Եվ այժմ ինչ էլ, որ թուրքն անի,
Ինչ դուռ էլ գոցե, կընկնի վար,
Մասիսից հազիվ մի քար կտանի՝
Այն էլ իր գանգին անմիտ շիրմաքար։
Հովհ. Շիրազ
Լինելիության խորհուրդը. առավել եւս Արցախյան խորհուրդը, որը երիտասարդ սերնդի կողմից թշնամուն չի խոնարհվել, ու այսօր էլ չի խոնարհվելու։ Արցախը հայ մարդն է, այն իսկական հայը, որ կարողացավ մեր երկիրն ավերողների մռութը ջարդել։ Եթե այսօր էլ այդպես չվարվենք, ապա կկորցնենք դեռ իրեն չգտած, իրեն չհաստատած, մեր հոգում ու սրտում դեռ լավ չգրանցված անկախությունը։ Իսկ անկախությունը պահանջում է մաքուր, նվիրական աշխատանք բոլոր բնագավառներում, պահանջում է, որ մենք մեր անելիքը չբարդենք մեր ժառանգների ուսերին։ Մենք կանք ու մենք թույլ չենք տա, որ դեռեւս գոյություն ունեցող աղքատ հոգիները խաթարեն մեր մաքուր ու վեհացնող ընթացքը։
Ժամանակը ճշմարիտ արժեքների փորձաքար է, ժամանակի քննությունը բռնելը՝ ամենամեծ գնահատականը։
Այդպիսի խորհուրդ ունի օրերս լույս տեսած «Սրբազան հայրենիք» հերթական հրատապ գիրքը։ Հեղինակը ճանաչված բանաստեղծ, իրավաբան, երգիծաբան, ՀԳՄ եւ Արցախի ԳՄ-ի անդամ, պրոֆեսոր, արդարադատության առաջին դասի խորհրդական Գրիգոր Մելիք-Սարգսյանն է։ Գրողը չէր կարող անմասն մնալ։ Նա իր խոսքը պիտի ասեր, իր անդրադարձը կատարեր։ Դրա վառ օրինակն, ահա, «Սրբազան հայրենիք» հրատապ գիրքն է, որը նվիրված է Արցախյան հերոսամարտին, որտեղ ամեն վայրկյան հերոսներ են ծնվում։
Գրիգոր Մելիք-Սարգսյանի զենքը գրիչն է, որով կոչ է անում՝ ի գործ։ «Սրբազան հայրենիքի» գործերը շնչում են հայրենասիրությամբ, որոնք համահունչ են Արցախում մղվող մարտական ոգուն։ Գիրքը գրված է ժամանակի եւ սրտի թելադրանքով։ Ոգեղենության դրսեւորում է, փորձ՝ հասկանալու, թե ինչպես է հայ ազգը արարչագործվել, ինչպիսի ընթացքով է դարերի խորքից եկել, թե որն է նրա ծննդյան ու հարատեւման խորհուրդը։
Կարդացեք նաև
Հեղինակը հանրագիտակ է։ Մտնում է պատմության խորքերը, պրպտում, վեր հանում ճշմարիտը. վերլուծում, թումանյանաբար զրույց անում ընթերցողի հետ, անպաճույճ պատմում, թե ովքեր են եղել հայերը՝ արմենները։
«Իմ հայրենիք» բանաստեղծությունը սրտաբուխ խոսք է հայրենիքի հանդեպ, նվիրական զգացումների արտահայտություն.
«…Իմ պաշտելի Մայր Հայաստան,
Կյանքս կտամ ես անվարան,
Հանուն քո սուրբ միասնության,
Ազատության ու փրկության»։
«Հայեր», «Եկեք ապրենք հայավարի», «Մենք հայ ենք», «Հայոց աշխարհ» եւ նմանատիպ բանաստեղծությունները ճանաչողական նշանակություն ունեն.
«Դու մի հրաշք ես, ով Հայոց աշխարհ,
Եվ քեզ կոչել են սուրբ դրախտավայր,
Սակայն փառքերից նախկին անհամար
Լոկ մնացել է մի փոքրիկ նշխար…»։
Այս պարտադրված, հրեշավոր պատերազմը կարճատես քաղաքականության հետեւանք էր, որը հարված էր հայի ինքնությանը։ Երաշխիքը՝ ոգեղենությունը չկորցնելն է։
Մելիք-Սարգսյանը «Նոր Տիզբոն» բանաստեղծությամբ տալիս է նոր աշխարհաքաղաքական-աշխարհագրական իրադարձությունների պատկերը.
«…Եթե լինեն արդարացի, ճշմարտասեր ու գրագետ,
Կիմանան, որ Արցախում կա հազարամյա Տիգրանակերտ…»։
«Մաքրեք ձեր աչքերի փառը եւ փոշին,
Հայկական են Գանձասարը, Ամարասը եւ Շուշին»։
Ապա վերջում զգոնության կոչ է անում.
«Հայե՛ր, եղե՛ք միասնական, պատրաստակամ եւ զգոն,
Որ մեր գլխին չխաղան եւ չսարքեն նոր Տիզբոն»։
«Ջրհեղեղ» բանաստեղծությունը եւս կոչ է մարդկությանը, որ աշխարհի փրկության բանալին գտնվում է հայ ազգի ձեռքին.
«Հակառակ դեպքում՝ նոր ջրհեղեղը
Կխեղդի թուրքին հենց տեղնուտեղը,
Կմնա միայն մեր լեռնաշխարհը,
Որ փրկի իրեն եւ ողջ աշխարհը»։
«Պատմության դատը» Մելիք-Սարգսյան իրավաբանի փաստարկված դատապարտումն է.
«…Բայց ով էլ լինեն՝ Գյուլ թե Էրդողան,
Պատմության դատից դեռ կդողդողան,
Քանդել են մեր տան հիմքն ու պատը,
Կպատժի նրանց մեր հայոց դատը»։
«Սրբազան հայրենիք» գրքում անդրադարձ է կատարվել նաեւ արտաքին ու ներքին թշնամիներին, որ նրանք բոռերի, սողունների նման հալածանքի են ենթարկում, ճոխ կյանք վարում («Բարոյական եւ իրական հաղթանակներ», «Քաջ նազարները», «Ողորմելիներ», «Գազանների խրախճանքը…)։ Հեղինակի թեմաները բազմազան են. դպրություն, ավանդապատում, հայրենասիրություն… («Հայոց դպրոցը»՝ նվիրված Մաշտոցին, «Անպարտելի Ղարաբաղը եւ Վահագն Վիշապաքաղը», «Բա՛ց դուռդ, Մհե՛ր»…)։
Բարոյահոգեբանական շարքից են՝ «Աննկուն հայ ազգ», «Համբերատար եւ դիմացկուն ազգը», «Ցեղասպան իժը եւ իր պատիժը», «Ղրիմն ու Ղարաբաղը», «Անիրավ աշխարհ» (Ղարսի նահանգ), «Մի լքիր հողդ», «Օ, մարդկային դաժանություն», «Համախմբվե՜ք երկու մասեր», «Վերածնունդ» բանաստեղծությունները։ Վերջինս նվիրված է գաղթի ճամփին ծնված հեղինակի պաշտելի հոր՝ Համբարձում Մելիք-Սարգսյանի հիշատակին։
Երախտիքի, հավատամքի նմուշներից են «Հռոմի պապը», «Կեցցե՛ Ֆրանսիան» գործերը։ «Նարեկացի», «Չարենց» բանաստեղծությունները ձոներ են՝ նվիրված մեր գրականության հսկաներին, «Ոտքի՛, Հայաստան»-ը կոչ է համայն հայությանը՝ բռունցքվելու, կայծակելու, որոտալու…
«Սրբազան հայրենիք» գրքում մի առանձնակի հետաքրքրության է արժանանում «Ադամի եւ Եվայի ժառանգորդները» երեք գործողությամբ պիեսը (կրճատումներով), որը համամարդկային եւ անմարդկային դրամա է, երգիծական անդրադարձ նախնադարի, միջնադարի, նոր ժամանակների ոճրագործություններին։ Այստեղ եւս զգացվում է հեղինակի պատմական իրադարձությունների, ավանդապատումների խոր իմացությունը եւ դրանք պատկերային մտածողությամբ վերաիմաստավորելու կարողությունը։ Պիեսում կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ հայ ազգը հայկական համակարգի հավաքական ոգու կրողն է, զորությունը, տիեզերագիտությունը, գրականությունը, ճարտարապետությունը, մշակույթը…
Գրքում ամեն մի տող փաստագրված, գեղարվեստորեն պատկերագրված դատավճիռ է ընդդեմ մեր թշնամյաց։
Ն. Չերնիշեւսկին գրել է «Ինչ անելը», իսկ Գ. Մելիք-Սարգսյանը «Սրբազան հայրենիք» գրքում՝ ինչ չանելը. չպղծել, չկեղծել, չշորթել, չշահագործել, չստել, չդավաճանել, չթուլանալ, չպարտվել…, այլ ապավինել Հայկ Նահապետին եւ նետահարել նորօրյա Բելին։
Գուրգեն ԼՈՌԵՑԻ
Հ.Գ. Լույս է տեսել նաեւ հեղինակի «Անուղեղ մարդը» երգիծական երկերի ժողովածուն, որին կանդրադառնանք հաջորդ անգամ։
«Առավոտ» օրաթերթ
28.11.2020
Անհաջող վերնագիր է: