Շուրջ երեսուն տարի արցախյան պատերազմի մեջ ենք, բայց ինձ իրավունք եմ վերապահում ասել, որ այս պատերազմի մեջ լինելով՝ այս պատերազմի վերջին մեկուկես ամիսների ընթացքում միայն ամբողջապես ու լիովին զգացինք և հասկացանք, թե իրականում իրենից ինչ է ներկայացնում պատերազմ կոչվածը: Ասածս հավասարապես վերաբերում է թե հայաստանցիներին, թե արցախցիներին:
Չնայած խաղաղապահների առկայությանը, ինձ իրավունք եմ վերապահում ասել, որ պատերազմի վտանգը դեռևս շարունակվում է. ոչ միայն արցախցիների համար, այլև՝ հայաստանցիների: Չնայած դրան, այս հետպատերազմյան ժամանակամիջոցում արդեն շուրջ 15000 արցախցիներ վերադարձել են Արցախ:
Սա մի ավելորդ անգամ վկայում է, որ Արցախի ժողովուրդը լիովին հավատում է ռուս խաղաղապահների առաքելությանը և հավատում է, որ նրանց առկայությամբ պատերազմը կդադարի: Արցախցիների զրույցներից ու լրատվամիջոցներին նրանց տված հարցազրույցներից տեղեկանում ենք, որ նույնիսկ իրենց տներից զրկված արցախցիներն այդ իմաստով լիահույս են, և, ինչպես միշտ, այսօր ևս Արցախն ու արցախցիները հնարավորինս ռուսամետ են, և իրենց բոլոր հույսերը հիմնականում Ռուսաստանի և Ռուսաստանի ղեկավարության հետ են կապում:
Ինչ վերաբերում է Հայաստանին, Հայաստանում իրավիճակն ավելի քաոսային է, քան նույնիսկ՝ Արցախում: Ինչքան էլ տարօրինակ է, դա այդպես է. ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի ու հայաստանցիների համար պատերազմը դեռևս չի ավարտվել՝ թե ուղղակի, և թե դիվանագիտական իմաստով, այլև այն պատճառով, որ Հայաստանին սպառնում է նաև ներքին՝ քաղաքացիական պատերազմը, քանզի Փաշինյանն ու նրա հրաժարականը պահանջող կուսակցություններն իրար նույնքան են ատում, ինչքան՝ պատերազմող կողմերը, և որ այդ մաքսիմալ ատելությունն առայժմ իրական ու քաղաքացիական պատերազմի չի վերածվել, դա, ըստ երևույթին, նրանից է, որ ժողովուրդը ներկայիս իշխանության հրաժարականը պահանջող այդ կուսակցությունների մեջ չի տեսնում Փաշինյանի իշխանությանն արժանիորեն փոխանինող ուժին,և այդ ուժի բացակայությունն է պատճառը, որ տվյալ ուժերի ու Փաշինյանին սատարողների միջև միանգամայն անցանկալի բախումն առ այսօր տեղի չի ունեցել, չնայած հակամարտող երկու կողմերն էլ հավասարապես իրենցից կախված ամեն ինչ արել ու անում են, որ անցանկալի իրենց բախումը տեղի ունենա, և անկառավարելի իրավիճակ ստեղծվի: Իսկ որ անկառավարելի իրավիճակում կարող ենք նորանոր կորուստներ ունենալ, դա, կարծում եմ, կասկածից վեր է: Դա պարտավոր են հասկանալ թե հրաժարական պահանջողները, և թե հրաժարական չտվողները: Երկուստեք ու հավասարապես:
Կարդացեք նաև
Երկուստեք ու հավասարապես պիտի հասկանան, որ լրջմիտ ու խելամիտ լինելու դեպքում կարող ենք նույնիսկ որոշ բաներ գտնել: Խելամիտ, լրջմիտ ու լրջախոհ լինելու դեպքում կարող ենք հիշել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ասածը. «Ղարաբաղի կարգավիճակի հարցը բաց է մնացել և այն կքննարկվի մոտ ապագայում»:
Անհրաժեշտ եմ համարում նկատել, որ Պուտինն ու Ռուսաստանը Մինսկի խմբի մյուս համանախագահներին լրջագույնս պարտք են մնացել, և մյուս համանախագահներն ամեն պահի Ռուսաստանից ու Պուտինից կարող են պահանջել մարել իրենց պարտքը: Եվ որ տվյալ պարտքի մարումը նաև Ռուսաստանին ու անձամբ Պուտինին կարող է ձեռնտու լինել, դա ավելի քան հնարավոր է:
Մենք արդեն համոզվել ենք, որ քաղաքականապես խառնակ այս ժամանակներում ամեն ինչ է հնարավոր: Եթե, Պուտինի ասելով Ղարաբաղի կարգավիճակի հարցը բաց է մնացել և այն կքննարկվի մոտ ապագայում, դա արդյոք չի՞ նշանակում, որ այդ քննարկումներին, ի թիվս այլոց, այս կամ այն կերպ պիտի մասնակցություն ունենան նաև Հայաստանի ու Արցախի կոնկրետ ու ռեալ ներկայացուցիչները, թե՞, այս անգամ և այս հարցը նույնպես պիտի քննարկվի առանց Հայաստանի ու առանց Արցախի շահերը ներկայացնողների մասնակցության, և վերստին մենք պիտի լռելյայն սպասենք և վերստին ամենավերջում ու ամենավերջինը տեղեկանանք, թե ինչ է սպասում մեզ, և պիտի ինքներս մեր ճակատագրին անտեղյակ ու անմասնակից շարունակենք կեղեքել ու պախարակել իրար՝ հրաժարական պահանջելով երդվյալ հրաժարական չտվողներից, և երդվյալ հրաժարական չտվողներն էլ շարունակելով հրաժարական չտալ, պիտի շարունակեն դավաճանության մեջ մեղադրել իրենցից հրաժարական պահանջողներից, և հրաժարական պահանջողներին դավաճանության մեջ մեղադրելով՝ հրաժարական չտվողները պիտի օրումեջ կալանավորեն և օրումեջ բաց թողնեն իրենցից հրաժարական պահանջողներից: Եվ երկուստեք մարդու իրավունքների պաշտպանին պիտի մեղադրեն, որ չի պաշտպանում իրենց ու իրենց իրավունքները: Եվ մարդու իրավունքների պաշտպանն էլ պիտի աղեկտուր հարցազրույց տա և հրապարակայնորեն արդարանա ու ասի, որ իր պարտականությունն է պաշտպանել բոլորին ու բոլորի իրավունքները:
Այսինքն՝ իր պարտականությունն է հավասարապես պաշտպանել թե հրաժարական պահանջողներին, և թե հրաժարական չտվողներին: Հավասարապես ու անմնացորդ:
Եվ կյանքը շարունակվում է: Կյանքը շարունակում են թե հրաժարական պահանջողները, և թե հրաժարական չտվողները:
Բոլոր առումներով պաշտպանված:
Եվ բոլոր առումներով անպաշտպան:
Ոոկան ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ» օրաթերթ
28.11.2020