ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՌԴ խաղաղապահ ուժերի բժշկական ջոկատի առաջին ստորաբաժանումները ժամանել են Ստեփանակերտ Ղարաբաղի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար: Մեքենաների շարասյունը Ստեփանակերտ է շարժվել Երեւանից, իսկ ավելի վաղ` ռազմական բժիշկները ԻԼ-76 ինքնաթիռով թռել էին Խաբարովսկից եւ վայրէջք կատարել Երեւանում:
Նշվում է, որ ավտոշարասյունն ուղեկցել են ՌԴ խաղաղապահ ուժերի եւ ռազմական ոստիկանության ստորաբաժանումները:Ղարաբաղ են ժամանել 60-ից ավելի ռազմական բժիշկներ՝ այդ թվում վիրաբույժներ,անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապեւտներ եւ վարակաբաններ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ստեփանակերտում ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակվում է վերադարձը խաղաղ կյանքին, ավելի վաղ վերականգնվել էր տրանսպորտը, եւ ՌԴ խաղաղապահ ուժերի ինժեներատեխնիկական ստորաբաժանումները շարունակում են աջակցել ճանապարհների մաքրման եւ Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներին:
Նշվում է նաեւ, որ Արցախում տեղակայված են ՌԴ կենտրոնական ռազմական օկրուգի մոտոհրաձգային բրիգադի առանձնացված 15 հատուկ ստորաբաժանումները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ