Կառավարության շենքի առջեւ որդեկորույս ծնողների բողոքի ակցիային եւ վարչապետի հրաժարականն ու ու նրան քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հացադուլ հայտարարած քաղաքացիներին այսօր զորակցում էր ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Նա Aravot.am-ի հետ կիսվեց իր մտորումներով, թե ինչո՞ւ այսպես ստացվեց եւ ի՞նչ է լինելու:
«Գրեթե 2,5 տարի դրա մասին խոսում էինք, հասարակությանը բացատրում արվող քայլերը, թե ինչ է տեղի ունենում: Սակայն ֆեյքերով, հեղափոխական կեղծ ակտիվով փորձել են լռեցնել: Ճիշտ է, չի հաջողվել՝ մաքսիմալ խոսել ենք, պարզ ներկայացրել՝ ինչի է բերում իշխող քաղաքական ուժի վարած քաղաքականությունը: Մի քանի դրվագ կարելի է հիշել: Առաջինը՝ գրեթե կիսապատերազմական վիճակի մեջ գտնվող երկրում հասարակության պառակտումը: Երկրորդը՝ հաղթանակած բանակի գեներալներին, հրամանատարական կազմին եւ հերոսներին ուղղակի նսեմացնելը: Անթերի մարդ չկա, բոլորն էլ ինչ-որ թերություն ունեն: Բայց կարելի էր այդ ամենը, եթե իրոք այդպես է, նորմալ պայմաններում, ինչպես ասում են՝ կուլիսների հետեւում կարգավորել, հունի մեջ գցել ու երկիրն առաջ տանել: Իրականում 2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանում կար հավատ, հույս: Եվ փոխանակ երկիրը տարվեր ազգային ծրագրերի իրականացման ճանապարհով, ընտրեցին ստի ճամփան: Ոչ մի ասված խոսք ու խոստում չի իրականացվել, չկա այդպիսի ոչ մի ոլորտ: Այս ամբողջ ընթացքում հետեւողականորեն փորձ է արվել վերացնել ազգային արժեհամակարգը: Անկեղծ խոսենք. հայ ազգը ինչպե՞ս է հարատեւել. հավատքի շնորհիվ, ընտանիքի շնորհիվ: Իսկ ի՞նչ են արել այս 2,5 տարիներին: Փորձել են քանդել երկուսն էլ: Ու այս ամենի արդյունքում մի նրբություն կա. այն, ինչ Էրդողանն ու Ալիեւը չկարողացան անել 30 տարվա մեջ, ավելի գրագետ ձեւով արեցին այս իշխանությունների ձեռքով:
Գիտե՞ք, Նիկոլ Փաշինյանի թիմում նորմալ մարդիկ կան: Օրինակ, Արարատ Միրզոյանը շատ նորմալ մարդ է: Իմ իմանալով՝ նույն Միրզոյանը լավ էլ դիմադրել է, որ այս ամենը այսպես չլինի: Իշխանական պատգամավորներն ու պաշտոնյաները պիտի մի բան լավ հասկանան, որ Նիկոլը իրենց էլ է փուռը տալու: Եթե Փաշինյանը իր ընտանիքի անվտանգությունը ուժային կենտրոններից ստանալ կարող է, նա ամեն մարդու համար դա անել չի կարող: Ինքն իր սովորության համաձայն թռնելու է ու իրեն շրջապատածներին թողնելու է քավության նոխազի կարգավիճակում: Մի օր արթնանալու ենք ու իմանանք, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չի: Նա այդ մարդն է: Այսօր «Իմ քայլի» տղաներն ու աղջիկները չեն հասկանում, որ իրենց դիրեկտորը շարքային սուտասան, թռնող, գցող է»,- ասաց մեր զրուցակիցը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ