«Այնքան բարձր է, շատ է ցասումս, վրդովմունքս, հուզմունքս, ցավս, կորուստս, այնքան եմ ընկճված, այնքան եմ փոքրացած, այնքան եմ ստորացված ու այնքան եմ հավասարվել, որ չեմ կարողանում ասել ամենակարևորը»,- այսօր Ազնավուրի հրապարակում լրագրողների հետ զրույցում արցունքները մի կերպ զսպելով իր զգացմունքներն էր փորձում արտահայտել ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Էմմա Պետրոսյանը:
Մտավորականներն այսօր, հիշեցնենք, Ազնավուրի հրապարակում հավաք էին կազմակերպել: Պահանջները հետեւյալն են`ստիպել ադրբեջանական կողմին ազատել հայ գերիներին, թույլ չտալ հայ գերիների պատվազրկումը Բաքվի շքերթում, շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին: Դրանք ուղղված են միջազգային հանրությանը:
«Գուցե ուշ միացանք, չգիտեմ, որովհետև մենք էլ բոլորս ինչ-որ կորսված իրավիճակում ենք, մեզանից որևէ մեկը չի հասկանում՝ ինչպե՞ս կատարվեց, էդ ո՞նց կատարվեց, ի՞նչ սյուժեով զարգացավ այս ամենը: Վերջին 2.5 տարիները էս ի՞նչ եղավ և ի՞նչ նպատակի համար էր էս ամենը: Ինչպե՞ս կարող է մի մարդ բղավել՝ «իմ սիրելի ժողովուրդ», և հետո, շատ կարճ ժամանակ հետո այսպես վարվել: Ես ուզում եմ հասկանալ՝ «ազնվություն», «պարտավորություն», «հայրենիք», «հայ», «ժողովուրդ», ասող մարդն ինչպե՞ս կարող էր այդպես վարվել, ինչպե՞ս: Ամեն ինչ կարելի է հասկանալ, բայց սա դուրս է բոլոր տեսակի… հասկացվածության եզր նույնիսկ չունի: Ես պահանջում եմ «ինչու»-ների պատասխանը»,- ասաց Էմմա Պետրոսյանը:
«Ցավս բոլոր կորած մարդիկ են, որոնք գնացին մեր հայրենիքը պաշտպանելու, էս մտքերի, էս ոգու, էս ամենի առաջ էսօր մենք չգիտենք՝ ի՞նչ պիտի պատասխանենք, չգիտենք՝ որտե՞ղ պիտի փնտրենք իրենց: Ես խնդրում եմ, բոլոր օրերին խնդրել եմ, աղերսում եմ բոլոր դիվանագիտական կազմակերպություններին, դեսպանատներին, մի՛ վարվեք հայ ժողովրդի հետ այսպես, սա անբարոյականություն է, խնդրում եմ, ծնկաչոք աղերսում եմ: Մենք պետք է կարողանանք բարձրաձայնել ճշմարտությունը, բարձրաձայնենք բոլոր այն կեղծիքների, այն սուտ խոսացողների և բոլոր այն սխալների մասին, որոնք կատարվել են առաջին օրվանից, մինչև այսօր: Կարծում եմ, հավատում եմ, որ մեր այսօրվա հավաքը մի բան տեղից կշարժի, եթե չհավատամ, ուրեմն մեռել եմ»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ