Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետը պետք է հրաժարական տա, կանգնի հրապարակում հավաքվածների կողքին, բարձրաձայնի սխալների մասին»

Նոյեմբեր 30,2020 13:30

Հարցազրույց բանասիրական գիտությունների թեկնածու Մհեր Քումունցի հետ:

– Պարոն Քումունց, երկրում ստեղծված իրավիճակն առաջնային ինչ հարցեր է թույլ տալիս բարձրաձայնել, թերեւս ամենակարեւորը երկրի անվտանգության հարցն է։

– Պատերազմներից հետո, բնականաբար, առաջանում են բազմաթիվ խնդիրներ. եթե հաղթող պետությունը ապագայի ծրագրեր է մշակում, ապա պարտվող երկիրը, որպես կանոն, տարված է լինում վերականգնումներով: Մեր երկիրն առանց այդ էլ ուներ բազմաթիվ խնդիրներ կյանքի եւ գոյության գրեթե բոլոր բնագավառներում: Իսկապես հնարավոր չէ առանձնացնել խնդիրներից առաջնայինը: Բայց մեր երկրին հենց այս պահին նոր փորձություններ են սպասվում: Շատ հաճախ որեւէ հարց քննելիս քաղաքական վերլուծաբանները շատ խորքից են գալիս եւ մինչեւ հասնում են բուն խնդրի բացահայտմանը, իրատեսական պայմանները այլեւս նկատելի չեն դառնում:

Հետեւելով միջազգային եւ հատկապես ռուսական, թյուրքական եւ իրանական անցուդարձերին՝ նկատում եմ, որ սպասվում է ռազմական նոր բախում տարածաշրջանում, կամ վտանգներ են ստեղծում մեր շուրջբոլորը, որպեսզի փակեն ստեղծված կացությունից դուրս գալու ճանապարհները:

Այո, համակարծիք եմ, որ ամենակարեւորը անվտանգության հարցն է, որ, ինչպես նկատում ենք, չի կարգավորվում: Հասկանալի են արտաքին եւ պատմաաշխարհագրական գործոնները, բայց, ցավոք, ըմբռնելի չեն մեր պետության մոտեցումներն ու տրամադրած երաշխիքները: Իրապես պետք է ընդունենք, որ այս պահին մեր անվտանգությունը երաշխավորված է մեր ժողովրդի կամքով: Մյուս երաշխիքները, հատկապես արտաքին, մեր սեփականը չեն, դրանք կարելի է օգտագործել, բայց դրանցով ապրել հնարավոր չէ: Շատ արագ ոտքի պետք է կանգնենք: Ամբողջ երկիրը պատերազմից հետո պետք է միտվի պատերազմի, քանի դեռ լուծված չէ Արցախի հարցը: Հայոց անվտանգությունը Արցախն է. այն պետք է շատ արագ ոտքի կանգնի ու պատրաստ լինի նոր պատերազմի, քանի որ հակամարտությունը ավարտվել է լոկ հայտարարությամբ: Մենք այլեւս չենք կարող իրականությունից դուրս գալ. մեզ մոտակա հինգ տարիներին պետք են զինվոր ու զենք ու պատերազմի ավարտ:

– Համոզված եմ, որ վերլուծություններ եք կատարել մի շարք հարցերի շուրջ։ Կասե՞ք, թե ինչպե՞ս եք պատկերացնում առաջիկա տարիները։

– Պատմական մի փոքր շրջայց կատարենք. 1915թ. Մեծ եղեռնից հետո, փաստորեն, 1915-1916 թվականներին ռուսական զորքերը հայկական կամավորական ջոկատների աջակցությամբ ազատագրեցին Արեւմտյան Հայաստանի հիմնական մասը (Վան, Էրզրում, Բիթլիս, Մուշ, Տրապիզոն, Երզնկա եւ այլն): Դրանից հետո նորից վատթարացավ դրությունը Հայաստանի ամբողջականության համար: Ուզում եմ ասել, որ, այո՛, արտաքին ազդեցություններից եւ մարտահրավերներից ազատվել չկա, բայց կա՞ ներքին՝ համազգային մի կռվան, որ մեզ հնարավորություն կտա թեկուզ շահածը պահպանելու ու պաշտպանելու: Փաստորեն, ունեինք այդ հնարավորությունը, բայց այն կորցրինք, երբ ներպետական «պատերազմը» տեղափոխեցինք առաջնագիծ, որտեղ կռվեցինք մեկմեկու դեմ, հետո միայն թյուրքի: Ինչ էլ պահվեց, քաղաքական գզվռտոցին անտեղյակ հայ սպայի ու զինվորի, ազնիվ հայի իդեալներով պահվեց: Ափսոսանքով պիտի նշեմ, որ առկա չէ ազգային մի ծրագիր, որ մեզ նախանշի մեր բուն նպատակները: Առաջիկա տարիներին մեր ժողովուրդը ապրելու է միայն կորցրածի ցավով, կորուստների վերականգնումով, եթե չմիաբանվենք: Բայց ինձ համար ցանկալի չէ ապրել ողբով: Ցավից է ուժ ծնվում: Հռետորաբանորեն շատ էինք ինքնավստահ դարձել: Շատ արագ պետք է հավաքենք մեր ուժերը եւ գործենք խելամտորեն: Ու ամենակարեւորը. պետք չէ փնտրել առաջնորդ ու ամբողջ հույսն ու պատասխանատվությունը նրա վրա դնել: Այս առումով օրենսդրական լուրջ փոփոխությունների եմ սպասում, որպեսզի ամեն մի ապիկար պոպուլիստ չխաղա ժողովրդի ու պետության ճակատագրի հետ:

– Իրատեսական առաջարկներ, կարծում եմ, պետք է լինեն այս օրերին, սակայն տեղը բաց է։ Ե՞րբ սայլը տեղից կշարժվի։

– Իրատեսական առաջարկներ շատ կան, բայց քիչ են դրանց իրական կրողները: Մեր պետության վարքը լավագույնս արտահայտվում է բուհերում. կան շատ դասախոսներ, որոնք, չլինելով մասնագետը այս կամ այն առարկայի, հանձն են առնում դասավանդելու, միայն թե ժամերը ամբողջանան: Այդպես է նաեւ կառավարման համակարգում. օրինակ՝ միայն հեղափոխական քայլերթին մասնակցելու շնորհիվ մարդիկ ստացան լուրջ պաշտոններ: Այսինքն՝ պետությունը ամբողջապես կլանված է հաղթող կուսակցությունների անդամների ու համակրողների ցանկությունների բավարարմամբ: Այդպես չի կարող լինել: Իմ կարծիքով, օրինակ, մեր կառավարության եւ ԱԺ կազմի, մարզպետների 80%-ը իրենց տեղում չեն:

Սայլը տեղից կշարժվի, եթե անկախ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներից, առանց ժամանակ կորցնելու վարչապետը կազմի իրատեսական քայլերի ծրագիր-ժամանակացույց՝ Ազգային ժողովի լուծարման եւ կառավարության պաշտոնաթողության վերաբերյալ: Իմ կարծիքով, այս առումով այլընտրանք չկա, որեւէ հարց քննարկելի էլ չէ, իսկ հետագա գործողությունների համար ուղղակի պետք է հետեւել երկրի Սահմանադրությանը եւ օրենքներին, նաեւ վերջիններիս անհրաժեշտ փոփոխմանը: Այլ ցնցումներ այլեւս պետք չեն, ու ժամանակ էլ չունենք:

– Այս իշխանությունը փաստացի պատմության մեջ կմնա որպես Արցախը Ադրբեջանին հանձնած իշխանություն։ Ձեր կարծիքը սրա շուրջ։

– Այո, պատմությունը շատ դաժան գնահատական կտա այս օրերի վերաբերյալ: Սխալներն ակնհայտ են, ձեռքբերումները՝ չնչին: Բայց պետք է նաեւ արդարամտություն ունենանք. ինչ իշխանություն էլ լիներ, չէր կարող կանգնեցնել համաթյուրքական մոլուցքը, այսինքն՝ պատերազմը անխուսափելի էր լինելու: Այս պահին աշխարհը չի կարողանում պայքարել այդ չարիքի դեմ: Շատ երկրներ ուղղակի հասկանում են, որ Թուրքիան համաշխարհային պատերազմ է հրահրում: Իմ կարծիքով, Թուրքիան, իր շրջակա երկրներում պատերազմական վիճակներ ստեղծելով, իր ազդեցություններն ու հնարավորություններն է չափում: Ներկա դրությամբ նա գոհ է թե իր հնարավորություններից, թե ձեռք բերած ազդեցություններից: Պատերազմում ունեցած մեր ահռելի կորուստները չնչին են մեծ տերությունների համար: Բայց եւ հետաքրքիր բան կա. ռուսական խայծը կուլ տվող համաթյուրքականությունը շատ շուտով կպարպի իր զինանոցը: Համաթյուրքական նկրտումներին վաղ թե ուշ ֆիզիկապես կարձագանքեն արեւմուտքից եւ արեւելքից: Այդ ժամանակ մենք պետք է ուժեղ դիրքում լինենք: Այս պարտությունը դիվանագիտական դաշտում կարելի է լավագույնս օգտագործել: Գիտեք, եթե անգամ Արցախն ամբողջությամբ գրաված լինեին, միեւնույն է, Թուրքիայի եւ Ադրբեջանի համար տարածաշրջանի հարցը ավարտված չէր համարվելու: Երեւույթները պետք է դիտարկել համաշխարհային անցուդարձերի ֆոնին:

– Այսօր ինչ-որ գաղափարախոսություն առաջնորդո՞ւմ է ազգին։

– Ցավոք եմ արձանագրում, որ մինչեւ օրս չունեցանք ազգային-պետական գաղափարաբանություն: Հասկանում ենք, որ պատմաաշխարհագրական այս դիրքում ազգային միասնական գաղափարի ձեւավորումը բավականին դժվար է, բայց անհնար չէ: Դա ուղղակի կապվում է կրթության հետ: Պատկերացնենք այսպես, եթե ռազմավարական նշանակությամբ հաստատություններում արհեստավարժությունը գերակա դիրքում լինի, ուրեմն չափազանց հեշտ կձեւավորվեն թե՛ հասարակական համախմբվածությունը, թե քաղաքացիական պատրաստականությունը, թե ազգային գաղափարի նախագծերը: Մեր կրթությունը օր օրի վատթարանում է: Մի քանի ոլորտներ՝ կրթություն, գիտություն, զինված ուժեր եւ այլն, ուղղակի պետք է դուրս լինեն կուսակցական կամայականություններից: Օրակարգում պետք է լինի կրթության ու գիտության զարգացման այնպիսի կուռ ծրագիր, որ շրջանցի հարափոփոխ կուսակցությունների ու նրա ներկայացուցիչների ցանկությունները:

– Ժողովուրդը տարբեր խմբերի է բաժանվել։ Մտցվել է երկպառակտում։ Արդյոք ռազմաքաղաքական ղեկավարությունը ձեր կարծիքով պատրա՞ստ է հանդարտեցնել կրքերը, եւ որպես հայ ու ՀՀ քաղաքացի, ի՞նչ եք կարծում, այս իշխանությունը պե՞տք է հեռանա` ընդունելով, որ պարտվել է։

– Որքան էլ տարօրինակ թվա, բայց ես կարծում եմ, որ վարչապետը պետք է հրաժարական տա, գնա ու կանգնի հրապարակում հավաքվածների կողքին, բարձրաձայնի ետպատերազմյան եւ պատերազմյան շրջանների սխալների մասին, հաշտության ձեռք մեկնի նույնիսկ իրեն վիրավորած անձանց, ու բոլորը միասին լծվեն պետականաշինության՝ նոր ԱԺ, նոր կառավարություն եւ այլն: Եվ մի կարեւոր նկատառում. խնդրում եմ մեր ժողովրդին, քննադատությունը թշնամության մի վերածեք:

Զրույցը`

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
28.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30