Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես տանել չեմ կարողանում հեղափոխությունները». Դավիթ Հակոբյան

Նոյեմբեր 28,2020 17:54

«Ես տանել չեմ կարողանում հեղափոխությունները, ատում եմ բոլոր հեղափոխություները, որովհետև ես խորապես համոզված եմ, որ Դոստոևսկին երիցս ճիշտ էր, երբ ասում էր. «Անիմաստ է  նույնիսկ ամենաառաջադիմական հեղափոխությունը, եթե դրա պատճառով թափվել է գոնե մեկ երեխայի արյուն»,- այսօր Ազնավուրի հրապարակում մտավորականների հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց դերասան, բեմադրիչ Դավիթ Հակոբյանը` հավելելով, որ իր համար անընդունելի է, երբ ամեն նոր եկածը քանդում է եւ փորձում է  «նոր տուն կառուցել, բայց այդպես չի լինում, չի էլ եղել երբեւէ»։

Մտավորականներն այսօր, հիշեցնենք, Ազնավուրի հրապարակում հավաք էին կազմակերպել: Պահանջները հետեւյալն են` ստիպել ադրբեջանական կողմին ազատել հայ գերիներին, թույլ չտալ հայ գերիների պատվազրկումը Բաքվի շքերթում, շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին: Դրանք ուղղված են միջազգային հանրությանը:

Ըստ Դավիթ Հակոբյանի, Անգլիան բոլոր ժողովուրդների «գլխին հեղափոխություն է փաթաթում», բայց իր երկրում երբեք հեղափոխություն չարեց. «Մեկ անգամ Կրոմվելը փորձեց ինչ-որ բան անել, խեղդեցին ու ասացին՝ այլեւս մոռացեք: Ոչինչ չկործանեցին, պահպանեցին եւ իրենց իշխանությունը, եւ պառլամենտը: Անգլիան այսօր ամենաառաջադեմ երկրներից մեկն է եւ տիրում է աշխարհին, որովհետեւ նա 10, 5 տարին մեկ չի քանդում եւ նորից զրոյից սկսում, նա պահպանողական առաջադիմությամբ է զբաղված»:

Դերասանի գնահատմամբ` այսօր շատերը զզվում են իրենց ինքնությունից, ավելին, հայտարարում են` «այդ ի՞նչ պարեր եք պարում, այդ քրչոտ, գոմոտ պարերը»։

«Իմ պարը դա է, այ քեզի բան… բա ո՞ւմ պարը պարեմ, ո՞ւմը։ Այ, մենք սկսեցինք ուրիշի պարը պարել, ամեն ինչով ուրիշինը, ընդօրինակեցինք նրանը, այն մեկինը, մոռանալով, թե մենք ով ենք։ Այսօրվա խնդիրները սկսվել են 1918 թվականից, երբ մեծ իմաստնություն չունեցանք պահպանելու մեր 64 հազար քառակուսի կիլոմետր տարածքը։ Ադրբեջանը մեկ գիշերով դարձավ բոլշեւիկ, քանի որ հասկացավ, որ այդ ուժը չունի, որ կանգնի բոլշեւիկների դեմ։ Մենք` չէ, մենք կռվեցինք մինչեւ վերջ, եկանք հասանք 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա, ասացինք՝ չէ, չենք կարող, նոր հասկացանք, որ չենք կարող։ Աշխարհում ամենակարեւոր բանը ձեւն է. եկեղեցու ձեւը հանեք, այն անիմաստ կդառնա: Այն, ինչ շատերն ասում են` եկեղեցու գաղափարն է հետաքրքիր, գաղափարը ես եմ, իմ մեջ է գաղափարը, ես չպետք է գնամ եկեղեցի, որ այդ գաղափարին տիրանամ։ Այսօր էլ գաղափարը հաղթել է, բայց հպարտորեն պարտվել ենք։ Ես խորապես համոզված եմ, որ մենք ռազմի դաշտում չենք պարտվել, պարտվել է քաղաքական էլիտան, ռազմաքաղաքական էլիտան»,- ասաց Դավիթ Հակոբանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30