«Արցախում զինվորները գոյատեւում են անմարդկային պայմաններում: Կոտրված ապակիներով դպրոցների շենքերում ձմռանը հնարավոր չէ գոյատեւել: Զինվորների առողջությունը րոպե առ րոպե վատթարանում է»,- ՀՀ պաշտպանական գերատեսչության առաջ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ժամկետային զինծառայողի ծնող Արմինե Ավագյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս պահին հանդիպում է ժամկետային զինծառայողների 15 ծնողների հետ:
Հիշեցնենք, որ ծնողներն այսօր պահանջագիր հանձնեցին գործադիրին, ապա հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանի հետ, որը խոստացել էր ՊՆ-ում հանդիպում ապահովել: Ծնողները պահանջում են Արցախում այժմ ծառայող զինվորներին ժամ առաջ տեղափոխել ՀՀ՝ ծառայությունը հայաստանյան զորամասերում ավելի նպաստավոր պայմաններում իրականացնելու համար:
Արմինե Ավագյանը նշեց. «Արցախում 18:00-ից հետո անտառային ճանապարհներին ռուս խաղաղապահները ոչ մի հսկողություն չեն անում: Դա նորից խոսում է այն մասին, որ մեր երեխաները վտանգված են: Ցանկացած ադրբեջանցի ռուս խաղաղապահի համազգեստով եւ հայերեն խոսելով՝ կարող է վնասել հայ զինվորներին: Օրեր առաջ Արցախում եմ գիշերել: Սպաները խորհուրդ էին տալիս ամեն պահի լինել ուշիմ, որովհետեւ ցանկացած բան կարող է լինել: Մեր երեխաները վտանգված են: Եթե կառավարությունն ու պետությունը լքել է մեր երեխաներին, մենք չենք լքելու»:
Կարդացեք նաև
Զինծառայողների պապիկներից մեկն էլ լաց լինելով ասաց, որ զինվորները 40 օր տուն չեն եկել. «Անտեր վիճակում դաշտերում են, գոնե արձակուրդ տան, հետո նորից գնան: Փրկվածներին բերեք տուն»:
Ապա Արմիեն Ավագյանը հայտարարեց, որ լուսադեմին պատրաստվում են Արցախ մեկնել եւ Արցախի կառավարության դիմաց բողոքի ցույց անել. «Մենք ապօրինի գործողությունների չենք դիմելու: Բայց մեր պահանջն է՝ պարզաբանել ՊԲ զորքերի կարգավիճակը եւ պարզաբանել, թե ինչու են մինչեւ հիմա ՀՀ քաղաքացի զինվորները գտնվում Արցախում»:
Ծնողները բողոքեցին նաեւ ՊՆ թեժ գծի աշխատողներից, որովհետեւ թեժ գծերը չեն պատասխանում, մի դեպքում էլ աշխատակիցը հեռախոսը վերցրել է եւ երբ լսել է բորբոքված ծնողի՝ «լավ ա վերցրեցիք» արտահայտությունը, անջատել է հեռախոսը: Ծնողները նաեւ ասացին, որ Արցախում գտնվող իրենց որդիներին պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերում: Մեկ այլ ծնող էլ բարձրաձայնեց, որ հայ զինվորը բահով է խրամատ փորում, իսկ քիչ այն կողմ ադրբեջանցին՝ հատուկ տեխնիկայով. «Մեր երեխաները բա դրան էին արժանի՞»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ