Զոհված տանկիստը այսպես էր հանգստացրել պայթյունի ձայներ լսող մորը
2001թ. հունիսի 4-ին Հարությունյանների ընտանիքում ծնված, հետագայում 3 քույրերի կողմից փայփայված հրազդանցի Եփրեմը հետո պիտի բանակ զորակոչվեր, որպես տանկիստ` մասնակցեր հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերին, աչքի ընկներ քաջագործություններով ու հետո անմահանար:
Նրա քույրը՝ Արփինե Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում պատմում է, որ Եփրեմը տան կրտսեր զավակն էր, երկար սպասված երեխա:
Ասում է՝ երեք քույր էին, Եփրեմին երեխայի նման են փայփայել:
Կարդացեք նաև
Հավելում է, որ եղբայրը բանակում սկզբում մեխանիկ վարորդ է եղել, հետո որպես լավ տանկիստ պատերազմին է մասնակցել այլ տղաների հետ, եղել ամենաթեժ վայրում: «Եփրեմը մեր սիրելի եղբայրն էր, մեր փոքրն էր, մենք նույնիսկ մի կոնֆետը պահում էինք նրա համար»,-նշում է նա:
Արփինե Հարությունյանն ասում է, որ վերջին անգամ եղբոր հետ մայրը խոսել է հոկտեմբերի 18-ի երեկոյան, իսկ 19-ի առավոտյան Եփրեմը վիրավորվել է, Ստեփանակերտում առաջին օգնություն ստանալուց հետո տեղափոխվել Երեւան ու մահացել սրտի կանգից:
«Չէինք պատկերացնում, որ նման բան կարող է լինել, ինքն էնքան «դուխով» էր խոսում, երբ մամաս արցունքն աչքերին հեռախոսով խոսում էր, ինքն ասում էր՝ մամ, դուխդ չգցես, լավ ա լինելու: Երբ մաման կրակոցի ձայներ լսելով՝ հարցնում էր՝ Եփ, էդ խփո՞ւմ են: Եփրեմն ասում էր՝ մամ ջան, չագուչով տանկի վրա գործ ենք անում…
Հրամանատարը մեր տուն էր եկել, ինքն էլ էր հուզված: Ասում էր՝ չեմ պատկերացնում, որ Եփրեմը պետք է չլիներ, շատ մեծ ցավ է:
Ինքը շատ սիրված երեխա էր, իր բոլոր ուսուցիչները չեն կարողանում հաշտվել կատարվածի հետ»,-ասում է հերոսի քույրը:
Արփինե Հարությունյանի խոսքով, եղբայրը երազում էր, որ ծնողները լավ ապրեն, թոռներ ունենան, լավ մեքենա ունենա, երազում էր Սոլակ գյուղի հայրական տունը վերանորոգել իր ճաշակով. «Պապս փող էր հավաքում, ասում էր՝ Եփրեմ ջան, բանակից կգաս, ավտո կառնես… Մեր պապը այդ նպատակով թոշակն էր հավաքում»:
Արփինեն ասում է՝ սիրած աղջիկ ուներ, բայց այդպես էլ անունը գաղտնի էր պահում. «Ինքն ասում էր՝ մինչեւ այդ աղջիկը «հա» չասի, ես չեմ ասի ոչ մի բան: Նա թույլ չէր տալիս, որ տղաները փողոցում որեւէ աղջկա մասին վատ խոսեին, ասում էր՝ ես երեք քույր ունեմ, ամեն աղջիկ մեր նման մեկի քույրն է…»:
Արփինեն վկայակոչելով Եփրեմի ընկերների պատմածը՝ նշում է. «Ընկերներն ասում են, որ շատ ժամանակ, երբ ԱԹՍ-ները հարվածել են, իրենց տանկը սկսել է վառվել, Եփրեմը այրվող տանկից դուրս է եկել, շորերը հանել է ու թշնամու նորագույն տանկով հետ է եկել:
Հրամանատարը զարմացել էր՝ մենք էս որակի տանկ չենք ունեցել, ո՞նց ես կարողացել էդ տանկը վարել: Մի մարտի ժամանակ էլ, երբ թշնամին խփել է ընկերոջ տանկին, տղաները կոնտուզիա են ստացել, ի վիճակի չեն եղել տանկը քշել, Եփրեմը այդ տանկը կապել է իր տանկին, քշել-բերել, որ ընկերները չմնան…Ասում են՝ կատակում էր, թե գյուղից ինձ սա է օգուտ մնացել, որ ավտոն ավտոյի հետեւից կապած տանում են…»:
Քույրը հավելում է, որ հոկտեմբերի 19-ին վիրավորվելուց հետո Ստեփանակերտում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, տեղափոխել Հայաստան, «Աստղիկ» բժշկական կենտրոն. «Անունը շփոթել են, երեւի ընկերոջ շորն է հագած եղել, դրա համար են խառնել, հետո ամսի 22-ին մահացել է՝ սրտի կանգից: Հայրս գնացել էր Ստեփանակերտ, Դրմբոն, բոլորս էինք փնտրում իրեն, սրտատրոփ սպասում էինք, որ կգտնենք, բայց իրեն գտանք դիահերձարանում…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Արփինե Հարությունյանը
«Առավոտ» օրաթերթ
28.11.2020