Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Բաթոյանն այն մեղադրանքների մասին, թե 2018-ին ներկայիս իշխանությունն է ծաղկեպսակ, սեւ ժապավեն ու պաստառներ տեղադրել նախկինների տների դիմաց

Նոյեմբեր 29,2020 23:54

Այսօր անհայտ անձինք ծաղկեպսակներ են դրել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանի բակում՝ շենքի մուտքի մոտ: Արձագանքելով այս նախաձեռնությանը՝ Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր․ «Իմ տան մուտքի դիմաց ծաղկեպսակ դնելն իմաստ չունի: Ծախսերից խուսափեք, ձեր մտերիմներին ուղղեք ձեր ուշադրությունն ու էներգիան»:

Aravot.am-ը այս առնչությամբ հարց ուղղեց Զարուհի Բաթոյանին: Մեր հարցին՝ այսօր որոշ հասարակական-քաղաքական գործիչներ ձեզ մեղադրում են, որ ժամանակին՝ 2018 թվականին նույն մեթոդներով ձեր թիմն է պայքարել նախկին իշխանությունների դեմ, երբ պահանջում էիք, որ հեռանան, ինչպե՞ս կմեկնաբանեք սա, Զարուհի Բաթոյանն ասաց․ «Մեր թիմը երբեք նման կերպ որեւէ մեկի դեմ չի պայքարել: Մենք ի սկզբանե մերժել ենք բռնությունն ու վատ վերաբերմունքը բոլոր մակարդակներում: Եթե որեւէ մեկը քաղաքացիներից նման բան է արել, մենք միշտ դատապարտել ենք»:

Հիշեցնենք, որ հեղափոխության օրերին նախկին գումարման Ազգային ժողովի պատգամավորների՝ մասնավորապես ՀՀԿ-ի անդամների տան առջեւ մի խումբ ակտիվիստներ դագաղներ, սեւ ժապավեններ ու ծաղկեպսակներ էին դնում՝ ի նշան բողոքի՝ պահանջելով նրանց հրաժարականը: Մեր այս դիտարկմանն ի պատասխան, Զարուհի Բաթոյանն ասաց՝ այն ժամանակ էլ պարզ էր, որ այդ ամենը մեզ հետ կապ չուներ. «Իսկ սա ակնհայտ է, որ կազմակերպված է, որովհետեւ կոնկրետ լրատվամիջոցներով ու ալիքներով է տարածվում՝ նույն լուսանկարը»:

Այսօրվա միջադեպի առնչությամբ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մարդկանց տների դիմաց ծաղկեպստակներ, սեւ ժապավեններ եւ պաստառներ տեղադրելն այլանդակություն է, որը, ցավոք սրտի, մեր ժողովրդին սովորեցրեցին այսօրվա իշխանավորները։ 2018 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ խրախուսում էին այդ մեթոդները կիրառել նախկինների դեմ։ Միշտ նողկանք եմ ապրել նման դրսեւորումերից։ Մարդկանց երբեք մի սովորեցրեք ատել, մի օր ձեզ էլ կատեն։ Ե՞րբ եք սովորելու համախմբվել սիրո եւ կարեկցանքի շուրջ»։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30