Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ԱԻՆ-ի` հեղուկ գազի գլանատակառը գրանցված չէր արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում

Նոյեմբեր 30,2020 14:30

Կարո Հարությունյանը փոստային առաքմամբ ստացել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետի 2018 թվականի մարտի 22-ի թիվ 020 որոշումը, որով նրա նկատմամբ նշանակվել է 1.000.000 դրամի չափով տուգանք:

Ըստ այդ որոշման, ինչպես նաեւ 2018 թվականի մարտի 1-ին կազմված թիվ 051 արձանագրության համաձայն` անհատ ձեռնարկատեր Կ. Հարությունյանի կողմից Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում շահագործվող հեղուկ գազի գլանատակառը գրանցված չէ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում եւ չի անցել ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննություն: Ըստ այդմ, Հարությունյանի կողմից խախտվել է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները, որը հանգեցրել է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված տուգանքի կիրառմանը:

Ի դեպ, ըստ հայցապահանջի, նշյալ թիվ 051 արձանագրությունը Կ. Հարությունյանին չի հանձնվել:

Հայցվորը վկայակոչել էր «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքը, հայտնել, որ մարզում գտնվող հեղուկ գազի գլանատակառը չի շահագործվել, հետեւաբար` «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» եւ «ժդ» կետերով նախատեսված պարտավորություններ ինքը չէր կարող ունենալ:

Այսինքն, քանի որ հայցվորը տվյալ պահին չի շահագործել գլանատակառը, գտել է, որ որեւէ միջոց ձեռնարկելու անհրաժեշտություն չկա:
Հետեւաբար, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետի վիճարկվող` թիվ 020 որոշումը կայացվել է ոչ իրավաչափորեն, օրենքի խախտմամբ, քանի որ բացակայում է իրավախախտում կատարված լինելու փաստը:

Հայցվորը դատարանից խնդրել էր անվավեր ճանաչել ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետի թիվ 020 որոշումը:

Ըստ պատասխանող ԱԻՆ-ի` Տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելիս պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում շահագործվող հեղուկ գազի գլանատակառը գրանցված չէ ՀՀ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում եւ չի անցել համապատասխան փորձաքննություն: Այս իսկ պատճառով որոշում է կայացվել հայցվորի նկատմամբ 1.000.000 դրամի չափով տուգանք նշանակելու մասին:
2018 թվականի մարտի 5-ի թիվ 015 կարգադրագրով արգելվել է օբյեկտի շահագործումը, մինչեւ օբյեկտի լիովին համապատասխանեցումը տեխնիկական անվտանգության ոլորտի պահանջներին:

Վարչական դատարանը մերժել էր հայցապահանջը: Անցյալ տարվա մայիսից գործը վերաքննիչ վարչական դատարանում է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30