Լրահոս
Օրվա լրահոսը

Ապաքաղաքական քաղաքականություն

Նոյեմբեր 28,2020 22:24

Ս․թ․ նոյեմբերի 10-ի կապիտուլյացիան ի չիք դարձրեց մեր բոլոր նախկին նվաճումները, գետնեց մեր արժանապատվությունը, նվաստացրեց մեզ որպես պետություն, ազգ։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես ենք հաղթահարելու և հաղթահարելո՞ւ ենք արդյոք այս հոգեբանական ազգային անկումը։ Եվ թվում էր, որ այս ամենի թիվ մեկ պատասխանատուն, մեղավորը պետք է ինքնասպան լինի, կամ առավել ցածր արժանապատվություն ունենալու դեպքում, հրաժարական տա։

Բայց՝ ոչ, նա շարունակում է կառչած մնալ աթոռին՝ օր-օրի նոր զիջումներ անելով։ Լավ, ընդունենք, որ սա պաթոլոգիա է, բա ժողովո՞ւրդը։ Նույնպես արժանապատվություն ունեցող ժողովուրդը մի մարդու պես պետք է ելներ փողոց Հայաստանի բոլոր քաղաքներում և գյուղերում՝ անկախ մասնագիտությունից, քաղաքական հայացքներից և պահանջեր հազարավոր զոհերի պատասխանատու, երկիրը, պետությունը կործանած անձի հրաժարականը։ Չգիտեմ, կորցրե՞լ ենք արդյոք, տարրական ազգային, պետական արժանապատվությունը։ Հուսով եմ, ոչ ամբողջովին։

Այս համատեքստում, ցանկանում եմ անդրադառնալ երկու հարցի։

1․ Արդարացողներ․

Ժողովրդի, հասարակության, իմ ընկերների շրջանում, հաճախ եմ լսում հետևյալ «խորը» դատողությունը․ «Ախր, ո՞ւր գամ, ո՞վ է այնտեղ, չէ՞ որ նախկիններն են, ո՞ւմ ետևից գնանք»։ Այսօր էլ մի հին ծանոթ մոտեցավ և նույնպես հայտնեց շատ «խորիմաստ» միտք․ «Շարմազանովը հատուկ է գալիս, որ ուրիշները չգան և քիչ մարդ լինի»։ Ուղղակի «հանճարեղ» է։

Դիմում եմ բոլոր այդպես մտածողներին․

-Հարգելիներս, հայրենիքի մի մասն արդեն կորցրել ենք, վտանգված է նաև մնացած մասը, իսկ դուք․ «նախկիններ, նախկիններ»։ Մի գնացեք ոչ մեկի ետևից, քայլեք առջևից, ասեք ձեր ասելիքը։ Իսկ եթե անկեղծ եք, ուրեմն ոչ միայն մոլորյալներ եք, այլև պարզունակ, կարևորը երկրորդականից չտարբերող մարդիկ։ Եթե՝ ոչ, ուղղակի ձեր անտարբերությունը փորձում եք քողարկել մոդայիկ «նախկիններ»-ով, ձեզ համար հայրենիք գոյություն չունի։

Իսկ ես կարծում եմ, որ հակառակը, փողոց դուրս ելածների մեջ մենք պետք է տեսնեինք Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, բոլորն իրենց համախոհներով, մնացած այլ քաղաքական-հասարակական ուժերին, իրենց մտավորակականներ համարողներին, նաև դեռևս վերջնականապես պատվազուրկ չեղած իմքայլականներին։ Եվ հակառակը, միայն պետք է զարմանայինք, եթե օրինակ, նույն Շարմազանովն ու մյուսները բացակայում են։

Զարմանալի պարզունակ, ավելի կոպիտ բառեր չօգտագործեմ, մտածողություն։

2.Մտավորականների մասին․

Առօրյա կյանքում հաճախ կարելի է լսել տարբեր մասնագիտություն ունեցող, կամ չունեցող մարդկանցից․ «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» արտահայտությունը։ Այսպես ասում են, հիմնականում, այս կամ այն կարևոր հարցի մասին, զգուշանալու ու սեփական դիրքորոշումը արտահայտելուց խուսափելու պատճառով։ Այս մարդկանց մի մասն, ունենալով որոշակի գիտական, մշակութային հաջողություններ, իրենց համարում են մտավորականներ և չգիտես ինչու, մոռանում իրենց քաղաքականությամբ չզբաղվելու մասին «համոզմունքը», երբ օրվա իշխանության կողմից արժանանում են տարբեր մրցանակների և հաճոյախառն ժպտում և գովերգում են նրանց։

Նրանցից շատերը, զգալով իշխանությունների մոտալուտ վախճանը, իրադրությունից ետ չմնալու համար, սկսում են քննադատել երեկվա սիրելիներին, բայց այս անգամ արդեն շեշտելով․ «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» թեզը։ Ենթադրում եմ, որ այդ մտավորականները, չեն կողմնորոշվում, մի կողմից գնացող իշխանությանը պետք է քննադատել, մյուս կողմից, չգիտեն, թե վաղն ում են ժպտալու։

Իհարկե, թերևս ամենակարևոր հանգամանքը նաև տարիներ շարունակ բոլոր ընդդիմադիր քաղաքական, ռազմական գործիչներին հետևողականորեն վարկաբեկելն է։ Եվ հեռացող իշխանությանը քննադատելով, այս մտավորականները մտածում են․ «Վայ, հանկարծ չմտածե՞ն, թե էսինչին ենք պաշտպանում, հետո կտեսնենք»։ Այսօրվա հանրահավաքում էլ, այդ նույն մտավորականները, խուսափելով իշխանություններին թունդ քննադատելուց, իրականում քաղաքական ելույթներ էին ունենում, բայց․․․ հանրահավաքն անվանում «ապաքաղաքական»։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30