Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջ ու գեղեցիկ մաշկի «համեղ բաղադրատոմսերը»

Նոյեմբեր 28,2020 23:30

Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում անդրադարձել ենք մաշկի գեղեցկությանն ու առողջությանը՝ փորձելով առանձնացնել այն սննդանյութերը, որոնք շատ ավելի կարևոր նշանակություն ունեն մաշկի համար, քան տարատեսակ խնամքի միջոցները, որոնց մեծամասնությունը ազդում է մաշկի սոսկ արտաքին շերտի վրա։

«Այն, ինչ մենք ուտում ենք, արտացոլվում է մեր դեմքին» ձևակերպման իմաստն ամենևին էլ փոխաբերական չէ, քանի որ մեր մաշկի վիճակը սերտորեն կապված է մեր սննդակարգի հետ։ Որպես կանոն, բանջարեղենով, օմեգա-3 ճարպաթթուներով և սննդարար այլ նյութերով հարուստ դիետան դրական է անդրադառնում մաշկի վիճակի վրա, ինչպես նաև պաշտպանում է մաշկը շրջակա միջավայրի բացասական ազդեցություններից, բայց կարևոր է հիշել, որ օգտակար մթերքները համադրելով «վնասակար համեղությունների» հետ դժվար թե ունենանք ցանկալի արդյունք։ Մաշկի երիտասարդության պահպանումը խնդիր է, որին պետք մոտենալ հիմնավոր կերպով՝ հաշվի առնելով մաշկի վրա ազդող թե՛ ներքին և թե՛ արտաքին գործոնները։

Ներկայացնում ենք ամերիկյան հայտնի սննդաբան Ջոզեֆ Մարկոլայի դիտարկումները մաշկի գեղեցկության, առաձգականության և առողջության համար պատասխանատու սննդանյութերի վերաբերյալ։

Մինչ օգտակար սննդանյութերին անդրադառնալը, նշենք, որ մաշկի վրա խիստ բացասաբար են ազդում ռաֆինացված շաքար, վերամշակված ֆրուկտոզա, տրանս-ճարպեր, արհեստական հավելումներ պարունակող մթերքները, կարծում ենք՝ ավելորդ է խոսել նաև ալկոհոլի չարաշահման մասին, որն առողջ, փայլուն մաշկի «թշնամին» է համարվում։

Օմեգա-3 կիսաչհագեցած ճարպաթթուներ՝ գեղեցիկ ու հարթ մաշկի համար

Եթե ցանկանում եք բարելավել մաշկի վիճակը, ապա համոզվեք՝ օգտագործո՞ւմ եք արդյոք բավարար քանակով օմեգա-3 ճարպաթթուներ պարունակող սնունդ։ Կենդանական ծագման օմեգա-3 ճարպաթթուների առաջնային աղբյուր են համարվում որոշ ձկնատեսակներ, ինչպիսիք են Ալյասկայի սաղմոնը, յուղոտ մանր ձկները՝ սարդինա, անձրուկ (անչոուս), որոնք, ցավոք սրտի, այնքան էլ տարածված չեն Հայաստանում, սակայն մեր երկրում հասանելի են նաև այդ ձկնատեսակների պահածոյացված տարբերակները, ինչպես նաև օմեգա-3 պարունակող շատ այլ մթերքներ։

Կենդանական ծագման օմեգա-3-ի սննդային հավելումները նույնպես լավ տարբերակ են, օրինակ՝ կրիլի կամ Ալյասկայի վայրի սաղմոնի յուղը։ Դրանք նաև բնական աստաքսանտին են պարունակում, որը պաշտպանում է մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթումից առաջացած վնասվածքներից։

Օգտակար ճարպաթթուներով հագեցած մթերքներ են ձիթապտուղն ու ձիթապտղի յուղը, կոկոսի յուղը, ընկույզները։ Առողջարար ճարպաթթուներով չափազանց հարուստ են մակադամիա և պեկան տեսակի ընկույզները, բրազիլական ընկույզը, որը նաև սելեն հանքանյութի շատ լավ աղբյուր է․ սելենը, ինչպես հայտնի է, պաշտպանում է մաշկը արևի ճառագայթների բացասական ազդեցությունից և տարիքային բծերի առաջացումից։ Բրազիլական 3-4 ընկույզը սելենի օրական նորմայի 4 չափաբաժին է պարունակում։

Ավելի շատ բանջարեղեն՝ փայլուն մաշկի համար

Առողջ և փայլուն մաշկ ունենալու համար շատ կարևոր է թարմ բանջարենի օգտագործումը։ Բանջարեղենը մեծ քանակությամբ ջուր և սննդանյութեր է պարունակում, բանջարեղենն անհրաժեշտ է օրգանիզմի դետոքսիկացիոն գործառույթների արդյունավետ իրականացման համար։

Օրինակ՝ լյարդի առողջ գործառույթի իրականացմանը նպաստում է մուգ կանաչ բանջարեղենը՝ սպանախը, բրոկոլին և այլն։ Սակայն սննդանյութերի ու հակաօքսիդանտների անհրաժեշտ քանակը ստանալու համար պետք է հարստացնել սննդակարգը տարբեր գույների բանջարեղենով։

Նարնջագույն և կարմիր գույն ունեցող բանջարեղենի տեսակները, ինչպիսիք են գազարը, դդումը, կարմիր պղպեղը կամ քաղցր կարտոֆիլը, շատ հարուստ են բետա-կարոտինով, որն օրգանիզմի կողմից A վիտամինի է վերածվում, որն էլ կանխում է բջիջների վնասումն ու վաղաժամ ծերացումը։ Վիտամին A-ով հարուստ են նաև սպանախն ու կանաչեղենի այլ տեսակները․ դրանք նաև լյուտեին և զեաքսանտին հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք բարենպաստ են անդրադառնում ինչպես աչքերի, այնպես էլ մաշկի վիճակի վրա։

Վիտամին C-ն՝ մաշկի առաձգականության և մաքրության համար

Վիտամին C-ն օգնում է օրգանիզմում կոլագենի արտադրմանը․ կոլագենը մաշկի «շինանյութ» համարվող սպիտակուց է։ Կոլագենի քայքայումը կարող է մաշկի թուլացման պատճառ դառնալ, իսկ վիտամին C-ն օգնում է այն կրկին առաձգական դարձնել։ Այս վիտամինի շնորհիվ մաշկը նաև ավելի շուտ է լավանում, երբ առաջանում են մաշկային խնդիրներ, վնասվածքներ և այլն։

Վիտամին С-ով հարուստ մթերքներ են ցիտրուսայինները, կիվին, կարմիր պղպեղը, մասուրը, բրոկոլին, բրյուսելյան կաղամբը և այլն։

Կանաչ թեյն ու շոկոլադը՝ մաշկի առողջության, վաղաժամ ծերացման կանխարգելման համար

Բավարար քանակով հեղուկների ընդունումը կենսական անհրաժեշտություն է ողջ օրգանիզմի համար, իսկ մաշկի համար՝ առավել ևս, քանի որ օրգանիզմի «չորությունն» անմիջապես արտացոլվում է մաշկի վրա՝ կնճիռների, թեփոտման և ոչ այնքան հաճելի այլ դրսևորումների տեսքով։

Առողջ, գեղեցիկ ու էներգիայով լի մաշկի համար հարկավոր է մաքուր ջուր խմել՝ անսալով օրգանիզմի պահանջին, ինչպես նաև չմոռանալ կանաչ թեյի մասին, որը А, D, Е, С, В, В5, Н, К վիտամինների, հակաօքսիդանտների, մաշկի համար շատ կարևոր հանքանյութերի՝ մանգան, քրոմ, ցինկ, սելեն, հարուստ աղբյուր է։ Կանաչ թեյը գալլաթ էպիգալոկատեխին հակաօքսիդանտի մեծ քանակություն է պարունակում․ այս կատեխինը շատ ավելի հզոր է С և Е վիտամիններից․ այն ունակ է կանխարգելելու ուլտրամանուշակագույն ճառագայթման հետևանքով առաջացած մաշկի բջիջների վնասվածքները։

Կանաչ թեյի օգտակարությունն ավելացնելու համար բաժակի մեւ մի քիչ կիտրոնի հյութ ավելացրեք, քանի որ հետազոտությունները ցույց են տվել, որ վիտամին C-ն բարձրացնում է կատեխինների կենսահասանելիությունը։

Արժեքավոր հակաօքսիդանտների մեկ այլ աղբյուր է մուգ շոկոլադը։ Մասնավորապես կակաոյի ֆլավոնոիդները բարելավում են արյան շրջանառությունն ու ապահովում մաշկի հարթ, խոնավացված վիճակը, սակայն պետք է հաշվի առնել, որ մաշկի համար օգտակար է 70 և ավելի բարձր տոկոսի կակաո պարունակող շոկոլադը։

Մաշկի համար օգտակար մթերքների մեկ այլ խումբը, որն արժանի է ուշադրության, ֆերմենտացված մթերքներն են (կաթնաթթվային կուլտուրաներ՝ մածուն, նարինե, յոգուրտ և այլն, ֆերմենտացված բանջարեղեն և այլն), որոնք նպաստում են աղիներում օգտակար բակտերիաների աճին, աղիքային միկրոֆլորայի բարելավմանը, խթանում առողջ մարսողությունն ու իմունային գործառույթները։ Ինչպես հայտնի է, աղեստամոքսային համակարգի վիճակը լրջորեն անդրադառնում է մաշկի վրա, և գեղեցիկ, առողջ և հարթ մաշկ ունենալու մասին պետք է առաջին հերթին հոգալ «ներսից»՝ օրգանիզմը սնուցելով սննդային արժեքավոր նյութերով, որոնք այնքան շռայլորեն ստեղծել է բնությունը՝ դրանք զետեղելով անգամ ամենամատչելի մթերքների կազմում։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30