Լրահոս
Օրվա լրահոսը

Գործադիրում ընդունեցին զինվորների ծնողներին. խոստացել են ՊՆ-ում հանդիպում ապահովել եւ ոչ միայն

Նոյեմբեր 28,2020 17:00

Արցախում ժամկետային ծառայություն անցնող զինվորների ծնողներին այսօր կառավարությունում ընդունեցին: Հիշեցնենք, որ նրանք պահանջագիր հանձնեցին գործադիրին. ըստ ծնողների՝ վարչապետը մինչեւ ամսի երեսունը ժամանակ է խնդրել, իսկ իրենք պահանջում են Արցախում այժմ ծառայող զինվորներին ժամ առաջ տեղափոխել ՀՀ՝ ծառայությունը հայաստանյան զորամասերում ավելի նպաստավոր պայմաններում իրականացնելու համար:

Ծնողներից մեկը լրագրողներին հայտնեց, որ իրենց ընդունել է վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը: «Իրենք որոշել են, որ մեր երեխաները դեռ պետք է ծառայեն այնտեղ: Այսինքն, սրանից հետո էլ են մեր տղաները գնալու Արցախ՝ ծառայելու համար: GPS-ով է, թե ինչով է, տարածքները որ գծվում են, մեր երեխաները պետք է գնան այդ տարածքներ՝ ծառայության: Միայն կարող են ՀՀ բերել տասը օրվա արձակուրդի ձեւով: Ասացի, որ ամսի տասից զինադադար է, բայց ե՞րբ վերջապես կորոշեն բերել մեր տղաներին»,-հարցադրում արեց նա:

Ծնողի խոսքով՝ Մանե Գեւորգյանը հորդորել է սպասել, որովհետեւ պաշտպանության նախարարը խորհրդակցության է եւ ավարտից հետո կարող է ընդունել ծնողներին:

Մեկ այլ ծնող էլ ասաց. «Մանե Գեւորգյանն ինչպես երեկ, այնպես էլ այսօր ասաց, որ տղաները պետք է ծառայությունը շարունակեն նույն ընթացակարգով՝ որպես Արցախ զորակոչվածներ: Ասաց, որ բավականին քայլեր են ձեռնարկվում: Գոնե իրենց բուժզննումն ու սննդի հարցը կարգավորեն: Մանե Գեւորգյանին խնդրեցինք ՊՆ-ից որեւէ լիազորված անձի ներկայություն ապահովել: Ամեն ինչ չենք կարող Մանեից պահանջել: Մանեն խոստացավ, որ ՊՆ ներկայացուցչից կպահանջի մեր հետ հանդիպում անել: Մանեն նաեւ վստահեցրեց, որ դիերը հավաքելու գործառույթից մեր զինվորներն ազատված են: Դա ինձ համար՝ որպես զինվորի մայր, շատ կարեւոր է: Մեզ խոստացան, որ ՊՆ-ից որեւէ պաշտոնյա կտա մեր հարցերի պատասխանները»:

Ծնողի փոխանցմամբ՝ Մանե Գեւորգյանը նաեւ պարզաբանել է՝ հայկական զորքերը դուրս են բերվել միայն Ադրբեջանին հանձնված տարածքներից, իսկ հայկական կողմի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում զինծառայողները շարունակում են պարտականությունների կատարումը: Մեկ այլ ծնող էլ հայտարարեց, որ լուսաբացին անձնական ավտոմեքենաներով շարժվելու են Արցախ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30