«Վերջին շաբաթների ապրած շոկի արդունքում մի շարք կարիքներ են առաջ եկել, առաջին հերթին՝ վիրավորների, իրենց բնակավայրերից տեղահանվածների եւ առաջային կարիքներ ունեցող անձանց առումով։ Եվ Ֆրանսիայի նախագահը ցանկություն է հայտնել, որպեսզի այս աջակցությունը լինի տեւական»,-այս մասին այսօր Երեւանում հրավիրված ասուլիսում ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը։
Երեկ Ֆրանսիայից Հայաստան է ժամանել արցախահայության համար մարդասիրական օգնության բեռը։
Ժան-Բատիստ Լըմուանն ասուլիսում ասաց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանձնառություն է ստանձնել միջազգային բոլոր առումներով տեւական գործողության, այդ թվում՝ ՀՀ եւ Ֆրանսիայի միջեւ բարեկամության շրջանակներում․ «Պետք է նշեմ, որ Հայաստանն ու Ֆրանսիան առանձնահատուկ բարեկամական կապերով են կապված միմյանց հետ»։
Պարոն Լըմուանի փոխանցմամբ՝ վերջին շաբաթների ընցացքում նախագահ Մակրոնը բազմաթիվ շփումներ է ունեցել վարչապետ Փաշինյանի հետ եւ առիթ է ունեցել կրկին իր հանձնառությունն արտահայտել նաեւ մյուս մասնակից անդամների հետ՝ ՌԴ նախագահ Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների հետ․«Այդ հանձնառությունը հիմնվում է տարբեր կողմերի եւ ասպեկտների վրա, դրանցից մեկն, օրինակ, վերաբերում է պատմամշակութային արժեքների եւ հոգեւոր ժառանգության պահպանմանը, որոնց մի մասը գտնվում է ադրբեջանական տարածքում։ Եվ այդ գանձերի պաշտպանության համար մենք համագործակցում ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ այլ կազմակերպությունների հետ»։
Կարդացեք նաև
Լըմուանը վստահեցրեց՝ ուսումնասիրում են նոյեմբերի 9-ին կնքած համաձայնագիրը․ «Եվ բնականաբար, փաստ է, որ այնտեղ կան կետեր, որոնք հաշվի առնված չեն, որոնց պետք է անդրադառնալ։ Դա արդեն քաղաքական կողմն է, եւ սա պետք արվի, հավանաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Պետք է նշեմ, որ երեկ հանդիպել եմ ԱԳ նախարարին, եւ այսօր էլ մեր ամբողջ պատվիրակության հետ միասին հանդիպել եմ վարչապետ Փաշինյանի հետ, քննարկել ենք այս բոլոր հարցերը»։
Ինչ վերաբերում է մարդասիրական օգնությանը, պետքարտուղարն ասաց, որ երեկ Հայաստան հասած բեռը 25 տոննա է, որը ներառոմ է տարբեր մադասիրական, բժշկական օգնություն, եւ այս գործում ներգրավված են Ֆրանսիայում գործող տարբեր հիմնադրամներ, այդ թվում՝ Ազնավուր հիմնադրամը, ասոցիացիաներ, ՏԻՄ-եր, գործընթացում մոբիլիզացվել է նաեւ «Էլեկտրիկներ առանց սահմանների» մարդասիրական կազմակերպությունը, իսկ ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը, որը ներկա է ասուլիսին, ստանձնել է բարի կամքի դեսպանի առաքելությունը։
«Այս մոբիլիզացիան ինձ հիշեցնում է է 1988 թվականը՝ Հայաստանը ցնցած երկրաշարժը, եւ կարող եմ ասել, ինչպես այն ժամանակ գրված հայտնի երգում է ասվում, դժոխքից հետո կենաց ծառը կծաղկի»։
Ասուլիսին ներկա ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն էլ նշեց՝ պետքարտուղարը ՀՀ-ում է արդեն չորրորդ անգամ, նա Հայաստան էր այցելել 2018-ին, երբ դա Հայաստանի համար երջանիկ տարի էր, այսօր նա կրկին Հայաստանում է, այն պահին, երբ Հայաստանը ծանր ժամանակներ է ապրում։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ