Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես էլ էի թուրքի դեմ՝ քո երեխու հետ, իրար հետ թեւ թեւի տված կռվում»․ ոստիկանի բաց նամակը անհետ կորած զինվորի մորը

Նոյեմբեր 29,2020 22:17

Ոստիկանության սերժանտ Գագիկ Չարխիֆալակյանը բաց նամակով դիմում է կառավարության մոտ ակցիա կազմակերպած անհետ կորած զինվորների ծնողներին։

«Հատկապես մի կին էր հուզված, փորձեցինք հանգստացնել ու ասաց, որ անունը Լիլիթ է։ Դիմում եմ նրան եւ բոլոր ծնողներին»,–Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց Գագիկ Չարխիֆալակյանը։

«Լիլիթ ջան, քեզ հետ զրուցում է քո դիմաց, բայց ոչ՝ քո դեմ կանգնած ոստիկաններից մեկը։ Դիմում եմ բոլոր ծառայակից ընկերներիս անունից, հե՛նց քեզ, որովհետեւ քո բառերը դաշույնի պես խրվել են մեր սրտերը, երբ դու գոռում էիր՝ վիրավորելով մեզ։ Մենք ոչ միայն չենք վիրավորվել, այլ ընդհակառակը, լցվել ենք կարեկցանքով ու մեղավոր ենք զգացել քո ու մնացած բոլոր ծնողների առջեւ, բայց եկեք մեդալի մյուս կողմն էլ տեսնենք։

Հաճախ ենք լսում՝ «եկե՞լ եք մեր դեմ եք կանգնել», «բա ո՞ւր էիք, երբ մեր երեխեքը թուրքի բերան էին գնացել», «հիմա՝ որ իմ դեմ ես, համարի, որ իմ երեխու դեմն ես կանգնած»։

Ասեմ, Լիլիթ ջան, ես էլ էի թուրքի դեմ, հա՛, հա՛, քո երեխու հետ, իր կողքին, իրար հետ՝ թեւ- թեւի տված կռվում էինք, իրարից չէինք առանձնացնում մեզ:
Գիշերն արթուն էինք, որ քո որդու նման զինվորներն անքուն չմնան: Էսօր էլ քո համար եմ էստեղ, որ տաքացած ու գերլարված պահին չսխալվես, որ օրենքի շեմը չանցնենք ու չկանգնենք անելանելի դրության առաջ:

Բայց տեսել ես, չէ՞ որ մենք նույնիսկ զինված չենք, որ մեր հասցեին հնչած եւ ոչ մի բառին չենք արձագանքում, թողնում ենք, որ Ձեր ասելիքն ասեք, սիրտներդ մի քիչ հովանա:

Հիմա անդրադառնամ երկրի ղեկավարությանը:

Նախ ասեմ, որ համաձայն եմ քեզ հետ։

Գերեւարված տղերքի հարցը պիտի վայրկյան առաջ պիտի կարգավորվի: Ու, հավատա, դրա համար ամեն բան արվում է, բոլոր պատկան եւ ոչ պատկան մարմինները ուժերի գերլարումով զբաղվում են էդ հարցով, բայց արի չմոռանանք՝ որ երկրում շատ ծանր իրավիճակ ա ու էլի շատ հարցեր կան, որ երկրի ղեկավարը չի կարող ամբողջ ժամանակը տրամադրել մեկ հարցի լուծմանը կամ մշտապես մեր աչքի առաջ լինել:

Հետո, եկեք չմոռանանք նաեւ, որ մենք ապրիլ ենք ունեցել, երբ սեւազգեստ մորը ոստիկանական ուժով էին հեռացնում, երբ երկրի ղեկավարը անգամ հարկ չէր համարում ցավակցել զավակ կորցրած ծնողին, չծավալվեմ: Վստահ եմ՝ հիշում ենք բոլորս…
Հիմա, լավ թե վատ, բայց ունենք գոնե ցավակցող, իրեն մեղավոր զգացող ղեկավար, ով պատրաստ է մինչեւ վերջ լսել ցանկացած ծնողի, կարեկցել ու փորձել օգնել:

Դժգոհություններ միշտ էլ լինելու են. մարդիկ տարբեր են` մի մասը մի բան ա ուզում ու ճիշտ համարում, մյուսը՝ մեկ այլ բան:
Բայց չմոռանանք, որ մեր հերոսները էսօր ՀՀ տարածքում չեն, անգամ այլ նեյտրալ պետության տարածքում չեն, մեր թշնամու, սրբապիղծ ու նենգ թշնամու մոտ են, որը կարող է ամեն քայլի գնալ, որ պրովոկացիա անի:

Ախր սա մի քանի ժամում լուծվող հարց չէ: Եկեք ուղղակի մի քիչ ժամանակ տրամադրենք, որպեսզի բաղձալի արդյունքին մի վայրկյան շուտ հասնենք, քանի որ մի փոքրիկ զրույցն անգամ լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում։

Իսկ վերջում կցանկանայի, որ թե՛ դու, թե՛ մեր մյուս մարտական ընկերների, մեր հերոս եղբայրների ծնողներն ընդունեն, որ իրենց դիմաց կանգնած է ոչ թե թշնամի, այլ իր եղբայր, իր որդի ու իր պաշտպան ոստիկանը, ով թե՛ սահմանում էր պաշտպանում իրեն, ու թե՛ էսօր՝ առանց իր ընտանիքից կարոտ առնելու։ Ներսում է պաշտպանում Ձեզ, քանզի Դուք բոլորդ հերոսածին թագուհիներ ու թագավորներ եք, ու մենք ոչ թե Ձեր դեմ, այլ Ձեր համար, Ձեր անվտանգությունը ապահովելու համար ենք էդտեղ:

Եկեք՝ սիրենք ու հարգենք իրար, մեր եղբայրներն ընկել են, որ մենք խաղաղ ապրենք:

Քո ոստիկան Գագիկ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30