«Որոշել էի՝ գնամ մինչև վերջ, գնամ անձնազոհության, սակայն հատկապես ինձ վրա շատ ծանր ազդեց տասը տարեկան թոռանս ասածը, որ սպառնում է՝ գալու է կողքս նստի, եթե ես տեղիցս վեր չկենամ»,- Հանրապետության հրապարակում հայտարարեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը՝ տեղեկացնելով՝ դադարեցնում է հացադուլը:
Նա նշեց՝ բավականին դժվար կացության մեջ է հայտնվել ու մանրամասնեց. «Այս օրերին շատ-շատ ընկերներ, հանրային, քաղաքական գործիչներ, ԱԺ պատգամավորներ, հոգևորական դասի ներկայացուցիչներ և նոր էլ արդեն Ամենայն հայոց կաթողիկոսը նույնպես անհատական կոչով դիմեց, որ դադարեցնեմ հացադուլը: Այստեղ ներկա է մեր մեկ ուրիշ ընկերը, որն ասաց՝ իր թոռան հետ է գալու նստելու: Ես չեմ կարող անտարբեր գտնվել այդ բոլորի նկատմամբ»:
Կիմ Բալայանը նաև փաստեց՝ շարունակելու է պայքարը, մի շարք աշխատանքներ կան, որոնք պետք է կազմակերպել և հասարակությանը տեղեկացնել, թե ինչ բնույթի հանցագործություններ են կատարել՝ իր բնորոշմամբ այսօրվա իշխանություն կոչեցյալները՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ:
Այնուհետև կոչ արեց. «Այդ իսկ առումով վերջին անգամ կոչ եմ անում, որ մեկ է, Նիկոլ Փաշինյանը դատապարտվելու է իր կատարած ազգային դավաճանության համար: Նա դատապարտված է սահմանադրական կարգը տապալելու համար, բայց ժամ առաջ իր հեռանալը մեզ հնարավորություն կտա բանակցային նոր գործընթաց սկսել, քանի որ այն հայտարարությունը, որը ստորագրման պահից առ ոչինչ է, բացի հրադադարի կետը, մնացած բոլոր կետերով պետք է կնքվի միջազգային պայմանագիր, անցնեն համապատասխան ընթացակարգեր»:
Կարդացեք նաև
Այնուհետև տեղեկացրեց՝ ձեռնամուխ է լինելու առաջին հերթին հասարակական տրիբունալի միջոցով հասարակությանը ներկայացնել այն բոլոր ապացույցները, որոնք հասարակությանը կհամոզեն, որ Նիկոլ Փաշինյանը կատարել է մի շարք հանցագործություններ և իրավունք չունի ղեկավարել մեր երկիրը: Նաև վսհատեցրեց՝ հարկ եղած դեպքում, եթե առողջականը ների, նաև զինված պաշտպանության է դիմելու, որպեսզի թուրքը չկարողանա մեր 30 տարվա չարչարանքն այսօր վայելել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ