«Մենք պահանջում էինք, որ մեր երեխաներին Արցախից բերեն Հայաստան, բայց նախարարն ասեց, որ դա հնարավոր չի, որովհետեւ եթե մեր բանակն Արցախից դուրս գա, հնարավոր է եւ կռիվ լինի։ Մնաց արձակուրդի հարցը։ Այն երեխաները, որոնք կռվին մասնակցել են, գան արձակուրդ, տեղափոխվեն Հայաստանում ծառայողներով։ Դա կլինի ամսի 1-ից սկսած»,- լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարարի հետ հանդիպման մանրամասները պատմեցին ժամկետային զինծառայողների ծնողները։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ընդունել էր ժամկետային զինծառայողների 15 ծնողների:
Ծնողները դժգոհ էին, ասում էին, որ իրենց պահանջը չի բավարարվել. «Ասում ենք` լավ, գոնե անվտանգությունը երաշխավորում եք, երաշխավորում եք, որ դիվերսիան չի մտնի նորից նրանց վերցնի, ասեց` 100 տոկոսով վստահ ենք, անվտանգությունն ապահովված է։ Բայց դուք վստա ՞հ եք, ժողովուրդ ջան։ Լավ, նախարարին, վարչապետին վստահենք, բայց թուրքի վրա վստա՞հ ենք, ոնց կարա գարանտ կանգնի մեզ ՊՆ նախարարը»։
Հարցին, թե ինչ քայլեր եք ձեռնարկելու` ծնողներից մեկը պատասխանեց, որ պատրաստ են իրենց երեխաներին գնալ ու այնտեղից բերել, անգամ եթե 9-10 տարի դատեն իրենց. «Ասում է` դա ոչ մի բանի չի տանի, ավելի վատ։ Մենք դրան էլ ենք պատրաստ»:
Կարդացեք նաև
Ծնողները նաեւ բողոքում էին, որ իրենց որդիները ավտոմատը ձեռքից դրել, հիմա էլ բահն են վերցրել ու խրամատ են փորում, հարցադրումներ էին անում, թե մենք զինվո՞ր ենք տվել, թե՞ շինարար։ Նախարարությունից ասել են, որ դա զինվորի պարտականությունն է։ Իսկ երբ ծնողները ՊՆ նախարարին սպառնացել են, թե մենք այլ քայլերի կդիմենք, նախարարը պատասխանել է` դրանով մեզ չեք կարող վախեցնել։
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ