Նոյեմբեր 30,2020 14:00

Մեզ մի հասցրեք մեր գլխին ինքներս մեր ձեռքերով խփելու պահին։ Մեր զինվորը չի պարտվել, նա հաղթել է։ Պարտվել է մեր տնտեսությունը, մեր զգոնությունը, նույնիսկ մեր թիկունքը, բայց ոչ մեր զինվորը, որը մեզ պարտադրված պատերազմում արեց իրենից կախվածը: Հանուն մեզ եւ մեր երեխաների։

Փառք ու պատիվ մեր զինվորին, հավերժ հիշատակ նահատակվածներին, խոնհարումս նրանց եւ մեր բոլոր մայրերին:
Չեմ ուզում մենք պարտվենք մեր նախանձին ու չարությանը, միմյանց չընդունելուն ու չհասկանալուն։ Հարկավոր է արագ առերեսվել իրականությանը, չէ՞ որ սա հաստատ վերջին պատերազմը չէ։ Արագ պետք է պատրաստվենք հաղթանակի եւ ոչ միայն ռազմի դաշտում, այլ ամենուր, երբեք չթերագնահատենք դիմացինին։ Որ կատարվածը սարսափելի է, ցավն ահավոր, դա փաստ է, բայց մենք պարտավոր ենք ապրել, ապրել հանուն նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի եւ մայր հողի համար, նրանց համար, ովքեր հիմա չկան, անմահ են, բայց մեզ հետ են հանուն մեր վաղվա օրվա։ Խնդրում եմ մի թույլ տվեք, որ մեր թշնամիները խրախճանք ապրեն։ Նրանց նպատակն էլ հենց դա է։

Մենք բոլորս էլ հարազատ, ընկեր ու բարեկամ ենք կորցրել, բայց հուսահատվել ոչ, էլի ոչ։ Տխրում ենք, ցավում, նույնիսկ լալիս, բայց կգա, էլի կգա մեր միասնականության, մեր համերաշխության, անպարտելիության ժամանակը, մեր «ժամանակը», պահը ճիշտ գնահատելու, ապրելու, զինվելու, հզորանալու, հաղթելու, միմյանց թեւ ու թիկունք կանգնելու ժամանակը։ Եզդիներն ասում են «վայլմը պշտ»` ամուր թիկունքի ժամանակը։ Լինենք զգոն ու սթափ։ Մեր միասնության, համերաշխության, թեւ ու թիկունք կանգնելու, հայրենասիրությամբ հավերժ ապրելու ժամն է։ Անհապաղ պետք է աշխատենք, պայքարենք ու հաղթենք… Ճիշտ գնահատենք այսօրվա մեր վիճակը, առկա վտանգները, ժամ առաջ ազատենք մեր գերիներին, որոնց այդ վիճակին հասնելու համար մենք բոլորս ենք մեղավոր։ Սթափ գնահատենք մեր հնարավորությունները, վաղվա օրն ու մեր ապագան։ Ամրապնդենք հանրային վստահությունը, եթե միասին ենք, համախմբված ենք, Աստված մեզ հետ է։ Ուրեմն մենք դժվարություններից վախեցողը չենք։ Մենք մեր միասնականությամբ պահանջելու իրավունք ունենք։ Մենք ապրելու ենք միասին, մենք ուժեղ ենք միասին, մենք հաղթելու ենք միասին, միայն լինենք միասին, էլի միասին, միասին դեռ ինչեր կհաղթահարենք։ Այսօր մենք ապրում ենք բավականին բարդ, վտանգներով լի աշխարհում, երբեք թույլ չտանք, որ մեր ներքին հակասությունները մեր թշնամիներն օգտագործեն, տարածքային անկանխատեսելի, աշխարհաքաղաքական հետագա պայմանավորվածություններում եւ բերեն մի փուլի, որը կապ չի ունենա մեր հասարակության նպատակների հետ։

Վերջին հաշվով ցավալի է այսօրվա վիճակը։ Բայց հանրությունը լիարժեք պետք է վերականգնի իր դիմադրողունակությունը, սահմանափակի արտաքին աշխարհից կախվածությունը, ամրապնդի ընտրության հնարավորությունը։ Ինքներս բուժենք մեր վերքը, քանի որ այսօրվա աշխարհն օգնում է նրան, ով ինքն է իրեն օգնում։ Գնանք այն ճանապարհով, որը հաղթահարելի է եւ ստեղծված է իրավիճակից դուրս գալու, համատեղ պայքարելու, գրագետ գործելու մեր հետագա գործողությունները հաղթանակով ավարտելու համար։

Ճիշտ գնահատենք արժեքները, չկորցնենք այսօրվա թանկ ժամանակը, ունենանք մեր ցավը բուժող մեր հզոր Բանակը, մեր անվտանգության եւ կյանքի իրավունքի երաշխավորին։

Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

«Առավոտ» օրաթերթ
28.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30