«Եթե մենք պետք է մեր ձայնը բարձրացնենք դեսպանատների մոտ, ապա իմ գյումրեցի ընկերներին էլ եմ կոչ անում գալ Երևան, մասնակցել դրան, այդ դեսպանատները Երևանում են: Կա 10 դեսպանատուն, որտեղ պետք է գնանք, պատրաստ պետք է լինենք չհոգնելու, առանց ջղայնանալու անենք այն գործը, որն իրոք ամենակարևորն է: Մեր արածի մեջ չկա ոչ մի քաղաքական ենթատեքստ, կա մեկ շատ կարևոր բան՝ մեր գերի ընկած տղերքի, զոհվածների ծնողները և այն ծնողները, որոնք իրենց երեխաների դիերին են այսօր սպասում, պետք է իմանան, որ միայնակ չեն մնացել մեր իշխանության հետ, այն իշխանության հետ, որն այսօր բացարձակ ոչ մի բան չի անում»,-Ազնավուրի հրապարակում մտավորականների հավաքի ժամանակ հայտարարեց պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
Մտավորականներն այսօր, հիշեցնենք, Ազնավուրի հրապարակում հավաք էին կազմակերպել: Պահանջները հետեւյալն են` ստիպել ադրբեջանական կողմին ազատել հայ գերիներին, թույլ չտալ հայ գերիների պատվազրկումը Բաքվի շքերթում, շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին: Դրանք ուղղված են միջազգային հանրությանը:
Նա կոչ արեց հետևել մտավորականների էջերին՝ տեղեկանալու համար, թե երբ ու որտեղից են սկսելու դեսպանատների մոտ գնալու ակցիան:
«Մենք հոգնել ենք թե՛ էստեղի, թե՛ էնտեղի շոուներից, մեր տղերքի կյանքը չպետք է շոուի վերածվի: Հերիք է ստատուս գրենք, ստատուսով զինվոր հետ չենք բերի, ստատուսով պատերազմ չենք հաղթում, ամեն ժամը գերկարևոր է»,- ասաց նա` հորդորելով սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին հեղեղել իրենց կառավարությունների էլեկտրոնային փոստերը նամակներով. «Հաշվեք ձեր ամեն մի նամակը մի պատրոն է, մի սաղավարտ է էդ տղերքի համար: Հերիք է` ոտանավորներ եք արտասանում, բոլորս էլ Շիրազի, Չարենցի ոտանավորները գիտենք, բայց չգիտենք՝ մեր տղերքը այնտեղ ո՞նց են: Եկեք տաս օր գործի չգնանք, ի՞նչ գործ, սա է մեր գործը: Տաս օր ամեն օր նույն օրը նույն ժամին դուրս կգանք, սկզբից 100 հոգով կքայլենք, հետո 10 հազար, մեր տղերքը հետ պիտի գան, թող մեր տղերքը հետ գան, սրանց հարցրերը հետո կլուծենք»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ