Սյունիքի ողջ տարածքում, բացառությամբ Մեղրի տարածաշրջանի, ձյուն է տեղում։ Aravot.am-ը փորձեց փոքրիկ հարցախույզ անցկացնել սյունեցիների հետ՝ պարզելու՝ ինչ խոհեր է արթնացնում տեղացող ձյունը։
«Աշնանայի՞ն, թե արդեն մռայլ աշնանը հաջորդող սպիտակ ձմեռ։ Աշունը լաց բերեց ու երեւի լացով հեռանում է։ Թող ճերմակ, անբասիր ձյունը խաղաղություն բերի ու ինչ-որ մի կերպ փոխի տարածքների հանձնման փաստաթուղթը, եթե իհարկե, հնարավոր է»,-ասաց կապանցի մանկավարժ Ռիտա Դավթյանը։
«Ոնց որ սրտիս գա ձյունը ու երկու օր շուտ եկավ, բայց սեւի վերափոխված դեղին աշունը թող շուտ հեռանա»,- ասաց գորիսեցի լրագրող Էլմիրա Բալասանյանը։
Կարդացեք նաև
«Իշխանասարում գտնվող մեր զինվորական տղաների մասին մտածեցի առաջինը, տեսնես մրսում են, թե տեղները տա՞ք է»,-ասաց Սիսիանի «Բասեն» հյուրանոցային համալիրի տնօրեն Հասմիկ Ասատրյան-Ազոյանը։ Այս օրերին, ի դեպ, հյուրանոցում մեծ թվով արցախցիներ են հանգրվանել։
«Իսկ ընդհանրապես կուզեի, որ ձյունը մաքրի երկրում տիրող գարշը, որ տաք ուղեղները մի քիչ սառեն ու ճիշտ, սառը դատողությամբ վերլուծեն իրավիճակը»,-նշեց տիկին Հասմիկը։
«Երբ ձյուն է գալիս, ես մի տեսակ բարիանում եմ, ինձ թվում է՝ ամեն ինչ լավ է լինելու եւ հուսանք այդպես էլ կլինի»,-ասաց Կապանի դրամատիկական թատրոնի դերասան Արթուր Գաբրիելյանը։
Պատմաբան-դասախոս, Կապանի երկրագիտական թանգարանի գիտաշխատող Քրիստինե Պետրոսյանի համար ընդհանրապես ձյունը հեքիաթային է։ «Առաջին ձյան հետ ակամա ուրախանում եմ, կյանքը դեպի լավը փոխելու խորհուրդ եմ տեսնում։ Կյանքը՝ ձյան պես մաքրագործող, սպիտակ։ Միշտ թվում է, թե առաջին անգամ եմ տեսնում այս սպիտակ ադամանդե փաթիլները»,-ասաց Քրիստինեն։
Վերջինս մտքերով նաեւ սահմանում է, բոլորի պես աղոթում է մեր զինվորների համար։ Քրիստինե Պետրոսյանի խոսքով, եթե ոմանց համար կյանքը կանգ է առել՝ կապված վերջին իրադարձությունների հետ, ապա շատ կցանկանար, որ տեղացող ձյունը նրանց համար նոր սկզբի խթան լինի, նոր հույսով ու հավատով լցվեն։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ