Դերասան Վարդան Պետրոսյանն, որն այսօր Ազնավուրի հրապարակում մասնակցում էր մտավորականների հավաքին, չի հուսահատվել, որ հավաքը մարդաշատ չէր: Նա վստահ է, որ մարդիկ դեռ կշատանան, քանի որ այն պահանջները, որոնք դրվում են, իբրեւ մարդ, շատերն են սատարելու:
Պահանջները հիշեցնենք, հետեւյալն են` ստիպել ադրբեջանական կողմին ազատել հայ գերիներին, թույլ չտալ հայ գերիների պատվազրկումը Բաքվի շքերթում, շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին: Դրանք ուղղված են միջազգային հանրությանը:
Ներքաղաքական, ներհասարակական իրավիճակին, պարտության պատասխանատուներին, գնահատականներ Վարդան Պետրոսյանը չի տալիս՝ ասում է` լավ տեղեկացված չլինելու պատճառով: Բայց որ հասարակության ներսում պառակտում կա եւ դա ամենավտանգավոր բաներից է համարում, միանշանակ է: Վարդան Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ խուսափում է պառակտման սկզբնաղբյուրների մասին խոսել, քանի որ այդ հարցը լուրջ վերլուծություն է պահանջում:
«Ամենավտանգավոր պահը այս պահին մեղավոր փնտրելն է: Պառակտումը շատ վտանգավոր բան է: Պարտությունից հետո այդպես լինում է…»,- ասաց նա` հիշելով մի ֆիլմ, որում ներկայացվում են Երկրորդ համաշխարհայինում Ճապոնիայի պարտությունը եւ դրանից հետո կայսրը խոսում է, ու բոլորը լուռ լալիս են… կայսրը ներողություն է խնդրում իր ժողովրդից, որ այդպես ստացվեց եւ ինքը չկարողացավ պաշտպանել իր ժողովրդին:
Կարդացեք նաև
Դերասանը նկատում է, որ Ճապոնիան վերապրեց այդ պարտությունն ու տառապանքը եւ մի քանի տասնյակ տարի անց դարձավ աշխարհի ամենաառաջադեմ երկրներից մեկը: «Պարտվելու ժամանակ իրար մի մեղադրեք, բոլորս էլ պարտված ենք եւ բոլորս էլ ցավ ենք զգում դրա համար»,- ասաց նա` հետագա հարցերին ի պատասխան չհերքելով, որ պարտության թիվ մեկ պատասխանատուն իշխաությունն է:
«Մենք մեծագույն թշնամի ունենք` մեր ներքին պառակտված միտքն է` ֆեյսբուքներով, համացանցում, ինտերներտով արտահայտված: Երբ մեկը մի կարծիք է հայտնում, Սովետաշենի հաչող շների պես հարձակվում են վրան եւ բզիկ-բզիկ են անում: Այս պարագայում մարդու միտքը սկսում է չաշխատել: Մարդ արդեն վախենում է ինչ-որ բա ասել: Պատերազմի ամբողջ ընթացքում այդ հակասական մտքերը, հակասական տրամադրությունները: Ի դեպ, հիմա էլ: Սա էլ կոտրում է ժողովրդի միսնականությունը»,- ասաց Վարդան Պետրոսյանը: Նրա գնահատմամբ, այսպիսի դաժան կապիտուլյացիայից հետո, երբ տեսնում ես, թե մարդիկ ինչի մասին են խոսում, ինչեր են ասում` ավելի վատին ես սկսում պատրաստվել:
«Մենք պարտավոր ենք ապրել, հիշել, որ շատ ավելի ծանր պահեր ենք ապրել, կարողացել է ցավը հաղթել, մեկ անգամ եւս պետք է հաղթել ցավը եւ առաջ գնալ: Փոխադարձ հայհոյանքներով, ցավը խորացնելով դա անել չենք կարող: Ճշմարտությունը պետք է ասել եւ ճշմարտությունն ասելու ձեւ կա»,- ասաց դերասանը:
«Մենք ապրում ենք մի սարսափելի պատմական ժամանակահատված, և այնպիսի ազգային միասնություն, որ հիմա մեզ պետք է, երևի չենք ունեցել ոչ մի ժամանակ։ Մտավորականները, հասարակությունը, բոլորը պիտի միանան: Նույնիսկ նրանք, որոնք ինչ-որ ժամանակ մոլորված են եղել, թյուրիմացության մեջ են եղել, որպեսզի հետո կարողանանք լուծել մեր առջև չոքած խնդիրները։ Առաջին հերթին պետք է զբաղվել մեր գերիների վերադարձով, որ մեր գերիներին հանկարծ չփորձեն նվաստացնել իրենց շքերթներով։ Պետք է սթափվել, ուշքի գալ»,- ասաց դերասան Արա Դեղտրիկյանը։
«Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր եւ սցենարիստ Մհեր Մկրտչյանը կոչ արեց` վաղը հարյուր հազարավորներով դուրս գալ փողոց եւ ապացուցել, որ ազգ ենք:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ