Արցախում ընթացող պատերազմական գործողությունների ընթացքում Ֆրանսիան ի սկզբանե ակտիվ է եղել խնդրի կարգավորման շուրջ, բարձրացրել է սիրիացի վարձկանների դուրս բերման հարցը հակամարտության գոտուց, ինչպես նաեւ բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի հնարավոր կարգավիճակի հարցը։
Այս մասին այսօր Երեւանում հրավիրված ասուլիսին ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը, որը ֆրանսիական պատվիրակության հետ Հայաստան է ժամանել մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռով։
Պետքարտուղարը պատասխանելով հարցին, թե Ֆրանսիան քաղաքական ինչ դերակատարություն կարող է ունենալ Արցախում ստեղծված իրավիճակի հարցում, ասաց․ «Կան խնդիրներ կապված կայունության եւ անվտանգության պահպանման հետ։ Այդ պատճառով էլ հարկավոր է, որ բանակցությունները շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Այս առումով ցանկություն են հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները»։
Պարոն Լըմուանն ասաց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջինն էր, որ անդրադարձավ Թուրքիայի՝ սիրիացի վարձկաններ Լեռանային Ղարաբաղ տեղափոխելու խնդրին․ «Եվ Ֆրանսիան այս պահին Թուրքիայի կողմից կոնկրետ գործողությունների է սպասում, որպեսզի Թուրքիան վարձկաններին դուրս բերի տարածաշրջանից։ Ֆրանսիան ցանկանում է, որպեսզի իր եվրոպական գործընկերները նույնպես քննարկեն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Բնականաբար, մենք կշարունակենք հետեւողական լինել քաղաքական այս խնդիրներին, որպեսզի կարողանանք արդյունքների հասնել»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ