Ֆուտբոլի լեգենդ, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, «Պատվավոր լեգեոնի» շքանշանի ասպետ Յուրի Ջորկաեֆը Հայաստանում է, նա մեր երկիր է ժամանել ֆրանսիական պատվիրակության հետ, որը արցախահայությանը մարդասիրական օգնություն է բերել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Յուրի Ջորկաեֆին Հայաստանում բարի կամքի դեսպան է կարգել։
Լեգեդար ֆուտբոլիստն այսօր պատվիրակության այլ անդամների հետ ասուլիսի էր մասնակցում։
Պարոն Ջորկաեֆն իր խոսքում նախ զորակցություն եւ ցավակցություն հայտնեց հայ ընտանիքներին, որոնք հարազատ են կորցրել Արցախյան պատերազմում։
Նա ասաց, որ Ֆրանսիայի հայկական սփյուռքի ջանքերով հավաքագրված մարդասիրական այս օգնությունը, որը տեղափոխվել է Հայաստան՝ արցախահայության համար, ներկայացնում է հայկական սփյուռքի ուժը․ «Հակամարտության հենց առաջին օրվանից մենք մտորում էինք, թե ինչպես կարող ենք միջամտել հրադադար հաստատվելուց հետո։ Մենք մոբիլիզացրեցինք ֆրանսիական կառավարությունը, հայկական սփյուռքը, որպեսզի կարողանանք հնարավորինս արագ արձագանքել իրավիճակին։ Այսօր առաջին քայլն է արվում, որը շարունակություն կունենա։ Այս օգնությունը խորհրդանշում է Ֆրանսիայի վերաբերմունքն իր բարեկամ Հայաստանի նկատմամբ։ Մենք միշտ կլինենք ձեր կողքին, դուք մենակ չեք լինի»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ