Լրահոս
Օրվա լրահոսը

Արտյոմ Վարդանյան. «Թող պաշտոնյաները իրենց պարգեւավճարները տան՝ մեր գերիներին վերադարձնեն»

Նոյեմբեր 29,2020 09:00

«Ամենաահավորն այն է, որ սխալները գնալով շատանում ու շատանում են, եւ երկիրը անդունդն է գնում: Մենք բոլորս դա չպետք է հանդուրժենք: Առաջնահերթ մեր գերիների, որոնք, փառք Աստծո, ողջ են, փրկելու հարցն է: Ամեն գնով, կարեւոր չէ, թե ինչ ճանապարհով: Եթե պետք լինի, ես կողմ եմ, որ գումար տանք՝ վերադարձնենք գերի ընկած մեր տղաներին: Միայն թե հետ բերենք:

Ամենամեծ սխալն այն էր, որ Նիկոլը, որ հիմա ասում է՝ այդ խայտառակ պայմանագիրը ստորագրելով 25, հիմա էլ՝ 35 հազար կյանք է փրկել, պետք է հաշվի առներ գերիներին, զոհվածներին ու ասեր՝ այս ստորագրությունը ուժի մեջ կմտնի միայն այն դեպքում, երբ մեր գերիներին ու դիերը հետ կբերենք: Նա անտեսեց գերիներին, զոհվածներին, անտեսեց այն զինվորներին, որոնք դեռ շրջապատված են ադրբեջանցիներով:

Ու հիմա ադրբեջանցիներն են մեզ պայմանները թելադրում: Եթե Նիկոլն ասում է, թե դա արել է, որպեսզի մարդկանց կյանք փրկի, ինչպե՞ս կարելի էր գերիներին անտեսել ու թողնել այդ դահիճների, տականքների ձեռքը: Հիմա էլ պարգեւավճար են ստանում: Եթե մենք չունենք հավասար քանակով գերիներ, որ փոխանակենք, թող պաշտոնյաները իրենց պարգեւավճարները, «Հայաստան» համահայկական հիմնադրամի այն $ 170 միլիոնը տրամադրեն:

Ինչքա՞ն պիտի ուզեն: Ինչ էլ ուզեն, սրանք պարտավոր են տալ, որովհետեւ այնքան խելք չունեն, չեն կարող դիվանագիտական ճանապարհով գերիներին հետ բերել»,- Aravot.am-ին երեկ ասաց կառավարության առջեւ պատերազմում որդեկորույս ծնողների բողոքի ակցիային մասնակցող «Ջամբո» էկզոտիկ պարկ-ռեստորանի սեփականատեր Արտյոմ Վարդանյանը, որը 25 տարի ապրել է Հոլանդիայում, երկքաղաքացի է, մեծ բիզնեսներ է ունեցել, բայց դրանք վաճառել ,եկել է Հայաստան ու միլիոնների ներդրումներ է արել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30