Հինգերորդ օրն է, ինչ վարչապետին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով կառավարության շենքի առջեւ անժամկետ հացադուլ է հայտարարել ՍԴ նախկին անդամ, 73-ամյա Կիմ Բալայանը:
Հացադուլ հայտարարած մյուս քաղաքացիները Aravot.am-ին պատմեցին, որ պարոն Բալայանը, որը ռիսկային տարիքում է, սկսել է առողջության հետ խնդիրներ ունենալ, ինչն արձանագրել են շտապ օգնության բժիշկները: Պարոն Բալայանին հացադուլը դադարեցնել ամեն օր հորդորում են նրան այցելող բազմաթիվ ընկերները, քաղաքացիները, սակայն նա համառում է:
Այսօր հացադուլավորներին այցելեց նաեւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Հոգեւորականը օրհնեց Կիմ Բալայանին եւ ինքն էլ հորդորեց դադարեցնել հացադուլը: Իսկ ինքը՝ Կիմ Բալայանը, դեռ վերջնականապես չի կողմնորոշվել՝ դադարեցնի՞, թե՞ ոչ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ